Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական վիճակից չխոսեցին

Նոյեմբեր 02,2002 00:00

Սոցիալական վիճակից չխոսեցին «Ես պիտի ջանամ, որ ավանդույթ դարձած կոնֆերանսները լինեն շարունակական։ Մենք պիտի ցույց տանք մեր մարզերի հայրենակիցներին, որ նրանց մասին էլ ենք հոգում»,172 ասում է ԵՊՀ լրատվական ծառայության պետ Ժաննա Մխիթարյանը։ Օրերս Գյումրիում տեղի ունեցավ «21-րդ դար, ՀՀ լրատվական դաշտը, տեղեկատվություն եւ ապատեղեկատվություն» թեմայով հերթական կոնֆերանսը, որը կազմակերպել էր ԵՊՀ լրատվական ծառայությունը։ Սա Դիլիջանում անցկացված սեմինարի շարունակությունն էր։ Կոնֆերանսին մասնակցում էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, լրագրողներ։ Մասնակիցները հանդիպեցին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անդամներին, ծանոթացան այնտեղի լրատվական դաշտին, ԶԼՄ-ների խնդիրներին։ Քննարկեցին վերջերս անցկացված ընտրությունները, լրագրողների դերն ու միջամտությունը այդ գործընթացում։ Ինչպես բոլոր վայրերում, այստեղ նույնպես դժգոհ էին։ Վստահորեն ասում էին, որ ընտրություններն արդար չեն ընթացել։ Բողոքում էին, որ հոսանքազրկման պատճառով շատերը չեն մասնակցել ընտրություններին։ Մեծ խնդիրներ են եղել կապված ընտրացուցակների հետ։ Բազմաթիվ մահացած մարդկանց անուններ հայտնվել են ցուցակներում։ Գյումրեցի լրագրողները մտահոգված էին նաեւ ընդունելության քննություններով։ Պնդում էին, որ պետք է քայլեր ձեռնարկել անօրինականությունների դեմ։ Զարմանալի է, բայց գյումրեցիները չխոսեցին քաղաքի խնդիրներից, ժողովրդի սոցիալական վիճակից, անօթեւան մնացած մարդկանցից։ Կոնֆերանսի լիագումար նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին։ Ուսանողները ներկայացրին իրենց զեկույցները. «Ջավախքի ԶԼՄ-ն», «ՀՀ հեռուստաընկերությունները», «Ռադիոն եւ լրատվությունը», «Մամուլն ազատամարտիկների մասին», «Տեղեկատվության ազատությունը եւ մատչելիությունը Հայաստանում»։ Ելույթ ունեցան լրագրողներ Ալվարդ Բարխուդարյանը, Լարիսա Ալավերդյանը։ Քննարկում ծավալվեց հատկապես Ջավախքի լրատվամիջոցներում առկա խնդիրների շուրջ։ Տեղացի լրագրողներն առաջարկեցին համագործակցել Ջավախքի լրագրողների հետ։ Գյումրիի լրագրողների խոսքերով՝ իրենք դժվարություններ չեն ունենում տեղեկատվություն ստանալու գործում։ «Շատ հաճախ մեր պաշտոնյաները չեն էլ իմանում, թե որ ինֆորմացիան կարելի է տրամադրել, որը՝ ոչ։ Չի բացառվում, որ օրենքով «փակ» տեղեկությունն էլ տրամադրեն»,172 ասում էր Գյումրիի լրագրող Գագիկ Նիկողոսյանը։ Գոհ էին գյումրեցիները, ինչ-որ տեղ՝ նաեւ ոգեւորված։ Շնորհակալ էին, որ կոնֆերանսի անցկացման վայր էր ընտրվել հենց Գյումրին։ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել