Դժգոհ են ՀՀ ԱԺ խոսնակից ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակության՝ Վրաստան կատարած այցից հետո «Ջավախքի ժողովրդական շարժում» կազմակերպությունն ու Ախալցխայի թվով վեց բնակիչ նամակ է հղել վերջինիս, որոնց բովանդակությունը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ: Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ ԱԺ խոսնակին ուղղված մեղադրանքները, մեղմ ասած, անհասկանալի են: Ահավասիկ Ախալցխայի 6 բնակիչներ նախ նկատել են, թե վերջին շրջանում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հետաքրքիր ավանդույթներ են հաստատվել: «Երկու պետությունների ղեկավարների ամեն մի հանդիպման ժամանակ, երբ շոշափվում է երկու ժողովուրդների եղբայրության հարցը, ՀՀ կողմից անմիջապես բացասական ասպեկտով հիշում են Ջավախքի շրջանի հարցը: Վրացական ղեկավարության աչքին լավ տղաներ երեւալու համար հայաստանյան պատվիրակությունները Թբիլիսիում անմիջապես հարց են բարձրացնում Ջավախքում անջատողական հայացքների անթույլատրելիության՝ Ջավախքի Ինքնավար Հանրապետության ստեղծման մասին: Մենք բազմիցս ենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացրել, որ շնորհիվ Վրաստանի վարած քաղաքականության եւ Հայաստանի աջակցության՝ Ջավախքում ոչնչացված են բոլոր քաղաքական շարժումները: Ջավախքը երբեք այնքան անօգնական, ստորացված ու վիրավորված չի եղել, որքան՝ այսօր: Պաշտոնական Թբիլիսին փաստորեն 100 տոկոսով վերահսկում է մեզ մոտ ընթացող պրոցեսները, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանն անկարող կլինի ամենատարրական հարցերի լուծման վրա ազդելու համար: Նշված իրավիճակի ֆոնի վրա Վրաստան կատարած այցի ընթացքում Ձեր արած հայտարարությունը, թե Դուք թույլ չեք տա Ջավախքում ինքնավարության որեւէ կազմավորում, ավելի է խորացրել Վրաստանում ապրող հայերի վիճակը, իսկ Ձեր վարկը հայերի շրջանում խստորեն երերացել է»,- ԱԺ խոսնակին հասցեագրած իրենց նամակում գրել են Ախալցխայի մի խումբ բնակիչները: Չգիտես ինչու, վստահ լինելով, որ ԱԺ նախագահը պատկերացում չունի Ջավախքի ու նրա հիմնախնդիրների մասին, վերջիններս տեղեկացրել են նաեւ, թե ջավախահայերը Վրաստանի ղեկավարների առջեւ Ջավախքի ինքնավարության պահանջ են դրել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, բայց բավարար ուժ չեն ունեցել այդ նպատակին հասնելու համար, ուստի վերջին մի քանի տարիներին այդ պահանջով չեն դիմել ո՛չ Վրաստանի նախագահին, ո՛չ խորհրդարանին: Նշվում է նաեւ, թե Վրաստանում Ա.Խաչատրյանի հայտարարությունն այդ պատճառով է, որ լուրջ չի ընդունվել Վրաստանի ղեկավարության կողմից եւ շարքային վրացիների շրջանում հակակրանքի նոր ալիք է բարձրացրել Վրաստանում ապրող հայերի հանդեպ: «Հաշվի առնելով վերոշարադրյալը, խնդրում ենք Ձեզ այլեւս որեւէ հայտարարություն չանել Ջավախքի տարածաշրջանի վերաբերյալ, ինչը կարող է մեզ վնասել: Խնդրում ենք նաեւ Հայաստանի ողջ ղեկավարությանը տեղեկացնել այն ճգնաժամային իրավիճակի մասին, որում մենք գտնվում ենք»: Նույնաբովանդակ է նաեւ «ՋԺՇ» կազմակերպության՝ ԱԺ խոսնակին հղած նամակը: ՋԺՇ-ն հայտարարել է, թե «Հայաստանն աջակցում է Վրաստանին լռեցնելու այդ երկրի կազմում Ջավախքի ինքնավարության կարգավիճակ ստանալու ուղղությամբ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ձայնը», նաեւ այդ կազմակերպությունների հետապնդմանը, որը կատարվում է Վրաստանի պետական մակարդակով: Հիշյալ կազմակերպությունը ԱԺ խոսնակին տեղյակ է պահում, որ «վերջերս Թբիլիսիում հրապարակայնորեն Ջավախքի ինքնավարության մասին խիստ բացասական հայտարարությամբ հանդես եկաք, որը ջավախքցիների կողմից զայրույթով ընդունվեց»: Ապա ՋԺՇ-ն թվարկում է այն հիմքերը, որոնք ջավախահայերին, ըստ այդ կազմակերպության, իրավունք են տալիս ինքնավարություն պահանջել. լեզվի ընդհանրություն, Ջավախքի 95%-ի հայերով բնակեցված լինելը, տարածքի ընդհանրությունը, տնտեսական սերտ կապը, կրոնի, հավատի, հոգեւոր ընդհանրությունը եւ այլն: Մենք դիմեցինք ԱԺ նախագահին՝ հիշյալ նամակներին արձագանքելու խնդրանքով: Վերջինս մասնավորապես ասաց. «Վրաստան կատարած այցի ժամանակ ես խոսել եմ Ջավախքի առավելագույն ինքնիշխանության մասին եւ ասել եմ, որ ջավախքահայությանը պետք է տալ առավելագույն ազատություն, որովհետեւ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երբ հայերին տրվում են ինքնության պահպանության, ինքնակառավարման, մշակույթի, լեզվի, հավատքի պահպանման ազատություններ, հայերն առավել բարեկամաբար եւ կամովին ինտեգրվում են տվյալ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Ինձ համար անհասկանալի են այդ արձագանքները, որ, ակներեւաբար, հետեւանք են թյուր տեղեկությունների: Թբիլիսիում տրված ասուլիսը տեսագրվել է, եւ ցանկության դեպքում կարելի է դրանում համոզվել սեփական աչքերով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ