ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ Բլեդում ընթացող շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադան աստիճանաբար մոտենում է եզրագծին։ Եվ որքան քիչ պարտիաներ են մնում, այնքան թիմերի միջեւ պայքարը սրվում է ու դառնում ավելի հետաքրքիր։ Հաջող մեկնարկից հետո Հայաստանի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց հավաքականները սկզբում ընթանում էին առաջատարների շարքերում, այնուհետեւ մի փոքր թուլացրին իրենց խաղը ու այժմ մրցաշարային աղյուսակում տեղ են զբաղեցնում երկրորդ տասնյակում։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 141, իսկ կանանց պայքարին՝ 91 երկիր, այս ցուցանիշը ինչ-որ չափով բավարար կարելի է համարել։ Թեեւ, անկեղծ ասած, օլիմպիադայի մեկնարկից առաջ մասնագետները մեր հանրապետության տղամարդկանց հավաքականը դասում էին մեդալների համար պայքարող թիմերի շարքը։ Բայց սա չի նշանակում, թե նրանք այլեւս կորցրել են եռյակ մտնելու բոլոր հնարավորությունները։ Պարզապես, վերջին տուրերում պահանջվում է կենտրոնանալ, լարել բոլոր ուժերը եւ հնարավորին չափ մեծ հաշվով առավելության հասնել ապագա մրցակիցների նկատմամբ, մի բան, որ, դժվար լինելով հանդերձ, մեր տղաների ուժերի սահմանում է։ 8-րդ տուրում Չեխիային անակնկալ զիջելուց հետո, 9-րդում հայ շախմատիստները ոչ-ոքի արեցին Նիդեռլանդների հետ։ Մեր բոլոր տղաները՝ Հակոբյանը, Լպուտյանը, Ասրյանը եւ Սարգսյանը մրցակիցներին հրաժեշտ տվեցին խաղաղասիրաբար։ Ինը տուրում վաստակելով 22 միավոր, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15-րդ տեղում է։ Երեկ՝ 10-րդ տուրում մեր ընտրանին ուժերը չափելու էր նույնքան միավոր վաստակած Շվեդիայի թիմի հետ։ Ինչ վերաբերում է մեր աղջիկներին, Դանիելյան-Մկրտչյան-Հլղաթյան եռյակը 8-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց լիտվուհիների հետ։ Ընդ որում, Էլինան բաժանեց միավորը, Լիլիթը հաղթանակ տոնեց, իսկ Գոհարը ստիպված ընդունեց իր պարտությունը։ Հաջորդ օրը Հլղաթյանին փոխարինեց Գալոյանը, որն Իրանի դեմ մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանի հետ միասին հաղթանակ բերեց մեր թիմին (2.0-1.0)։ Ցավոք, այս անգամ ձեռնունայն մնաց Դանիելյանը։ Երեկ մեր աղջիկների մրցակիցը Խորվաթիայի հավաքականն էր։ 9 տուրից հետո Հայաստանի աղջիկները 16 միավորով Ռումինիայի եւ Իսպանիայի հետ բաժանում են 17-19-րդ հորիզոնականները։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ