ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը ջանք չի խնայում խաբված ավանդատուների խնդիրը լուծելու համար։ ԿԲ-ն այնպես է ջանում, այնպես է ջանում, որ այդ խնդրում մի շարք առաջընթացներ է արձանագրել՝ մինչ խնամակալություն է իրականացնում սնանկացման եզրին հայտնված հայաստանյան 8 առեւտրային բանկերի նկատմամբ։ Ընդ որում, շատ ջանալուց Հայաստանի բանկային համակարգի զարգացման վիճակագրությունը ներկայացնելիս ԿԲ-ն հիշյալ 8 բանկերը «մոռացել» էր ընդգրկել վերլուծության մեջ, որի արդյունքում ստացվել էր. «արձանագրված հիմնական տնտեսական ցուցանիշները վկայում են բանկային համակարգի կայուն զարգացման միտումների մասին»։ Բայց ԿԲ-ի աշխատանքի լիարժեք արդյունքն է անհրաժեշտ ներկայացնել հասարակությանն ու մասնավորապես խաբված անվանդատուներին, որովհետեւ վերջիններիս համար է այդքան ջանացել Տիգրան Սարգսյանը։ Ներկայացնենք միայն առաջընթացը, որովհետեւ, ըստ իշխանությունների վերջին լոզունգի, ամեն ոք տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել։ Վերլուծությունների համար հիմք են հանդիսացել 01.10.2001թ. եւ 01.10.2002թ. համակարգի պաշտոնական տվյալները, այսպես կոչված, լավաշը, որն «Առավոտին» հաջողվել էր ձեռք բերել իր աղբյուրների միջոցով։ Այսպիսով, պաշտոնական այդ տվյալներն արձանագրում են առաջընթաց կապիտալի աճի տողում։ Այդ մեկ տարվա ընթացքում խնամակալության տակ գտնվող 8 բանկերը «հաջողացրել» են 20,1 միլիարդ դրամի կապիտալի աճ։ Բայց ափսոս, որ այս ցուցանիշը բացասական մեծություն է, այնպես որ, ստացվում է, որ այս առումով գործերն ավելի են վատացել։ Նշված ժամանակամիջոցում կապիտալը մինուս 30,4 մլրդ է կազմում, ինչը նշանակում է, որ եղած 25,6 մլրդ դրամով պետք է փակվի 56 մլրդի պարտք-պարտավորություն։ Նույնիսկ եթե ընդունենք, որ այս 25,6 մլրդ դրամի ակտիվները որակյալ են։ Նմանատիպ «առաջընթաց» է արձանագրվել նաեւ ակտիվների ցուցանիշներում, որոնք նվազել են մոտավորապես կիսով չափ։ Ակտիվների նվազեցման համար օգտագործվել է ակտիվների դուրսգրման մեխանիզմը, որովհետեւ հիշյալ 8 բանկերում մեծ թիվ են կազմել անորակ վարկերը եւ այլ ակտիվները, ասենք, անհուսալի արժեթղթեր։ Այս դուրս գրված ակտիվների մի մասը, իհարկե, տեսականորեն վերադարձելի է, ինչը գործնականում քիչ հնարավոր է՝ վերադարձելիության դժվար ու բարդեցված մեխանիզմի, ինչպես նաեւ որոշակի սուբյեկտիվ պատճառներով։ Հիշյալ «լավաշը» պարզորոշ ցույց է տալիս նաեւ ավանդների մարման փոքրիկ- փոքրիկ ցուցանիշը. այս բոլոր 8 բանկերի ընդհանուր պարտավորությունները նվազել են ընդամենը 9,6 մլրդ դրամով, որի մեջ էլ ավանդների գծով մարումներ են եղել։ Սա այն դեպքում, երբ, ըստ «լավաշի», իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ավանդները նվազել են շուրջ 14 մլրդ-ով։ Հետաքրքիր է, որ չնայած ավանդների մարման փոքրի՜կ-փոքրիկ ցուցանիշին, դեռեւս մարվելիք ավանդների թիվը մե՜ծ-մեծ է։ Այս «տարբերությունը» գլուխ բերելու համար, ԿԲ մասնագետները երկա՜ր-բարակ մտածելու փոխարեն մի հին ու արտոնված «տրյուկ» են օգտագործել՝ 56 մլրդ-ի պարտավորությունները կառուցվածքային փոփոխությունների ենթարկելով։ Այսինքն, մի շարք բանկերում ավանդային հաշիվների գումարները փոխանցել են ցպահանջ պարտավորությունների հաշիվներին։ Այլապես, ավանդատուներից շատերն անակնկալի եկան աչքալուսանքից, քանի որ իրենց բանկերի հաշվետվություններում, օրինակ, ֆիզիկական անձանց ավանդների տողում 0 էլ չի նշված։ Այսպիսի ցուցանիշներ հրապարակած բանկերի մի շարք ավանդատուներ վկայում են (վկայություններն առկա են խմբագրությունում), որ դեռ չեն ստացել իրենց փողերը։ Այսպիսով, ԿԲ ղեկավարությունն իր մասնագետների օգնությամբ գումարների տեղափոխություն է արել, որից, ճիշտ է, գումարը չի փոխել, բայց երեւի իր շեֆերին համոզել է, որ առաջընթաց է գրանցել։ ԿԲ-ն սրընթաց առաջ է սլանում նաեւ շահույթի բնագավառում, որի տողը վկայում է, որ այն կրկնակի աճել է։ Ցավոք, նորից մինուս նշանով, ինչը վերածում է վնասի։ Սիրելի ավանդատուները, որոնց ոչ ոք չի խաբել խոստումներ տալով, այսքան «առաջընթացից» երեւի կզարմանան, թե ինչու է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես գալիս խնամակալության տակ գտնվող, բայց արդեն ողջ ու առողջ 8 բանկերից 5-ը մինչեւ 2003թ. փետրվար լուծարելու մտադրությամբ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ