ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերթսոնի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը -Տպավորություն է ստեղծվում, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից եւ հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումից հետո, որին միացան նաեւ Հարավային Կովկասի երկրները, ՆԱՏՕ-ն սկսեց անհամեմատ մեծ ուշադրություն հատկացնել այս տարածաշրջանին: Շատերը գտնում են, որ ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը Կովկասում ընդամենը ժամանակի հարց է: Համաձա՞յն եք նման մեկնաբանության հետ: – Շատ պարագաներում ՆԱՏՕ-ն արդեն տարածաշրջանում է: Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը հանդիսանում են Եվրա-ատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի անդամներ: Ավելի քան 10 տարի է, ինչ մենք համագործակցում ենք ամենատարբեր բնագավառներում: ՆԱՏՕ-ի աջակցությամբ Կովկասում անցկացվող միջոցառումներն արդեն սովորական երեւույթ են դարձել: Բոլորովին վերջերս, հոկտեմբերին, ՆԱՏՕ-ի անդամներն ու գործընկերները հանդիպեցին Երեւանում՝ ահաբեկչության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով: Շատ մասնագետներ եւ գիտական կենտրոններ օգուտ են քաղել ՆԱՏՕ-ի Գիտական ծրագրի հետ համագործակցությունից, զարգանում է համագործակցությունը ճգնաժամային իրադրությունների քաղաքացիական պլանավորման բնագավառում: Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները խորհրդակցում են ՆԱՏՕ-ի հետ իրենց պաշտպանական համակարգերն արդիականացնելու գործում: ՆԱՏՕ-ն աջակցում է Կովկասում համագործակցության հարցերով հատուկ աշխատանքային խմբին, որը կանոնավոր կերպով հանդիպում է Բրյուսելում: Իրոք, 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո դաշնակիցներն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում տարածաշրջանին, սակայն մենք «հայտնաբերել ենք» Կովկասը սեպտեմբերի 11-ից շատ ավելի շուտ: Ինչու՞ ենք մենք այստեղ: Պետք է ասել, որ Կովկասը յուրատեսակ արժեք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս տարածաշրջանը կարեւոր է ամբողջ միջազգային հանրության համար այն պատճառներով, որոնք կարող է նշել բարձրագույն ուսումնական հաստատության ցանկացած ուսանող՝ պարզապես նայելով քարտեզին: Տարածաշրջանը նաեւ մտահոգում է միջազգային հանրությանը. անկայունության, համակարտությունների եւ ներքին հուզումների հետեւանքներն աշխարհի կենսականորեն կարեւոր անկյուններից մեկում կարող են արտահայտվել նրա սահմաններից դուրս: Ըստ էության, մեր անվտանգությանն արդի սպառնալիքները սահմաններ չեն ճանաչում: Եթե պարզ պատասխանեմ ձեր հարցին, ապա՝ ոչ, ՆԱՏՕ-ն մտադիր չէ գալ եւ լուծել տարածաշրջանի ներքին եւ միջազգային խնդիրները: Շահագրգռված երկրները դա պետք է անեն ինքնուրույն: Սակայն եթե ՆԱՏՕ-ն կարող է, ապա նա պատրաստ է օգնել այդ երեք երկրներին՝ հանդիսանալով ոչ միայն ոգեշնչման, այլեւ կոնկրետ խորհուրդների աղբյուր՝ անվտանգության ժամանակակից քաղաքականության եւ ժողովրդավարական ինստիտուտների կառուցման գործում: – Այս տարվա փետրվարին Դուք հայտարարեցիք, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը «ամուր մեխանիզմի կարիք է զգում՝ ընդլայնվող ՆԱՏՕ-ն Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապելու համար»: Կոնկրետ ինչպիսի՞ն պետք է լինի այդ մեխանիզմը: Հնարավո՞ր է, որ Հարավային Կովկասի երկրներին առաջարկվի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որեւէ նոր, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրից անկախ բանաձեւ: – Մենք արդեն կապված ենք ԵԱԳԽ եւ ԳՀԽ շրջանակներում համագործակցության ցանցով: Դա շատ հաջողված ձեւաչափ է, եւ այն փոխելու անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ, այս ձեւաչափի շրջանակներում մենք ավելի լավ հնարավորությունների կարիք ենք զգում՝ բաց եւ շիտակ քաղաքական երկխոսության համար: ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի իր կովկասյան գործընկերների անհատական, յուրահատուկ պահանջներին: Մենք պետք է կազմակերպենք ՆԱՏՕ-ի օգնությունն անհատական հիմքի վրա եւ օգտագործենք մեր կարողություններն այնտեղ, որտեղ նրանք առավել անհրաժեշտ են: Կարճ ասած, մենք պետք է մշակենք համագործակցության ավելի «խելացի» մեխանիզմներ՝ մեր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման համար: Պրահայում կայանալիք գագաթաժողովը մեզ անհրաժեշտ կողմնորոշիչներ կտա այդ խնդիրներն իրագործելու համար: Միեւնույն ժամանակ, ամեն մի շղթա ունի երկու վերջավորություն: Ավելի անհատականացված հարաբերությունները կհանգեցնեն դաշնակիցների ավելի լուրջ քաղաքական եւ ռեսուրսային պարտավորությունների: Ստանձնելով նման պարտավորություններ, նրանք կձգտեն տեսնել հստակ նպատակներ եւ կակնկալեն իրենց «ներդրումների վերադարձը»: Այդ պատճառով, այն գործընկերները, որոնք ուզում են օգտվել ՆԱՏՕ-ի հետ ավելի անհատականացված հարաբերությունների առավելություններից, պետք է ցուցաբերեն ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով զարգանալու անկեղծ եւ հաստատուն վճռականություն՝ վարելով դրա համար անհրաժեշտ արտաքին եւ անվտանգության քաղաքականություն: – Անցյալ տարի, Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը «ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է»: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների ո՞ր տարրերն են հիմք հանդիսացել նման բարձր գնահատականի համար: – Ամեն մի երկիր, որն անդամակցում է ԵԱԳԽ-ին եւ ԳՀԽ-ին, համաձայն է այն մտքին, որ Եվրա-ատլանտյան տարածքում կայունության եւ անվտանգության հաստատմանը կարելի է հասնել միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների ճանապարհով, հաստատում է իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, ազատությանը եւ միջազգային իրավունքի սկզբունքներին: Այս արժեքները ՆԱՏՕ-ի հիմքն են հանդիսանում: Բոլոր երկրները, որոնք «ստորագրել են» այդ արժեքների եւ սկզբունքների տակ, հանդիսանում են մեր գործընկերները Եվրա-ատլանտյան տարածքը խաղաղության եւ կայունության գոտու վերափոխելու գործընթացում՝ հիմնված ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների վրա: Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունները, ակտիվ մասնակցում է ԵԱԳԽ/ԳՀԽ շրջանակներում խորհրդատվություններին եւ համագործակցությանը եւ մի երկիր է, որի ձեռքում է գտնվում Եվրոպան եւ Ասիան կապող կարեւոր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության բանալին: Դա ավելի քան բավական է, որպեսզի համարենք Հայաստանը կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏԻ համար