Ուրախ եւ տխուր հոբելյան «Ես շատ լավ եմ զգում, որ այսօր միայն ընդդիմադիրներն են այստեղ, թե չէ հաստատ ինչ-որ բան կպղծվեր»,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում հավաքված իր «սեղանակիցներին» երեկ հայտնեց ԺՀԿ նախկին անդամ Գագիկ Ներսիսյանը։ Ընդդիմադիրների հերթական հավաքի առիթը ե՛ւ ուրախ էր, ե՛ւ տխուր. նրանք նշում էին «ԺՀ» կուսակցության հիմնադիր Էդուարդ Եգորյանի 49-ամյակը։ «Եթե այսօր նա մեզ հետ լիներ, վստահ եմ՝ մենք կունենայինք մի միասնական ծրագիր»,- շարունակեց Գ. Ներսիսյանը։ Այդ միտքն ակներեւաբար դուր չեկավ Էդ. Եգորյանի հիշատակը հարգելու եկած մյուս ընդդիմադիրներին, երբ Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ) փորձեց արտահայտել մի հավաքական կարծիք. «Եգորը որ լիներ, կասեր, որ կա էդ ծրագիրը՝ դա սահմանադրական եղանակով իշխանություն ձեւավորելն է ու մեր խնդիրը պետք է լինի իրականացնել նրա կիսատ գործը»։ Որպես առաջին կիսատ գործ, ներկաներն, անշուշտ, նշեցին Էդ. Եգորյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծված ՀՀ Սահմանադրությունը, «որն այսօր չի կիրառվում եւ մեր պարտքն է կյանքի կոչել այն»։ Վահագն Խաչատրյանի (ՀՀՇ) արտահայտությամբ, «իր երազած պետությունը նա տեսել է իր կազմած Սահմանադրության մեջ», նաեւ՝ «ես ընդամենը 3-4 ամսվա խնդիր եմ համարում այդ երազանքի կատարումը»։ Խոսքն, անկասկած, վերաբերում էր առաջիկա ընտրություններին։ Էդուարդ Եգորյանի համախոհները հիշեցին նրա սովորույթները, բնավորությունը, նաեւ, թե ինչպիսի ընկեր ու քաղաքական գործիչ էր նա։ «Էդիկը խոշոր ընդդիմադիր էր, բայց նաեւ խիստ պետականամետ գործիչ, անձերի հանդեպ ունեցած գաղափարական հակասությունը չէր խանգարում, որ համագործակցեր նրանց հետ՝ հանուն պետության շահերի»,- նշեց Գագիկ Ներսիսյանը։ Արամ Սարգսյանը (ՀԿ) Եգորյանին համարեց «Հայաստանի ամենակայացած գործիչներից մեկը», Վահագն Խաչատրյանը՝ «բանավիճելու համար շատ դժվար մարդ, որ բարձր գիտելիքներ ուներ», Դավիթ Շահնազարյանը (ՀՀՇ)՝ «պետական մտածողություն ունեցող» եւ այսպես շարունակ. ով ինչպես տեսել, շփվել եւ ինչպիսին գիտեր Էդուարդ Եգորյանին։ Աշոտ Բլեյանն էլ («Նոր ուղի») ցավով նշեց, որ ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի հիմնական հեղինակներից մեկի ծննդյան օրը նշվում է միայն ընկերների եւ միայն կուսակիցների մակարդակով, ու որ «մենք պիտի խոստանանք, որ մյուս տարի նրա 50-ամյակն անպայման նշվի պետական մակարդակով»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ