Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 06,2002 00:00

ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները շարունակում են քննարկումների տեղիք տալ: Եվ օրերս կայացած ՀԺԿ համագումարում էլ եղան անդրադարձեր այդ խնդրին: Այսպես. ՀԺԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Կանդայանը նշեց, որ իրենց կուսակցության դեմ կատաղի պայքար է մղվել, ուստի եւ՝ Կենտրոն համայնքի ավագանու 10 հժկական թեկնածուներից ընտրվել է միայն 1-ը. «Այն դեպքում, երբ օբյեկտիվ ընտրությունների պայմաններում մենք կունենայինք առնվազն 4-5 անդամներ»: Ռուբեն Կանդայանը նաեւ նշեց, թե իրենք չեն կարողացել լիարժեք օգտագործել վստահված անձանց հնարավորությունները՝ «մեզ տրված քվեները պահպանելու համար»: ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության նախագահ Լարիսա Փարեմուզյանն իր ելույթում նշեց, թե Լոռու մարզում 17 համայնքապետերից 16-ն ընտրվել են մարզպետ Հենրիկ Քոչինյանի «դաբրոյով». «9 գործող գյուղապետեր Լոռու մարզպետի «դաբրոյով» անմրցակից էին մասնակցում ընտրություններին եւ ոչ թե նրա համար, որ, ինչպես արդարացնում էին իշխանությունները, այդ համայնքներում մարդիկ հնարավորություն չունեին թեկնածու առաջադրվելու ընտրական գրավի գումարը մուծել, այլ այն պատճառով, որ Լոռու մարզում կա չգրված օրենք՝ ով ուզում է դառնալ համայնքապետ՝ ունի մեկ ճանապարհ. պետք է ներկայանա ոչ թե ընտրողներին, այլ՝ մարզպետին: Ընտրություններին իրենց իշխանական թեկնածուներին ցանկացած գնով անցկացնելու համար Լոռու մարզում վաղո՜ւց որդեգրված է չափազանց դաժան, սեփական ձայնը տնօրինելուց մարդուն զրկելու գործելակերպ»: Ի դեպ, ըստ Լարիսա Փարեմուզյանի՝ Փոքր Քարինջ գյուղի գործող համայնքապետին էլ, որ դարձյալ արտոնյալ՝ անմրցակից էր ընտրվել, ներկայացնում է Դաշնակցությունը: Տարածքային կազմակերպության նախագահն ամփոփեց. «Ընտրակեղծիքներով անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետեւանքով՝ Ալավերդի քաղաքում եւ Թումանյանի տարածաշրջանի համայնքներում փորձառու եւ բանիմաց մարդիկ հեռու մնացին կառավարման համակարգից»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել