Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Նոյեմբեր 02,2002 15:08

Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին

Սկիզբը՝ թիվ 198, 200-ում

Ո՞րն է Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման էությունը

Առավել, եւս, որ ժամանակի ընթացքում հետզհետե ավելի պարզ էր դառնում այն իրողությունը, որ մենք խոշոր տերություններին ավելի շատ (միգուցե եւ հիմնականում) հետաքրքրում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով (այդ խնդրում մեր պատասխանատվությունների եւ դերակատարման համար) եւ, հետեւաբար, կոնֆլիկտի կարգավորման միջազգային գործընթացին մեր պարտադիր եւ անմիջական մասնակցությունն այն միակ հնարավորությունն է, որով մենք կարող ենք նույն հանրության առջեւ դնել մեր երկրի կայուն զարգացման տարածաշրջանային երաշխիքների խնդիրները եւ հետամուտ լինել դրանց լուծմանը։

Այլ կերպ ասած, անհրաժեշտ էր գնահատել, թե որակապես նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում որքանով հնարավոր կլիներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ծառայեցնել Հայաստանի կայուն եւ անվտանգ զարգացումն ապահովելու նպատակին (միայն ազատ զարգացող եւ վստահելի ապագա ունեցող Հայաստան պետությունը կարող է լինել արցախահայության խնդիրների կարգավորման գլխավոր գրավականը): Առավել եւս, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հայաստանի կայուն զարգացման տեմպերն ու հնարավորությունները դեռ երկար ժամանակ պայմանավորված կլինեն մեր հարեւանների քաղաքական կամեցողությամբ, այն դեպքում, երբ Հայաստանը հարեւանների նման միակողմանի ազդեցությունը ոչ միայն հակակշռելու, նույնիսկ մեղմելու որեւէ արդյունավետ լծակ չունի։

Հասկանալի է, որ հակազդեցության նման լծակների ձեւավորում անհրաժեշտ է նախ եւ առաջ տարածաշրջանում երկրների ռազմավարական շահերն ու հետաքրքրությունները հավասարակշռելու, հետեւաբար եւ փոխադարձ վստահության մթնոլորտում նրանց խաղաղ եւ կայուն զարգացումը երաշխավորելու համար։ Բայց նման խնդիրներում յուրաքանչյուր երկիր մտածում է միայն իր մասին եւ փորձում է առավելագույնը կորզել հօգուտ իրեն՝ օգտագործելով իր բոլոր հաղթաթղթերը։ Այդ իմաստով կարելի է արձանագրել, որ վերջին յոթ-ութ տարիների ընթացքում ժամանակը աշխատեց հօգուտ մեր հարեւանների։ Շնորհիվ նրանց իշխանությունների սկզբունքային եւ հետեւողական քաղաքականության,, այդ երկրներով են անցնում էներգակիրների տեղափոխման ոչ միայն տարածաշրջանային, այլեւ տրանսնացիոնալ նշանակության մայրուղիները, մի գործոն, որն ի լրումն նրանց հարմար աշխարհագրական դիրքին, այսօր ապահովում է այդ երկրներին տարածաշրջանում ավելի լուրջ եւ պատասխանատու դերակատարում, հետեւաբար, քաղաքական արդյունավետ մենեջմենթի պարագայում՝ նաեւ զարգացման եւ մրցունակության լուրջ հեռանկարներ (ի վերջո տարիներ անց պատմությունը կարող է չհիշել այն ներպետական եւ ներքաղաքական դժվարությունները, որում այսօր հայտնվել է Վրաստանը, բայց, ամենայն հավանականությամբ, կարձանագրի, որ այս ժամանակահատվածում ձեւավորվեցին այդ երկրի երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ աշխարհաքաղաքական երաշխիքները՝ ի դեմս էներգակիրների տեղափոխման մայրուղիների։ Մինչդեռ մենք անցած տասնամյակը ինչպես սկսեցինք շրջափակումով եւ հայ-վրացական ու հայ-իրանական մշուշոտ հարաբերություններով եւ դրանց վրա քիչ թե շատ արդյունավետ ազդելու անկարողությամբ, այդպես էլ ավարտեցինք այն): Եվ եթե ավելացնենք, որ նման հարցերում կորսված ժամանակն ու հնարավորությունը վերականգնելը, որպես կանոն, դառնում է կամ անհնար, կամ շատ թանկ է արժենում, ապա հասկանալի է, թե ապագայի համար ինչ կարեւորություն է ձեռք բերում աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների սթափ գնահատումը եւ պատմության ու ժամանակի կողմից ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործումը:

Մեծ իմաստով, տարածաշրջանի հավասարակշռության եւ անվտանգության ապագա կառուցվածքի նկատմամբ իր պահանջներն ու մտահոգությունները միջազգային հանրությանը հրապարակավ ներկայացնելու լավագույն հնարավորությունը Հայաստանն ուներ անցած տասնամյակի առաջին կեսում, երբ տարածաշրջանում ուժերի եւ ազդեցության լծակների ձեւավորման գործընթացը գտնվում էր սաղմնային փուլում եւ յուրաքանչյուր երկիր փորձում էր նրանում իր համար առավել նպաստավոր մեկնարկային դիրքեր ձեռք բերել։ Իսկ գործնականում, տարածաշրջանի ներդաշնակ զարգացման հարցերում Հայաստանի մնայուն եւ հավասարակշռված մասնակցությունն ու ազդեցությունը երաշխավորող պահանջներ ներկայացնելու հնարավորությունը ավելի ռեալ դարձավ զինադադարից հետո, երբ մեր ձեռքում էին ամենաուժեղ հաղթաքարտերը։ Նախ՝ միջազգային հանրությունը Հայաստանին դիտում էր որպես տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ եւ ապա մենք, հանուն տարածաշրջանի ապագա կայունության, ընդհատեցինք պատերազմում մեր հաղթարշավը եւ համաձայնեցինք զինադադարի։ Այսինքն, քանի դեռ միջազգային հանրության կողմից Հայաստանը ընդունվում էր Հարավային Կովկասում որպես ժողովրդավարության պատվար, պետք էր ավելի անկաշկանդ բարձրացնել երիտասարդ ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ տարածաշրջանային նշանակության երաշխիքների հարցը։

Բայց, դա ենթադրում է, որ նախ ինքներս մեր զարգացման եւ ապագայի համար պետք է իմաստավորեինք եւ արժեւորեինք թե հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությունը եւ թե մեզանում դեռ սաղմնային վիճակում գտնվող ժողովրդավարական գործընթացների կարեւորությունը։ Մի բան, որ տեղի չունեցավ (եւ, ցավոք, տեղի չի ունեցել առ այսօր), եւ վերը նշված «դիրքային առավելությունը» երկար չտեւեց։ Այն մասամբ խաթարվեց 1995թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում (երբ միջազգային հանրությունը առաջին անգամ արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարությունից իշխանությունների նահանջի կապակցությամբ), իսկ ընդդիմության 1996թ. սեպտեմբերյան քաղաքական ավանտյուրան այդ առավելությունները իսպառ վերացրեց եւ մեզ միջազգային հանրությանը ներկայացրեց որպես քվազիժողովրդավարական պետություն՝ լեգիտիմության առումով խոցելի իշխանություններով (ի դեպ, միջազգային հանրության արձագանքն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց եւ մի քանի ամիս անց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանին ներկայացվեց «դեղին քարտ»): Արդյունքում, մենք ոչ միայն կորցրինք տարածաշրջանային նշանակության հարցերում «հայկական գործոնին» նոր որակ եւ բովանդակություն հաղորդելու՝ պատմությամբ տրված բացառիկ հնարավորությունը (այսինքն՝ հասնել տարածաշրջանում ուժերի եւ ազդեցությունների այնպիսի հավասարակշռության ձեւավորմանը, որի պայմաններում նպատակահարմար չի լինի ռեգիոնի հեռանկարին վերաբերող հարցերի լուծումը՝ առանց Հայաստանի գործնական մասնակցության), այլեւ անդարձելիորեն հեռացանք Ղարաբաղի խնդիրը մեր համազգային ցանկություններին համապատասխան լուծելու հնարավոր որեւէ տարբերակից։

Ավելին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեր կողմից նրա աշխարհաքաղաքական էության անտեսումը հանգեցրեց նրան, որ 1998-ից հետո այն Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունից աստիճանաբար (մեր ակտիվ աջակցությամբ) «վերաճեց» Հայաստան-Ադրբեջան հակամարտության՝ պարարտ հոդ ստեղծելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր, ընդ որում՝ մեզ համար շատ վտանգավոր վերաձեւումների համար՝ տեղ չթողնելով Հայաստանի ապագային առնչվող հարցադրումներին (որոնք, ի դեպ, առանձնահատուկ կարեւորություն են ստանում ազգային տնտեսությունների կատաղի մրցակցության պայմաններում):

Այդ ամենի արդյունքում, այսօր արեւելքից արեւմուտք ձգվող բոլոր էներգատարները, որպես կանոն, սկիզբ են առնում Բաքվից, անցնում Թբիլիսիով եւ գնում են դեպի Թուրքիա՝ շրջանցելով Հայաստանը, (արդեն հայտնի է, որ, ի լրումն Բաբու-Թբիլիսի Սուպսա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարների, ոչ հեռու ապագայում կսկսվի նաեւ Բաքու-Թբիլիսի-Ղարս գազատարի շինարարությունը): Իսկ մեր ստրատեգիական գործընկեր եւ բարեկամ երկրները, իրենց ռազմավարական նշանակության էներգետիկ ծրագրերում չեն շտապում Հայաստանի հետ համագործակցել (Ռուսաստանը գերադասում է իր գազը Թուրքիային վաճառել Սեւ ծովի հատակով անցնող թանկարժեք գազատարով, իսկ Իրանը՝ Իրան-Հայաստան (հետագայում Եվրոպա դուրս գալու հեռանկարով) գազատարի շինարարության շուրջ տասնամյա պատմություն ունեցող «միջպետական զրույցներից» հետո փորձում է իր գազը Թուրքիայի միջոցով վաճառել Արեւմտյան Եվրոպային): Բնական է, որ նման հարցերում յուրաքանչյուր երկիր ելնում է բացառապես իր անվտանգության եւ տնտեսության երկարաժամկետ նպատակահարմարություններից, եւ չես կարող որեւէ մեկին մեղադրել։ Բայց միամիտ է ենթադրել, որ այս տարածաշրջանում բոլորն ունեն իրենց ռազմավարական հետաքրքրությունները, իսկ Հայաստանը դրա անհրաժեշտությունը չունի։ Եվ եթե տարածաշրջանային անվտանգության համակարգում սեփական մնայուն տեղն ու դերն ունենալու խնդիրները մեր արտաքին քաղաքական հարցադրումներում շարունակեն մնալ չիմաստավորված եւ որպես երկրորդական նշանակության հարցեր, ապա բոլորովին էլ չափազանցված չպետք է համարել այն հեռանկարը, երբ Արեւելքի երկրներն Եվրոպայի հետ հաղորդակցվելու խնդրում Հայաստանի անհրաժեշտությունը չեն զգա իսպառ։ Ըստ էության, այսօր մնացել է միայն

մեկ կառույց, որով Հայաստանը դեռ կարող է փորձել ձեռք բերել որոշակի դերակատարում տարածաշրջանում եւ ապահովել իր գործնական մասնակցությունն Արեւելք-Արեւմուտք քաղաքական-տնտեսական առանցքային համագործակցությանը։ Դա երկաթուղին է։ Բայց եթե Թուրքիային հաջողվի կյանքի կոչել Ղարս-Թբիլիսի երկաթգծի ծրագիրը, որն այդքան էլ անիրատեսական չի թվում (եւ անկասկած կուժեղացնի տարածաշրջանում Թուրքիայի առանց այդ էլ օրեցօր աճող քաղաքական-տնտեսական ազդեցությունը), ապա Հայաստանի համար վերը նշված հնարավորությունը նույնպես կարելի է համարել սպառված եւ տարածաշրջանում «լուսանցքային երկրի» ապագան մեզ համար կդառնա ավելին քան ուրվագծված։

Բայց արդյո՞ք մեր բնականոն զարգացումն ապահովելու համար տարածաշրջանում անհրաժեշտ ազդեցություն ունենալու բոլոր հնարավորությունները կարելի է համարել այլեւս սպառված։ Արդյո՞ք հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դեռ իր մեջ պահպանում է այդչափ քաղաքական ռեսուրս՝ նման խնդիրների լուծմանը հասնելու համար։ Եվ, վերջապես, արդյո՞ք մեր քաղաքական այսօրվան ու ապագային առնչվող մի շարք կնճռոտ հարցերին (օրինակ, հայ-թուրքական հարաբերություններին) անդրադառնալը՝ որոշակի արդյունքներ գրանցելու առումով, կարող է արդյունավետ լինել առանց տարածաշրջանային անվտանգության համակարգում սեփական մնայուն տեղն ու դերն ունենալու։ Ընդ որում, սրանք հռետորական հարցադրումներ չեն եւ պետք է հուզեն մեր վաղվա օրով մտահոգ յուրաքանչյուրին։

Վերը նշված հարցերի պատասխանները գտնելու համար հարկավոր է նախ, մեր զարգացման խնդիրներում կարեւորել աշխարհաքաղաքական դերակատարում ունենալու պարագան, եւ երկրորդ, միջազգային հանրությանը հստակ հայտարարել, որ հետամուտ լինելով Լեռնային Ղարաբաղի անվտանգ զարգացման երաշխիքների սահմանմանը, հայկական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է համարում որոշակի փոխզիջումներ, բայց վերջիններս կարող են ավելի հավանական լինել այն դեպքերում, երբ դրանք փոխհատուցվեն տարածաշրջանի կայուն զարգացման խնդիրներում Հայաստանի մնայուն մասնակցությունն ու հավասարակշռված ազդեցությունն ապահովող երաշխիքներով (օրինակ, Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա մայրուղով որեւէ էներգակրի տեղափոխման ծրագրով):

Իհարկե, միամիտ կլիներ ենթադրել, որ դա շատ հեշտ է անել, առավել եւս վերջին տարիներին բանակցությունների առարկայի, «բոլորի կողմից» ընդունելի համարվող, մեկնաբանության պարագայում (երբ խնդրո առարկա է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի՝ միմյանց եւ Ղարաբաղի վրա ազդելու հնարավորությունների հավասարակշռումը՝ առանց տարածաշրջանում նրանցից յուրաքանչյուրի ազդեցություններն ու հետաքրքրությունները հավասարակշռելու խնդիրների): Բայց, եթե մենք չձգտենք հասնել նրան, որ հակամարտության հետեւանքով մեր ժողովրդի կրած զրկանքները ու տառապանքները փոխհատուցվեն մեր սերունդների անվտանգ զարգացումը երաշխավորող «մնայուն» հնարավորություններով՝ այդ նպատակին ծառայեցնելով թե Հայաստանի եւ թե սփյուռքի քաղաքական եւ տնտեսական ողջ ներումը, ապա շատ մոտ ապագայում ստիպված ենք լինելու արձանագրել, որ արտաքին քաղաքականության ոլորտում մենք տարիներ շարունակ հետապնդել ենք Հայոց անկախ պետության ապագայի համար կեղծ եւ արժեք չներկայացնող նպատակներ։

Ընդ որում, նման մոտեցումը բոլորովին չի հակադրվում հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին, քանի որ դժվար է ենթադրել, որ այսքան զոհերից ու ավերածություններից հետո այս ժողովուրդները կհամաձայնեն հակամարտության կարգավորման որեւէ լուծման, եթե այն նրանց չի տալու թե միմյանց հետ եւ թե տարածաշրջանում անվտանգ եւ փոխադարձ վստահության մթնոլորտում ապրելու, արարելու եւ ազատ զարգանալու երաշխիքներ։

Հետեւաբար, տվյալ պարագայում հարցին պետք է մոտենալ բացառապես այն տեսանկյունից, որ հակամարտության կարգավորում ասելով բոլորի համար հասկանալի լինի նրա այնպիսի լուծումը, որը տարածաշրջանի ժողովուրդներին (ոչ միայն հակամարտության կողմերին) ներշնչի վստահություն թե սեփական եւ թե իրենց հավաքական ապագայի հանդեպ։

Եվ սա պետք է լինի թե մեր եւ թե բոլոր նրանց խնդիրը, ովքեր գործնականում շահագրգռված են տարածաշրջանի խաղաղ եւ կայուն զարգացման հեռանկարում։ Ահա սրանում պետք է տեսնել Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման ողջ էությունը։

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930