Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Նոյեմբեր 05,2002 00:00

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Որն առաջարկում են «16»-ի անդամ պատգամավորները «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, հաշվի առնելով անցած ՏԻՄ ընտրությունների տխուր փորձն ու առաջիկա նախագահական ընտրություններում դրանք հնարավորինս բացառելու հրամայականը, համաձայնեք, կարեւոր հարց է: Օրենսդրական այդ նախաձեռնության հեղինակը խորհրդարանում ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորների միավորումն է՝ ի դեմս միավորման համակարգող Շավարշ Քոչարյանի: Օրենսդիրներն առաջարկում են գործող օրենքում կատարել 26 փոփոխություն եւ լրացում, որոնց անհրաժեշտությունը, այսպես թե այնպես, պայմանավորված է հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով: Իսկ դրանք՝ իբրեւ նախագահական ընտրությունների փորձաքար, ցույց տվեցին, որ նախ՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը պետք է վերանայել կամ նրանց գործունեությունը հնարավորինս վերահսկելի դարձնել այդ նույն հանձնաժողովներում ներկայացուցիչ չունեցող թեկնածուների ու քաղաքական ուժերի կողմից, անշուշտ, դրա դրական իմաստով, թեկնածուների վստահված անձանց իրավասություններն ու լիազորությունները հստակեցնել՝ բացառելու համար հանձնաժողովականների՝ վերջիններիս քվեարկությունների ու հաշվառման գործընթացներից հեռու պահելու կամայական ու անօրինական որոշումների կայացմանը, նաեւ՝ ընտրացուցակների ձեւավորման կարգի հստակեցմանը: ԱԺ-ում, ըստ էության, «16»-ի միավորման ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը հենց այդ հարցադրումներին էր վերաբերում: Հիշյալ փոփոխությունների կամ լրացումների թվում առաջարկվում է. մասնավորապես մեծ իրավասություններ են նախատեսվում թեկնածուների կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների վստահված անձանց համար: Այդ օրինագծով ընտրական հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով եւ քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ համամասնական ընտրակարգով գրանցված ոչ թե մեկական, այլ՝ երկուական վստահված անձ: Մեկ այլ պարբերությամբ արձանագրված է. «Ոչ ոք, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց, դիտորդներին կամ ԶԼՄ ներկայացուցիչներին դուրս հանել քվեարկության սենյակից, կամ ցանկացած այլ կերպ նրան մեկուսացնել հանձնաժողովի աշխատանքներից, բացառությամբ՝ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի»: Վստահված անձինք, ի դեպ, օրինագծի համաձայն, իրավունք ունեն քվեարկությունների օրն անարգել կերպով վերահսկել ընտրողին քվեաթերթիկ տալու, նաեւ՝ քվեարկելու «արարողությունը»՝ լինելով ընդհուպ մինչեւ քվեատուփի մոտ: Ընդդիմադիրները նաեւ առաջարկում են Օրենսգրքում ամրագրել, որ «Քվեարկության եւ նրա նախորդող օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ քարտուղարը մահացել են կամ կորցրել ընտրական իրավունքը, ընտրական հանձնաժողովի անդամի եւ ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի եւ քարտուղարի փոփոխություն չի թույլատրվում»: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հիշյալ օրինագիծը կարեւորելով արձանագրեց. «Շատերը փորձում են ՏԻՄ ընտրությունները ներկայացնել իբրեւ հաջողված: Իրականում մենք տրամագծորեն հակառակ կարծիք ունենք»: Գործող oրենսգիրքը նա այսպես որակեց՝ «կարեւոր չէ՝ ինչպես են քվեարկում, կարեւորն այն է, թե ինչպես եւ ով է հաշվում» եւ ավելացրեց. «Ցավոք, ակնհայտ դարձավ, որ հանձնաժողովների ձեւավորման այն մեխանիզմը, որը «հռչակեց» ՀՀԿ-ն՝ ակնհայտորեն ՀՀ նախագահի թելադրանքով, մեծագույն բարդությունների հանգեցրեց»: Ըստ պատգամավորի՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործող կարգը հանգեցնում է վերջիններիս կողմից խիստ կամայական որոշումների ընդունմանը, ինչպիսին էր նաեւ դիտորդներին, վստահված անձանց դուրս մղելու քվեարկության ընթացքը: «Կարծում եմ, այդ խայտառակ ընտրություններն ուղղակիորեն թելադրում են «Ընտրական օրենսգրքում» լուրջ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը, բայց հաշվի առնելով գործող ԱԺ որակը, այդ փոփոխությունները պետք է նրան պարտադրվեն»,- հայտարարեց Ա.Սադոյանը՝ նկատի ունենալով, որ գործող խորհրդարանն իր իշխանամետ ուժերի մեծամասնությամբ ու գործադիր օղակով ոչինչ չի խնայի այդ նախաձեռնությունը տապալելու համար: Պատգամավորի պնդմամբ, այդ նախագիծն ընդունել տալու իմաստով՝ «ավելի քան կարեւոր եւ անհրաժեշտ է դառնալու ժողովրդի մասնակցությունն ու ճնշումը օրենսդիր մարմնի վրա»: Ա.Սադոյանն արձանագրեց, որ «ԸՕ» փոփոխություններն առաջնային են լինելու առաջիկա ժամանակահատվածի համար: Ի դեպ, նա նաեւ հայտարարեց, որ ընդդիմությունը պատրաստ է նաեւ անօրինական քայլերի դիմել, եթե նույնկերպ իշխանությունները փորձեն տապալել ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունը: «Դրա դեմ զանգվածային պայքար է պետք, եւ ես չէի ուզենա, որ այդ պայքարը 2003-ի փետրվարին վերաճեր քաղաքացիական պատերազմի»,- նկատեց Ա.Սադոյանն ու կոչ արեց քաղաքացիներին լայն մասնակցություն ունենալ այդ հարցում եւ աջակցել ընդդիմադիր պատգամավորներին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել