ՄԵՆՔ ԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՎԿԱՆԵՐԸ Վկաների գործունեությունը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով։ Ըստ այդ օրենսգրքերի, յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին։ Նա դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր։ Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունք տալ, պատասխանել դատավարության մասնակից-կողմերի, դատավորի հարցերին։ Ավելորդ չէ հիշեցնել, որ վկան մինչեւ հարցաքննվելը նախազգուշացվում է «ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»։ Ըստ դատարանի ուղարկած ծանուցագրի, վկան պարտավոր է ներկայանալ դատարան։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան դատարաններում, ինչո՞ւ շատ հաճախ չի գործում վկայի ինստիտուտը, ի՞նչ պահվածք են դրսեւորում նրանք եւ ինչի՞ արդյունք է դա, գործնականում արդարադատության իրականացման ճանապարհին ի՞նչ կորցրինք եւ ի՞նչ գտանք։ Ի՞նչ է տեղի ունենում դատարաններում, ինչո՞ւ վկաներին ուղարկած ծանուցագրերը «տեղ չեն հասնում», ինչո՞ւ է վկան ընտրում «արտագաղթի» ճանապարհը։ Ինչո՞ւ բերման որոշումները չեն կատարվում կամ կատարման հետեւյալ մեխանիզմն է գործում. իքս վկան տվյալ հասցեում չի բնակվում եւ նախաքննությունից հետո «դարձել» է նոր բնակարանատեր։ Այս վկաների մեծ մասին անվանում են «կեղծ վկաներ», որովհետեւ նրանք ամեն ինչ անում են դատարան չներկայանալու համար, քանզի նախապես երաշխավորվել են. չներկայանալու եւ չհայտնաբերվելու արդյունքում կընթերցվեն-կհրապարակվեն այն ցուցմունքները, որոնք վկան տվել է նախաքննության մարմնին եւ որը դատարանում ձեռնտու է մեղադրանքի կողմին։ Ինչո՞ւ վկայի ինստիտուտը չի գործում։ Մեր դիտարկումների արդյունքում առկա են հետեւյալ պատճառաբանությունները. 1) վկաները ահաբեկված են, 2) վկան կեղծ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում, 3) վկաները տեսակավորված են «մերոնքականի», «ձերոնքականի», «էլիտարի»։ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացած (Արթուր Պարսամյանի սպանության գործով) դատավարության ժամանակ վկա Միսաք Հարությունյանը ԱՄՆ դեսպանատնից ապաստան խնդրեց։ Վկան, ըստ պաշտպանական կողմի, արժանահավատ ցուցմունքներ էր տվել, իսկ ահա մեղադրող Ա. Երիցյանի կարծիքով, «արժանահավատ պետք էր դիտել նրա նախաքննական ցուցմունքը, որը չէր հակադրվել գործի փաստական տվյալների հետ»։ Այս վկայի համար միջնորդվեց… քրեական գործ հարուցելը։ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Վաչիկ Մկրտչյանի սպանության գործը։ Այստեղ «խաղեր» տվեցին անչափահաս վկաներ Ներսես Ավետիսյանն ու Արտակ Ղուկասյանը, որոնք 4 անգամ հարցաքննվել էին նախաքննության ժամանակ։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ դատավոր Մ. Կարապետյանը գնահատեց նրանց ցուցմունքներն «անարժանահավատ, հարմարեցված նախաքննության մարմնի վարկածին»։ Այսքանից հետո կձեւավորվի՞ վկաների ինստիտուտը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ դատարան չեկան «էլիտար» վկաներ Մահսում Բագոկ Ալին, Յուսուֆ Սարուհան Հալաֆին եւ Մահամադ Ռամազանը։ Փոխարենը, դատավոր Մ. Մնացականյանը ընթերցեց նրանց խիստ կասկածելի ցուցմունքները, իսկ դատարան չգալու համար պարզվեց, որ գրություն է ստացվել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունից, որին վկաներից (Թուրքիայի քաղաքացի, ծագումով քուրդ) եւ ոչ ոք չէր լիազորել։ Հայաստանի որեւէ վկայի համար հաստատ դեր չէին խաղա, ասենք, «Կանայք հայոց աշխարհի» կամ «Ներդաշնակ աշխարհ» հասարակական կազմակերպությունների այդօրինակ գրությունները… Գոյություն ունեն «հեռակա» վկաներ, որոնց անունը կա, ազգանունը կա, ամանումը չկա։ Հիշում եմ ամենահայտնի «հեռակայողներից» («Վահան Հարությունյան եւ մյուսներ» գործով) Սերժ Ջիլավյանին, որը բարեհաճել էր ցուցմունք տալ միայն նախաքննության մարմնին։ Ստացվեց այսպես. վկաների մի մասը ցուցմունք է տալիս ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում, իսկ մի մասի համար «արտոնյալ» պայմաններ են ստեղծված։ Դատարան չեն գալիս եւ վերջ։ Հրանտ Պապիկյանի գործով կարեւորագույն վկան՝ ականատես Արսեն Խաչատրյանը դատարան չներկայացավ, «փոխարինվեց» մորով… Մեր տպավորությամբ, կան վկաներ, որոնք հաստատ «բեխաբար» են, որ իրենք անցնում են քրգործերով։ Կան վկաներ էլ, որոնք ենթարկվում են հարկի-անհարկի հարձակումների եւ նրանց պաշտպանությունը համարժեք է չպաշտպանության։ Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտված դատաքննության ժամանակ ամբաստանյալները ոչ յուրային-վկային սպառնում էին «ականջներից ականջօղեր կախել»։ Նրանց, իհարկե, չհաջողվեց, սակայն ժամանակն է, որ ՀՀ օրենսդրության ականջներին «վկաների պաշտպանության մասին» օրենքի օղը կախվի, անհրաժեշտության դեպքում զենք տրվի վկային, փաստաբան՝ իր իրավունքները պաշտպանելու համար եւ կամ հատուցվեն նրա դատական ծախսերը, որը երբեք չի գործում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ