Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԿԱ ԱՅՍՔԱՆ

Նոյեմբեր 05,2002 00:00

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶ ԿԱ ԱՅՍՔԱՆ Եվ այսքան մատնիչ ո՞ր երկրի ներսում «Ցանկացած երկրում հետախույզների անձնական տվյալների, անձնական պատրաստվածության եւ գործունեության մասին տեղեկությունները հանդիսանում են պետական ռազմական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն, քանի հետախույզը ողջ է։ Դա վերաբերում է եւ ինձ։ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող քրեական գործի դատաքննության ժամանակ ասաց ամբաստանյալ Մուրադ Բոջոլյանը։ Պարզապես տեղեկացնենք, որ սա նույն դատարանում երկրորդ քրեական գործն է, երկրորդ լրագրող-ամբաստանյալը (Նաիրի Հունանյանից հետո), որի վրա դրված է հայրենիքի դավաճանություն հոդվածը։ Չնայած սարուձորի տարբերություն կա այս երկու լրագրողների գործունեության միջեւ եւ համեմատության եզր, համենայնդեպս, ես չէի փորձի գտնել։ Երկրորդ դատական նիստն է, ինչ լրագրող-թարգմանիչը ցուցմունքներ է տալիս եւ այն չավարտվեց նաեւ երեկ (կշարունակվի չորեքշաբթի)։ Խորհրդային նախկին հետախույզը տեղեկացրեց, որ իր գործունեության մասին չեն իմացել Հայաստանի իշխանությունները, երբ իրեն հրավիրել են աշխատանքի արտաքին գործերի նախարարությունում եւ նախագահի աշխատակազմում։ Նա ասաց, որ եղել է ավագ թարգմանիչ ինչպես հանրապետության առաջին, այնպես էլ երկրորդ նախագահի մոտ։ Հետախույզի իր գործունեության մասին Հայաստանում գիտեին մի քանի հոգի, որոնցից մեկը գործով վկա Իվան Ղուկասովն էր, իսկ երկրորդի անունը Բոջոլյանը չհայտնեց, «քանի որ բարձր պաշտոն է զբաղեցնում ռազմական բնագավառում»։ Նա ներկայացրեց, թե ինչպես հայտնվեց փողոցում, արտաքին գործերի նախարարությունից ազատվելուց հետո։ Իրեն առաջարկ է եղել աշխատելու «Ազգ» օրաթերթում եւ մինչեւ 1995թ. ամառը նա եղել է Սփյուռքի գծով քաղաքական մեկնաբան։ Իր դրական գործունեությունն էր հավանաբար պատճառը, որ 1995թ. հունիսից նախագահի աշխատակազմից իրեն առաջարկեցին աշխատանքի անցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում։ Այդ աշխատանքները նա կատարում է մինչեւ 1998թ. իշխանափոխությունը։ Նա նկատեց, որ թերթը չէր կարողանում իշխանափոխությունից հետո կողմնորոշվել եւ իրեն հասկացրին, որ իր հոդվածներն առայժմ պետք չեն։ Նա ներկայացրեց, որ Հայաստան էին այդ շրջանում գալիս թուրք լրագրողներ, մասնավորապես, Ներդուն, Հաջիօղլին, Մեհմեդ Ալի Բիրանդը եւ Ջենք Բաշլամիշը։ Ընդ որում, իրեն նախագահի աշխատակազմից հանձնարարել էին թարգմանություններ կատարել։ Մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ թուրք լրագրողները ռեպորտաժներ են արել Ռոբերտ Քոչարյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի հետ։ Մի շատ հետաքրքիր մանրուք ասաց թուրքագետը. «Բիրանդը Հայաստան էր եկել ուղիղ հայ-թուրքական սահմանով։ Հատուկ նրա համար բաց էր արվել սահմանը ինչպես Հայաստան գալիս, այնպես էլ մեկնելիս»։ Իսկ 2001թ. սկզբներին, երբ կրկին Հայաստան էր ժամանել Բիրանդը, Բոջոլյանը հայտնեց, որ ինքը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյան-Բիրանդ հանդիպմանը։ Նա տեղեկացրեց, որ 1997թ. ընդգրկվել է հայ- թուրքական բիզնեսի զարգացման հանձնաժողովում իբրեւ քարտուղար, այդտեղ էլ ծանոթացել է թուրքական կողմից հանձնաժողովի նախագահ Կաան Սոյակի հետ։ (Ի դեպ, նրանք 1998թ. այցելել են Ծիծեռնակաբերդ եւ, ինչպես մեղադրական եզրակացության մեջ էր արձանագրված, հենց այնտեղ էլ առաջարկել են, վերլուծական նյութեր պատրաստելու առաջարկով, դիմել Մուրադին, վճարման հիմունքներով)։ Մ. Բոջոլյանը հայտնեց, որ 1996թ. հրապարակումներ է պատրաստել թուրքական նորահայտ «Ռադիկալ» թերթի համար, այնտեղ տպագրել իր վերլուծականներից մասնավորապես մի հոդված («Ադրբեջանը՝ եղբայր, Վրաստանը՝ բարեկամ, իսկ Հայաստա՞նը…»), որը դուր էր եկել ինչպես Պոլսի հայ համայնքին, այնպես էլ թուրք լրագրողներին։ Նա հայտնեց, որ իր 4 հոդվածների համար թուրքական մամուլից ստացել է 600 դոլար։ «Ես թուրք լրագրողների հետ բացատրական աշխատանք եմ տարել, բացատրել, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալ քաղաքականություն է տանում Հայաստանի նկատմամբ եւ իմ ասածները եղել են համոզիչ»,- ասաց նա։ Ներկայացնելով ՀՀ նախագահի աշխատակազմում իր՝ իբրեւ ավագ թարգմանչի եւ գլխավոր մասնագետի աշխատանքը, նա հայտնեց. «Ինձ հաճախ էին հրավիրում թարգմանություններ կատարելու, որոնց համար ես չէի վարձատրվում, իսկ իմ ապրուստի միջոցը լրագրողական աշխատանքն էր եւ թարգմանությունները։ Ուզում եմ ընդգծել, որ նախագահի աշխատակազմում իմ աշխատանքը կրել է զուտ ձեւական բնույթ։ Նստելու թեկուզ մեկ աթոռ չեմ ունեցել։ Ամեն օր աշխատանքի չեմ հաճախել։ 10 օրը մեկ ես ներկայացել եմ իմ պատրաստած վերլուծական նյութերով, հարկ եղած դեպքում թարգմանություններ կատարել եւ ինձ նշանակված 20 հազար դրամը ստացել»։ Շփումներ ունեցել է Ժիրայր Լիպարիտյանի, Շահեն Կարամանուկյանի եւ, իհարկե, Ալիկ Հարությունյանի հետ։ Վերջինս էլ առաջարկել էր աշխատանքի անցնել արտաքին գործերի նախարարությունում։ Մի քիչ կենցաղային էր Բոջոլյանի ցուցմունքի վերջին մասը, ուր հայտնեց, որ պարտք է արել անգամ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանից, պոլսահայ ծանոթներից Սարգիս Հացբանյանից եւ թուրք մի քանի գործարարներից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել