ԹԱԼԱՆՎԵԼ Է ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ Այլախոհը շարունակվում է հետապնդվել «Ես խնդրում եմ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը, որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի՛ երկմտեք, երբեւէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ՝ դարձյալ շուռ պիտի գամ մեջքի վրա»,- ժամանակին ասել է Լեռ Կամսարը։ Իսկ այսօր որտե՞ղ է թաղված մեծ երգիծաբանը։ Այս հարցի պատասխանը մեզ հանդիպած ոչ մի պաշտոնյա (անգամ գրական աշխարհի ներկայացուցիչներ) չգիտեր կամ չէր ուզում պատասխանել… ամոթից երեւի։ Մեր ազգի արժանավորների «հավաքատեղի» Պանթեոնում Լեռ Կամսարին տեղ չէին հատկացրել դեռեւս 1965թ. նոյեմբերի 22-ին, երբ մեծ երգիծաբանը լքեց «էս անիրավ աշխարհը»։ Եվ դա ո՛չ այն պատճառով, որ պակաս հանճարեղ էր կամ անարժան, ո՛չ։ Պատճառը հասարակարգն էր, որում ապրել ու որի վրա ծիծաղել էր նա։ Միակը իր տեսակի մեջ ու անկրկնելին, միակը, որ բարձրաձայն հանդգնում էր գոռալ. «Սոցիալի՛զմ, մոտեցի՛ր, թքեմ քո կեղտոտ ու կեղծ երեսին»։ Եվ դա այն ժամանակ, երբ բոլորը վախենում էին նույնիսկ… շշնջալ մտքում։ Միակը, որ չպղծեց իր գրիչը Ստալինին գովերգելով ու մինչեւ մահ հավատարիմ մնաց ի՛ր ժողովրդին, ի՛ր համոզմունքներին։ Ապրեց անմարդկային զրկանքներով, բայց մտավորականին վայել, պայքարեց ծաղրով, հերոսաբար՝ իրերն իրենց անուններով կոչելով եւ ո՛չ գողեգող, փոխաբերական-վերացական իմաստավորումներով։ «Մարդիկ, որքան ուժ ունեք՝ հեռո՜ւ փախեք կոմունիզմից, դա մարդկային բոլոր տեսակի ազատությունների դամբարան է։ Մարդը ծնվում է իր եւ ո՛չ մասսայի համար։ Մասսան հիմար ոչխարի հոտ է ուժեղ անհատի ձեռքին։ Օրինակ՝ Լենինն ու Ստալինը։ Նրանք իրենց մեռած վիճակում անգամ ղեկավարում են մասսային։ Այնքա՜ն ոչխար է մասսան…»,- գրել է նա Լեռ Կամսարը 1951թ.։ Բոլորովին վերջերս «մասսան» վրդովվում էր, որ թուրքական կառավարությունը քանդել է Հ. Պարոնյանի շիրիմը, զայրանում ու պահանջում էր (թուրքերի՞ց) ըստ արժանվույն վերաբերվել հայկական արժեքներին։ Եվ դա ա՛յն դեպքում, երբ ազատ ու անկախ Հայաստանում չգիտեն, թե որտեղ է թաղված Լեռ Կամսարը։ Պատասխանեմ բոլոր հետաքրքրվողներին՝ մեծ երգիծաբանի աճյունը ամփոփված է Թոխմախում։ Ըստ նրա թոռնուհու (Վանուհի Թովմասյան), իր հայրը բանվոր ընկերների հետ շալակով Լեռ Կամսարի աճյունը տարել է Թոխմախի գերեզմանատուն։ Ի դեպ, Պանթեոնում չթաղելու համար կառավարությունը գումար էր առաջարկել երգիծաբանի հարազատներին, որից վերջիններս հրաժարվել են։ Այո՛, կոմունիստական հասարակարգում մերժված, մե՛ր ազատ հասարակարգում մոռացության սյունին գամված ու դեռեւս «բերանքսիվայր» է գրողը։ Թոխմախի գերեզմանոցում պարբերաբար կատարվող գողությունների հեղինակները չզլացան նաեւ քանդել մեծ երգիծաբանի գերեզմանի ցանկապատը։ Ամո՛թ մեզ, բոլորիս, որ թույլ ենք տվել նման անարգանք։ Եթե մեր սերունդը այսօր պարզապես չի հիշում կամ այսպես է հիշում իր արժանավորներին, ապա վաղը ոչինչ չենք ունենա փոխանցելու մեր հաջորդներին։ Ա՛յս օրն է, որ ստեղծում է վաղվա Հայաստանը։ Իսկ հայրենիքը մետրերով չափվելուց առաջ հոգեւոր չափումներում է գործում։ ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանից տեղեկացանք, որ երգիծաբանի ժառանգները կատարվածի մասին ավելորդ են համարել այս կամ այն ատյանին ու կազմակերպությանը դիմել, քանի որ գտնում են, որ իներցիայով դեռ շարունակվում է անտարբերությունը նրա նկատմամբ։ «Պանթեոն» հիմնադրամից են հետաքրքրվել ու խոստացել, որ Լեռ Կամսարի անունը կներառեն այն ցուցակում, որով օգնություն է ցույց տրվում եւ որոշակի գումար դուրս կգրեն գերեզմանի ցանկապատը վերանորոգելու համար։ Ըստ Վ. Թովմասյանի, անգամ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը տեղյակ չի եղել, որ Լեռ Կամսարը թաղված է ոչ թե Պանթեոնում, այլ Թոխմախի գերեզմանատանը։ Չնայած իր անտեղյակությանը, երեւի, պաշտոնական պարտքի գիտակցումից դրդված, Լ. Անանյանը, այնուամենայնիվ, խոստացել է աջակցել։