Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ կտրվեք իրականությունից

Նոյեմբեր 05,2002 00:00

Մի՛ կտրվեք իրականությունից Թերեւս ծրագրային ելույթի ժանրի կանոննե՞րն էին պատճառը, որ ՀԺԿ նախագահի 30 րոպեանոց ելույթում հնչեցին գերազանցապես կաղապարային արտահայտություններ: «Զինվոր դառնալը հպարտության զգացում պետք է առաջացնի հայ պատանու, նրա ծնողի մոտ», «Հասարակության մեջ հայ կինը պետք է լինի բոլորի կողմից հարգված, վստահ իր երեխաների բարօրության նկատմամբ»՝ սրանք հատվածներ են Ստեփան Դեմիրճյանի ելույթի առյուծի բաժինը կազմող այն հատվածից, թե ինչ է ակնկալում ՀԺԿ-ն ժողովրդի կողմից ընտրված նախագահից: Ակնկալիքները շուրջ 50-ն են, որոնք բոլորն էլ դեկլարատիվ բնույթի են՝ «պետք է մշտապես գտնվի նախագահի ուշադրության կենտրոնում», «սահմանել վերահսկողություն», «պայմաններ ստեղծել», «անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել», «պետք է ամեն կերպ աջակցել», «անհրաժեշտ է կասեցնել» եւ վերջապես՝ «պետք է անհաշտ պայքար մղել»: Ստեփան Դեմիրճյանի ելույթի անգամ սուր եւ քննադատական հատվածներն էին զերծ որոշակիությունից: Այսպես, նախ ասաց՝ «Շատ իշխանավորների մտահորիզոնը սրճարան բացելուց կամ երթուղային գիծ ձեռք բերելուց այն կողմ չի անցնում»՝ չբացահայտելով, թե խոսքն ում մասին է: Հետո հայտարարեց՝ «Այն կասկածները, որ գոյություն ունեն հասարակությունում, բխում են հենց իշխանությունների գործելակերպից»՝ չանդրադառնալով, թե հատկապես որ կասկածների մասին է խոսքը: Իսկ հետո նշեց՝ «Շատերը, հոկտեմբերի 27-ից հետո կորցնելով իրենց հիշողությունը, կորցրին նաեւ արժանապատվությունը եւ ինքնասիրությունը: Նողկանքի աստիճանի հասնող քծնանքը ոմանց համար դարձավ քաղաքական գործելակերպ»՝ էլի չհստակեցնելով իր ասելիքի հասցեատերերին: Այսուհանդերձ, ասենք, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը լրագրողներին հայտնել էր, թե բարձր է գնահատում Դեմիրճյանի ներկայացրած ծրագիրը: Նաեւ ասել էր, որ նախագահի պաշտոնում Ստեփան Դեմիրճյանի առաջադրվելու մտադրությունը լուրջ մտահոգություն կպատճառի եւ խորապես կվշտացնի նախագահ Քոչարյանին, բայց ոչ երբեք իրեն. «Մենք ունենք մեկ հակառակորդ՝ Ռոբերտ Քոչարյանը: Մյուսներս իրար բարեկամ ենք»: Համագումարի ավարտից հետո «Առավոտը» փորձեց ստանալ առավել որոշակի պատասխաններ: Մեր հարցին, թե՝ քանի որ համագումարն իրեն չլիազորեց շարունակել բանակցություններն ընդդիմության միասնական թեկնածու ընտրելու վերաբերյալ («ԱՄ» համագումարն էլ չէր լիազորել Գեղամյանին), արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ինքը եւս գնալու է մինչեւ վերջ եւ ոչ մի պարագայում չի հանելու թեկնածությունը, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա: Մենք պատրաստ ենք մյուս ուժերի հետ նստել, քննարկել: Այսօր չեմ ուզում կանխատեսումներով զբաղվել, ասել, թե ինչ կլինի, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք քննարկել եւ, ինչպես միշտ՝ գնալ համախմբման ճանապարհով»: Փորձեցիք պարզել, թե որո՞նք են այն թեկնածուները, որոնց օգտին պրն Դեմիրճյանը կհաներ իր թեկնածությունը՝ Արմեն Սարգսյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, գուցե Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, որի պաշտպանությամբ 1996-ին հանդես էր եկել Կարեն Դեմիրճյանը: Պատասխանը կրկնվեց. «Համագումարն ընդունեց որոշում, եւ ես, իհարկե, պարտավոր եմ կատարել այն: Բայց սա չի նշանակում, թե մենք չենք քննարկելու միասնական թեկնածուի հարցը մյուս ուժերի հետ, իսկ անձերի մասին խոսել, կարծում եմ, հիմա նպատակահարմար չէ»: Մեր հարցին, թե սեփական գնահատականով՝ ինքն ունի՞ բավարար փորձառություն երկիրը ղեկավարելու համար, ՀԺԿ նախագահը պատասխանեց. «Կգերադասեի իմ մասին չխոսել: Միայն կարող եմ ասել, որ ես ունեմ սթափ մոտեցումներ: Հավատացեք, որ չեմ կտրվում իրականությունից»: Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ «Նորմալ է վիճակը «16»-ում», մինչդեռ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի գնահատականով, որը հրապարակվել է կուսակցության պաշտոնաթերթում՝ «16»-ի միավորումը շարունակում է գործել ինքն իր համար՝ հասարակական միջավայրում խորացնելով հուսահատության սերմերը, իր շարքային ներկայությամբ՝ հետաձգելով Քոչարյանի ապօրինի վարչախումբը երկրից հեռացնող այլընտրանքային կենտրոնի ձեւավորումը: Ընդդիմությունը դարձել է Արտաշես Գեղամյանի ամբիցիաների, Աշոտ Մանուչարյանի պարզամիտ-գեոպոլիտիկ խաղերի պատանդը»: Համամի՞տ է արդյոք այս գնահատականներին ՀԺԿ նախագահը. «Բոլոր դեպքերում՝ այդ կարծիքին չեմ: Ենթադրություններ, կանխատեսումներ անել չեմ ուզում, չեմ սիրում: Բայց շուտ է նաեւ խոսել փլուզման մասին: Ես համոզված եմ, որ, ի վերջո, համախմբման այս գործընթացները տալու են դրական արդյունքներ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել