Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՎԱԾ Է. ԱԿԱՆՆԵՐ ՉԿԱՆ

Նոյեմբեր 05,2002 00:00

ՍՏՈՒԳՎԱԾ Է. ԱԿԱՆՆԵՐ ՉԿԱՆ ՀԺԿ արտահերթ 3-րդ համագումարն ընթացավ վաղօրոք հայտնի բեմագրով եւ շուրջ 600 պատվիրակները Ստեփան Դեմիրճյանին միաձայն առաջադրեցին հանրապետության նախագահի թեկնածու: Այդ պահին դահլիճում այլ կուսակցություններից մնացել էին միայն «Հանրապետության» գործիչները, որոնք առաջադրումը ողջունեցին հոտնկայս ծափերով: Ելույթ ունեցած բոլոր կուսակցականները՝ սկսած ՀԺԿ «Կենտրոն» տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Կանդայանից, որն առաջինն առաջադրեց Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, նման բնութագրումներով էին հիմնավորում, թե նա ունի նախագահ լինելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ «մարդ է, որն իր հոր գործի շարունակողն է», «փառք Աստծո, որ ինքը Կարեն Դեմիրճյանի որդին է», «Կարեն Դեմիրճյանի երիտասարդ տարբերակն է», «ազնվագույն ծագում ունի» եւ այլն: Առանձնահատուկ նշվեց անգամ Ստեփան Դեմիրճյանի «բոյ-բուսաթը», նախագահի համար անհրաժեշտ արտաքին տեսքը: Ընդսմին, ամեն անգամ, երբ թվարկվում էին այս բարեմասնությունները, ներկաները բուռն, երկարատեւ ծափերով, որոնք փոխվում էին օվացիայի, ողջունում էին ՀԺԿ նախագահին եւ նույնիսկ փորձում էին դա անել հոտնկայս: Մի երկու անգամ դա նրանց հաջողվեց, բայց հետո Ստեփան Դեմիրճյանը զսպում էր՝ ափով նստելու շարժումներ անելով: «Ջիգյարով դահլիճ է»,- արձանագրեց ԳիԱրՔՄի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը: Քանզի բուռն ծափահարությունների էին արժանանում ոչ միայն սեփական, այլ նաեւ՝ «16»-ի դաշնակից կուսակցությունների ղեկավարները: Վերջիններիս, ի տարբերություն «Ազգային միաբանության» համագումարի, ոչ թե ստիպել էին ծվարել հեռավոր օթյակում, այլ՝ տեղ էին հատկացրել առաջին շարքերում, նաեւ՝ հնարավորություն ընձեռել ողջույնի խոսք ասել, որն էլ մի առանձին շուք հաղորդեց ՀԺԿ համագումարին: Ասենք՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, թե այս համագումարը շրջադարձային կդառնա մեր երկրի պատմության համար: «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը ՀԺԿ-ն անվանեց «ընդդիմության գլխավոր հարվածային ուժերից մեկը», որը ջլատումներից դուրս եկավ «միասնական եւ մոբիլ»: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն արժանացավ ամենաշատ ծափահարությունների, որոնք ուղղակի վկայությունն էին, թե ՀԺԿ-ի համար 16 կուսակցություններից որ մեկն է ամենամերձավոր եւ նախընտրելի դաշնակիցը: Զգացումները, կարելի է ասել, փոխադարձ են, քանզի Արամ Սարգսյանն էլ չխնայեց ջերմ խոսքեր՝ «հաճույքով եւ սիրով» ողջունելով համագումարականներին, հաճոյախոսություններ շռայլելով ՀԺԿ «հզորության եւ վճռականության» մասին. «Նայելով ձեզ՝ ես տեսնում եմ «Միասնություն» դաշինքի շարունակությունը, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գործի շարունակությունը»: Ինչ վերաբերում է այլ դաշնակիցներին. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ «Այն, որ 16 կուսակցություն սովորեցին իրար հետ խոսել, կիսվել՝ դա արդեն մեծ բան է: Վերջում, մեկ է, երկիրը կառավարվելու է 16, 20 կամ 5 կուսակցությունների միջոցով: Սովորենք իրար հետ աշխատել»: Իսկ ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը կոչ արեց՝ մի կողմ թողնել «անհիմն տարաձայնությունները» կամ պատվախնդրությունը եւ «միահամուռ լծվել հայ ժողովրդի փրկության սրբազան գործին»: Սակայն ներկայացնենք նաեւ ՀԺԿ գործիչների ելույթները, որոնցում զգալի մաս էր կազմում 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվածի հետեւանքների իմաստավորումը: Ըստ ՀԺԿ Վանաձորի տարածքային կազմակերպության նախագահ Ֆրունզե Թադեւոսյանի՝ «Իշխանությունները եւ իշխանամետ ուժերը փորձում են հովանավորել մարդասպաններին»: Ծափերի արժանացավ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանի հետեւյալ խոսքը. «Քոչարյանից անգամ գաղտնիք չէ, որ այսօր երկրի հասարակական կարծիքը նրան բացեիբաց մեղադրում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը հովանավորելու մեջ: Կարծում ենք, այս կապակցությամբ, իրեն եւ երկրին հարգող նախագահն առանց հասարակությանը հիմնավոր բացատրություններ տալու՝ չի կարող որպես թեկնածու ներկայանալ երկրի նախագահական ընտրություններում»: Լարիսա Փարեմուզյանը նշեց, որ Քոչարյանն անառողջ է դարձրել երկրի մթնոլորտը. «Իր իսկ ստեղծած մթնոլորտը բումերանգի պես հարվածեց պրն Քոչարյանին, որին այդպես էլ, որպես երկրի նախագահ, չհաջողվեց դառնալ ազգի միասնության խորհրդանիշը»: Ռուբեն Կանդայանի գնահատականով՝ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել իր նախընտրական որեւէ խոստում. «Նախագահի եւ նրա շրջապատի ինքնագոհ պահվածքը, մեծամիտ արտահայտությունները, չթաքցված արհամարհանքն էլ ավելի են խորացրել ժողովրդի հակակրանքն իշխանությունների նկատմամբ»: ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն էլ ելույթում Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց «Միասնություն» դաշինքի փլուզման մեջ. «Եվ փորձ արվեց նաեւ քայքայել Կարեն Դեմիրճյանի թողած քաղաքական ժառանգությունը՝ ՀԺԿ-ն, նրա հետքը ջնջել քաղաքական դաշտից: Սակայն ստացվեց հակառակը՝ գրավելով դեպի իրեն շահամոլներին, քաղաքական սկզբունքներ չունեցող մշտական եւ պոտենցիալ դավաճաններին՝ մաքրեցինք դրանցից կուսակցությունը: Նրանք հաստատուն կաղնու այն նվազ տերեւներն էին, որ քամու թեթեւ շարժումից պոկվեցին եւ ընկան գետնին»: Արմեն Խաչատրյանին, Գագիկ Ասլանյանին եւ իր ԺԴԿ-ին այս համագումարում այլ անուղղակի անդրադարձեր էլ եղան, որոնցից ամենասուրը Սեւակ Այվազյանի խոսքն էր՝ է՛լ «մարդակերպ ականների կողմից իրականացված սպիտակ տեռոր», է՛լ Կարեն Դեմիրճյանի հանդեպ նվիրվածության դիմակով իրենց շահամոլությունը քողարկած կերպափոխուկներ, որոնք «նյութապաշտորեն եւ դավաճանաբար գերադասեցին ոճրագործության հետեւանքով առաջացած կշեռքի ծանր կողմը… արդարացնելով դավադրության կազմակերպիչների հաշվարկները, ինչպես նաեւ՝ դավաճանների ծառայությունների համար իշխանություններից ստանալով հարամ դիվիդենտներ»: ՀԺԿ ցուցակով ընտրված պատգամավոր Սերգեյ Իսրայելյանը հիշեցրեց ՀԺԿ նախորդ համագումարը, «երբ բոլորս ոտքի կանգնեցինք, ծափահարեցինք, պաչ-պռոշտի արեցինք, հետո դավաճաններ դուրս եկան… Էնպես որ, եկեք էսօր, քանի շուտ ա հլը՝ այս հարցը պարզենք. այլեւս մեզ մոտ դավաճաններ չպետք է լինեն»: Դահլիճից նրան արձագանքեցին. «Այստեղ դավաճաններ չկան»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել