Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում էլ գիտություն կա

Նոյեմբեր 05,2002 00:00

Շիրակում էլ գիտություն կա «Շիրակի պատմամշակութային ժառանգությունն այնքան խոր արմատներ ունի, որ ոչ թե հնգամյակ, այլ տասնամյակներ ու հարյուրամյակներ են անհրաժեշտ ուսումնասիրման համար»,- ասում է Գյումրու երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Նոյեմբերի 1-3-ը Գյումրու Արվեստների ինստիտուտի շենքում տեղի ունեցավ Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված 5-րդ հանրապետական գիտաժողովը, որը գումարվեց Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծման հնգամյա տարելիցի կապակցությամբ: Մեր երկրում գիտական մտքի անտեսման, գիտնականների նկատմամբ բացարձակ անտարբերության ու մեծ արտահոսքի թույլատրման պայմաններում ստեղծված հիշյալ կենտրոնի գործունեությունը մասնակիցների կողմից որակվեց վաղուց մոռացված բառով՝ «հայրենանվեր»: Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդի գնահատմամբ, այս կենտրոնում գիտնականներին համախմբելը, ասպարեզ տալը գուցե եւ վերջիններիս «աչքերը հեռուներից կտրելու» միջոց լինի: Ի դեպ, վերջինս սոսկ բարեմաղթանքներով հանդես եկողներից չէ, այլ գործնական քայլեր կատարող, նա ամեն անգամ հովանավորում է գիտաժողովի հրատարակությունները: Գիտաժողովի նպատակը Շիրակ պատմական գավառի հարուստ ազգագրության ու բանահյուսության, հնագիտության ու ճարտարապետության, բարբառագիտության ու էթնոսոցիոլոգիական հետազոտությունների արդի վիճակը ներկայացնելն ու շիրակագիտական մտքի ձեռքբերումները համակարգելն էր: Ծանր պայմաններում գիտական կադրերի պատրաստումն ու հրատարակությունների միջոցով ամբողջ աշխարհին ներկայանալը մասնակիցներից մեկի՝ Համազասպ Խաչատրյանի մեջ նույնիսկ «տեղական հպարտության» առաջացման առիթ է հանդիսացել: «Ի տարբերություն մյուս տարածաշրջանների, որտեղ կես քայլ անգամ չի կատարվել այս ուղղությամբ, մենք կատարել ենք մի խոշոր քայլ։ Նախորդ գիտաժողովներն արդեն ապացուցել են, որ Շիրակն ունի գիտական պոտենցիալ՝ հումանիտար ուղղությամբ ակադեմիական կենտրոն ստեղծելու համար»,- ասում է Համազասպ Խաչատրյանը: Գիտաժողովի մասնակիցների մեծ թվաքանակը ու ելույթների նկատմամբ բավականաչափ մեծ հետաքրքրությունը (ի դեպ, ինքնատիպ թեմաներ էին ընդգրկված, նույնիսկ լայն մասսաներին հետաքրքրող՝ Բենիամինում այս տարի կատարված պեղումների արդյունքները, գյումրեցիների տոները, վերջիններիս առողջության ու սոցիալական առաջնային հիմնախնդիրները, հայոց տարազում ներքնազգեստի նշանակությունը8230) մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մշակութային աշխույժ ու իմաստալից կյանքից զուրկ Գյումրիում հոգեւորը վերագտնելու միակ փորձը թերեւս գիտությամբ զբաղվելն է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել