Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լրատվության «ազդարարը»

Նոյեմբեր 02,2002 00:00

Հայ լրատվության «ազդարարը» «Որտեղ էլ լինեն հայերը, նրանք առաջին հերթին հիմնադրում են իրենց դպրոցը, եկեղեցին եւ լրագիրը»,- գրել է ֆրանսիացի հայագետ Դյուլորիեն։ 1794թ. հոկտեմբերի 16-ին հեռավոր Հնդկաստանի Մադրաս նավահանգստային քաղաքի հայկական բազմամարդ գաղութի եկեղեցու քահանա Հարություն Շմավոնյանը հիմնադրում եւ հրատարակում է «Ազդարար» լրատվական ամսագիրը, որին վիճակված էր դառնալ հայկական լրատվական անդրանիկ պարբերականը։ «Ազդարարը» լույս տեսավ ընդամենը 18 ամիս, փոքր տպաքանակով եւ հայ վաճառականների օգնությամբ տարածվեց աշխարհի հայաշատ գաղութներում, ինչպես նաեւ Հայաստանում։ Նա ոչ միայն զուտ լրատվական օրգան էր հանդիսանում, այլ նաեւ հասարակական-քաղաքական գաղափարների ազատ արտահայտման, մայր հայրենիքի ազատագրման կոչերի, հայրենադարձության քարոզչության եւ հայ նոր գրականությունն աշխարհաճանաչման ներկայացնող մի բարձր տրիբունա։ Նման բովանդակությամբ համակված բազմաթիվ հոդվածների հեղինակ էր նաեւ «Ազդարարի» խմբագիր Հարություն Շմավոնյանը։ Նա կոչ էր անում բոլորին գնալ իրենց նախնիների երկիրը, ասելով. «Առեք ձեր գանձերը միաբան եւ գնացեք իսկույն Հայաստան աշխարհը, որովհետեւ այն է ձեր տունը եւ միայն ձերն է, ուստի արժանի է ձեր գերեզմանը լինելու..»։ Պանդուխտ հայերի եւ կապիտալների գաղթ, երկրի շենացում եւ լուսավորում, ահա սա էր Մադրասի հրապարակախոսի հոգու պահանջը, որը ներկայումս էլ հրամայական է։ Մեկուկես տարի կանոնավոր լույս տեսնելուց հետո, միջոցների պակասության պատճառով, դադարեցվեց ամսագրի հրատարակությունը։ Նրա խմբագրի հետագա գործունեության ու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են մնացել։ Հայտնի է, որ նա ծերության տարիներին հարազատների պատճառով մեծ դժվարությունների մեջ է ընկնում եւ մահանում ծանր մահով՝ 1824 թվին։ Դեռեւս 1997թ. Հայաստանի ժուռնալիստների միության համագումարում որոշում էր կայացվել հայ մամուլի օրվա հիշատակման կապակցությամբ դիմել Ազգային ժողով։ Դիմումը գրվել եւ ուղարկվել է եւ մինչեւ հիմա պատասխանի են սպասում։ 2004թ. լրանում է «Ազդարարի» հրատարակման 210 եւ Հարություն քահանա Շմավոնյանի 180 տարին։ Հուսանք, որ մինչ այդ կառավարական որոշում դուրս կգա Մամուլի օրվա հիշատակման մասին, ինչպես նաեւ Մամուլի շենքի առաջ կկանգնեցվի Հարություն քահանա Շմավոնյանի հուշարձանը։ Ասենք նաեւ, որ «Ազդարարի» խմբագրի ազդեցիկ ու պատկառելի կերպարն այնքան տպավորիչ է, որ հայտնի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ոգեւորված՝ 1-2 օրում կերտեց նրա գիպսե երկու փոքրիկ արձանիկներ։ Ենթադրվում է, որ նրանցից մեկը կքանդակվի արցախյան մարմարից՝ 2-2,5 մ բարձրությամբ։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել