Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ շահեց

Նոյեմբեր 06,2002 00:00

Ով ինչ շահեց «Գույք պարտքի դիմացը» ստորագրվեց ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովն ու Սերժ Սարգսյանն այս տարի երկրորդ անգամ ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը: Ըստ պայմանավորվածության՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցում «Մարս» գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ը, Նյութաբանության ինստիտուտը, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը: Մայիսի 11-ին կնքված համաձայնագրով նախատեսվում էր, որ հայկական ձեռնարկությունները ռուսներին կփոխանցվեն մինչեւ 2002-ի դեկտեմբերի 31-ը: Նոր համաձայնագրով փոխանցման ժամկետը հետաձգվել է մինչեւ մարտի 31-ը: Ստորագրման արարողությունից հետո Կասյանովը հայտարարեց. «Այժմ կարելի է վստահաբար ասել, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում միանգամից 100 մլն դոլարով աճել են»: ՌԴ վարչապետը գործարքը գնահատում է փոխշահավետ: «Փոխանցվող ձեռնարկությունների համար 100 մլն-ը ոչ քիչ է, ոչ էլ շատ: Մինչեւ համաձայնագիրը կնքելը մենք մեկուկես տարի ճշտել ենք մանրամասները»,- նշել է նա: Համաձայնագրում նշվում է, որ ռուսական կողմը ապահովելու է նախկին հայկական ձեռնարկությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում՝ կատարվելու են նաեւ ներդրումներ: Ըստ նախնական տեղեկությունների, Հրազդանի ՋԷԿ-ը կառավարելու է ՌԱՕ ԵԷՍ-ը, իսկ մյուս ձեռնարկությունները՝ ՌԴ Համակարգերի կառավարման ռուսական գործակալությունը: «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրում առանձին տեղ է զբաղեցնում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Այն կիսակառույց վիճակում է: Սպասվում է, որ կառուցվելու դեպքում էներգաբլոկը կարտադրի շատ ավելի էժան էլեկտրաէներգիա, քան ՋԷԿ-ի մյուս բլոկները: Հայկական կողմն առաջարկում էր գույքի ցուցակում ընդգրկել նաեւ 5-րդ էներգաբլոկը: Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ 2005-ին Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը կրկին կանդրադառնա այդ հարցին եւ կորոշի՝ էներգաբլոկը դարձնե՞լ ՌԴ սեփականությունը, թե՞ ոչ: «Այն, ինչ մենք արել ենք, մեծ արդյունք եմ ես համարում»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը՝ ավելացնելով, թե կարեւորն առաջիկայում սպասվող արդյունքներն են: Նրա խոսքերով՝ գլխավոր արդյունքներից մեկն այն է, որ ստեղծվել է վստահության մթնոլորտ, որպեսզի «ռուսական կապիտալը աշխատի Հայաստանի էկոնոմիկայի համար»: Գնահատելով ստորագրված համաձայնագիրը, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է. «Չէի ասի, որ ամենալավ լուծումն է, բայց ամենակարեւոր լուծումներից մեկն էր»: Պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատականն ավելի կտրուկ է եղել. «Եթե այդ նույն մոտեցումը որդեգրեն նաեւ այլ երկրներ կամ այլ կազմակերպություններ, ապա Հայաստանից ոչինչ չի մնա»: «Պարտքը մարվեց, եւ ձեռնարկությունները մնալու են, գործելու են Հայաստանում եւ, եթե կարողանանք մենք էդտեղ ապահովել համապատասխան պատվերներ, շուկան արդեն իսկ ապահովված կլինի, աշխատատեղեր կստեղծվեն: Այս առումով դրական ենք գնահատում»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Ըստ «Ա1+»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի նյութերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել