Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՆԵՐ»

Նոյեմբեր 06,2002 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՒԼԵՐՆԵՐ» Երեկ էլ քաղաքացիների խնայողական ավանդները դարձան ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի եւ «Օրինաց երկիրի» պատգամավորների բախման հերթական առիթը: Հմայակ Հովհաննիսյանը պատճառ ունի բախման առիթներ փնտրելու, քանզի «Օրինաց երկիրին» անդամագրված երկու պատգամավորների ջանքերով զրկվեց «Ագրոարդյունաբերողներ» խումբը ղեկավարելու հնարավորությունից: Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում վերջերս շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ իրավական պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 1992-ի հունվարի 1-ը ՀՀ խնայբանկում եւ պետական ապահովագրական կազմակերպությունների հաշվարկային հաշիվներում քաղաքացիների ավանդները ճանաչել որպես պետական ներքին պարտք։ Յուրաքանչյուր տարվա պետբյուջեում պետք է որոշակի գումար նախատեսվի եւ վերադարձվի ավանդատուներին։ Սահմանվում են ավանդների մարման առաջնայնություններ. ըստ այդմ՝ առաջինը գումարը կստանան 70 տարին լրացած քաղաքացիները, հետո՝ հաշմանդամներն՝ ըստ խմբերի հերթականության, ապա՝ Հայրենական պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք եւ միայնակ կենսաթոշակառուները։ «Օրինաց երկիրի» անդամներն առաջարկել են ավանդների ինդեքսավորումը կատարել 10 հազար ռուբլուն՝ հազար դոլար հաշվարկով: Նշենք նաեւ, որ 1993-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ավանդների գումարը 10 միլիարդ 700 միլիոն ռուբլի է: Ըստ «ՕԵ»-ի հաշվարկի, ստացվում է, որ ավանդատուներին պետությունը պետք է վճարի մինչեւ մեկ միլիարդ դոլար, իսկ այդ թիվը մեր երկրի վերջին 10 տարվա արտաքին պարտքն է: Ահա եւ Հմայակ Հովհաննիսյանն «աններելի փարիսեցիություն» որակեց «ճամարտակելը», թե «այս թալանված պետության խղճուկ բյուջեի միջոցներով» հնարավոր է վերադարձնել ավանդները. «Մի՞թե կարելի է ՀՀՇ-ի կազմում ժողովրդին արդար քրտինքով վաստակած ավանդներից զրկելուց, այդ ավանդների իրական արժեքն ապահովող համաժողովրդական սեփականությունն անխնա թալանելուց՝ սեփական բորդելների եւ հյուրանոցների վերածելուց հետո, այսօր՝ հերթական ընտրությունների նախաշեմին, այդպիսի՜ դաժան ցինիզմով ձեռնարկել ժողովրդին խաբելու նոր փորձեր: Առանց աչքերը թարթելու՝ հայտարարել, որ հնարավոր է 10-ին՝ 1, այսինքն. 10 հազար ռուբլու դիմաց՝ 1000 դոլար հարաբերակցությամբ փոխհատուցել ավանդները, որպես փոխհատուցման աղբյուր առաջարկելով բյուջեից տարեկան հատկացնել ընդամե՜նը 1 մլն դոլար: Չէ՞ որ տարրական թվաբանությունը ցույց է տալիս, որ այդ դեպքում փոխհատուցումը կտեւի հազար տարի: Իսկ տարրական տրամաբանությունը բացառում է ժողովրդի գոյատեւումն իր բնօրրանում, եթե մենք չկարողանանք շուտափույթ ձերբազատվել հհշածին խաբեբաներից, եթե չկարողանանք անցած տասնամյակի ընթացքում թալանված եւ արտասահմանյան բանկերում կուտակված մոտավորապես 8 մլրդ դոլար կազմող ընդհանուր գումարը պետությանը վերադարձնելու միջոցով փոխհատուցել մեր ազգաբնակչության ավանդները: Իրական փոխհատուցման այլ ճանապարհ գոյություն չունի: Նրանք, ովքեր ճամարտակում են այլ «ճանապարհների» մասին՝ իրենց կեցվածքով ապացուցում են, որ օգտվել են հհշական թալանից եւ այդ իսկ պատճառով ջանում են այսօր հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդրից՝ թալանվածը հետ բերելու անհրաժեշտությունից»: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե նրանք, ովքեր հայտարարում են, թե հնարավոր է ավանդները վերադարձնել՝ առանց «սեփականաշնորհման անվան տակ իրականացված թալանի արդյունքում հափշտակված նյութական արժեքները պետությանը վերադարձնելու, քաղաքական շուլերներ են»: «Օրինաց երկիրի» ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն անմիջապես պատասխանեց այս հայտարարությանը՝ դրա մոտեցումները «ցինիկ» անվանելով: Բայց ինչպես Հմայակ Հովհաննիսյանն ուղղակի չէր նշել «ՕԵ»-ի անունը, այնպես էլ Մհեր Շահգելդյանը խոսեց առանց որոշակիացնելու հասցեատիրոջը. «Քաղաքական գործիչներ, որոնք բազմիցս փոխել են իրենց մոտեցումները եւ քաղաքական ուղղությունները, բազմիցս փորձել են խաղալ քաղաքական տարբեր դաշտերում՝ միաժամանակ հանդիսանալով քաղաքագետ եւ փորձելով իբր թե պահպանել քաղաքական գիտությունների էթիկական կոդեքսը՝ այսօր ոչի՛նչ չանելով, կառուցողական ո՛չ մի գործ, առաջարկ չանելով՝ փորձում են կեղտոտել այն, ինչ արվում է: Այն ամենն, ինչ որ առաջարկվել է՝ հստակ հաշվարկված, քննարկված է եղել: Դրանք առաջարկություններ են, որոնց վրա պետք է աշխատել: Եվ վերջիվերջո, գնահատականը տալիս է ժողովուրդը, ոչ թե՝ որոշ անձինք, որոնք իրենց հորջորջելով պատգամավոր կամ քաղաքագետ՝ փորձում են միայն մրոտել եւ աղտոտել»: Նախանշաններ կային, թե բանավեճն այսքանով չի սահմանափակվի: Սակայն մինչ «ՕԵ»-ի անդամ մի քանի պատգամավորներ մարտականորեն տրամադրված սպասում էին նիստերի դահլիճի դռան մոտ՝ Հմայակ Հովհաննիսյանը հասցրել էր աննկատ հեռանալ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել