Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՒՅՔ՝ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ԲԱՆԱՁԵՎԸ

Նոյեմբեր 05,2002 00:00

«ԳՈՒՅՔ՝ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի պատվիրակության կազմում են ռազմական բնագավառի ղեկավարներ, տնտեսական, առեւտրի ոլորտների փոխնախարարներ, ՌԱՈ ԵԷՍ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ: «Մինչ այդ այցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Կասյանովի այցով պետք է վերջ դնել պարտքի դիմաց հայկական ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու անցյալ տարի սկսված գործընթացին»,- իր հաղորդագրության մեջ հիշեցրել է «Ա1+»-ը: ՌԴ վարչապետն էլ Հայաստան է ժամանել հենց այդ հիմնական նպատակով: Նախատեսվում է, որ կողմերի հանդիպում-բանակցությունները կավարտվեն միջպետական պայմանագրի ստորագրմամբ, որով վերջակետ կդրվի Ռուսաստանի պարտքը ձեռնարկությունների միջոցով փակելու մեկ տարուց ավելի ձգվող գործընթացին: «Ազատություն» ռ/կ տեղեկատվության համաձայն, բանակցությունները վարում էին Հայ-ռուսական միջակառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը: «Այսպես կոչված «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակում ընթացող բանակցությունների ժամանակ դեռ անցած տարվա մարտին ՀՀ կառավարությունը պաշտոնապես հավանություն էր տվել Ռուսաստանի մոտ 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց փոխանցվող ձեռնարկությունների ցանկին»,- տեղեկացնում է «Ազատությունը», իսկ «Ա1+»-ը մասնավորեցնում, թե այդ պարտքի դիմաց նախատեսվում է ռուսներին հանձնել Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, Նյութաբանության ինստիտուտը եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունը: «Իլյա Կլեբանովի մատուցմամբ, ջերմակայանը հավատարմագրային կառավարման է հանձնվելու ՌԱՈ ԵԷՍ-ին, իսկ էլեկտրոնային ձեռնարկությունները՝ Ռուսաստանի համակարգային կառավարման դաշնային գործակալությանը: Ձեռնարկությունների հստակ գինը, սակայն, նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո չնշվեց»,- արձանագրում է «Ազատություն» ռ/կ-ն: Այսօր, սակայն, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ այդ գույքի փոխանցումով ամբողջովին մարվելու է ՌԴ հանդեպ ունեցած Հայաստանի պարտքը: Ռուսաստանի վարչապետը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել