Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավկովկասյան երկրների «ռեգիոնալիզմը»

Նոյեմբեր 02,2002 00:00

Հարավկովկասյան երկրների «ռեգիոնալիզմը» Մամուկա Բիչաշվիլի – Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետհամալսարանի դասախոս (Վրաստան): Կարելի է, իհարկե, բերել կովկասյան տարածաշրջանի այս կամ այն երկրի իր հարեւանների օգտին նախաձեռնություններով հանդես գալու մի շարք օրինակներ: Կովկասյան պետություններից առաջինը Եվրոպայի խորհրդարան մուտք գործած Վրաստանը հետագայում երաշխավորել է այդ կազմակերպություն Հայաստանի եւ Ադրբեջանի մուտքը: Հայաստանը հանդես է եկել վրաց-աբխազական հակամարտության լուծմանն ուղղված խաղաղարար առաջարկություններով եւ այլն: Սակայն արտաքին քաղաքական հարաբերություններում կովկասյան երկրների ռեգիոնալիզմը, մեր կարծիքով, այլ բան է ենթադրում: Ենթադրում է արտաքին քաղաքական գործողություններում մեկ ընդհանուր տարածաշրջան` Կովկասը, կազմելու նրանց ընկալումը: Այսօր տարածաշրջանի երկրները չունեն ընդհանուր շահեր եւ քաղաքական կողմնորոշիչներ, ինչի հետեւանքով միջազգային ասպարեզում նրանք առանձին-առանձին են պաշտպանում իրենց առաջնահերթությունները: Սա ունի իր պատճառները` պատմական անցյալի բեռը (երկար տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի վատ փոխհարաբերությունները, չեչենների հիշողությոան մեջ մխրճված 19-րդ դարի կովկասյան պատերազմը եւ այլն), Խորհրդային Միության փլուզումից հետո զարգացած իրադարձությունները: Վերջապես, պետք է հատուկ նշենք հարավկովկասյան երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումները, որոնց մեջ բոլորից վառ դրսեւորվում է տարանջատվածությունը: Հարավային Կովկասում կուտակված խնդիրների քաղաքական լուծման համար հավանաբար անհրաժեշտ է գումարել գագաթաժողով, որին, բացի կովկասյան երկրներից, կմասնակցեն նաեւ բոլոր շահագրգիռ կողմերը: Այս հանդիպումը պետք է դիտարկել որպես կովկասյան երկխոսության սկիզբ: Երկխոսություն, որը կավարտվի քաղաքական կարեւոր որոշումներով մի փաստաթղթի ընդունմամբ: Առանց ավելորդ սեթեւեթանքների, պետք է բացեիբաց շարադրել խնդիրների էությունը, փնտրել լուծումները, սկսել ավելի քիչ վեճեր հարուցող հարցերից: Հարավային Կովկասի երկրների երկխոսության գրավականը կարող է դառնալ նրանց ռազմական ուժերի հավասարակշռությունը: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն արդեն վաղուց են միացել մեծ շրջանակային պայմանագրին, որը տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար որոշում է յուրաքանչյուր պետության ռազմական հզորության չափը: Նկատի ունեմ Կովկասում ռազմական ունեցվածքի քվոտաների մասին Փարիզյան համաձայնությունները: Դրանք ստորագրած հարավկովկասյան պետություններից յուրաքանչյուրը պարտավորվել է իր տարածքում ունենալ 220 տանկ, նույնքան զրահամեքենա, 280 հարյուր միլիմետրանոց հրետանային համակարգ, 100 ռազմական ինքնաթիռ եւ 50 ռազմական ուղղաթիռ: Չնայած նրան, որ այս համաձայնագիրը հաշվի է առնում միայն զենքի քանակական, այլ ոչ թե նաեւ որակական չափանիշները, չնայած, որ բաց է թողնվում Հարավային Կովկասի երկրներում իրենց սպառազինություններով խաղաղարար ուժերի առկայության հանգամանքը, համաձայնագիրն անկասկած կարող է խաղալ դրական դեր: Սակայն, այսպիսի մեկնարկային պայմաններում էլ հարավկովկասյան երկրները ակտիվորեն ռազմական «պատրաստվածություն են տեսնում»: Այսպես, վերջերս Ադրբեջան, իսկ հետագայում Կենտրոնական Ասիա այցելեց ամերիկա-թուրքական ռազմական մասնագետներից կազմված «Կովկաս» կոչվող մի խումբ, որը զբաղվում է ռազմական ծրագրավորմամբ: Բաքվում հույս ունեն, որ դրանով հետխորհրդային տարածքների հարավում Ադրբեջանին է վերապահվում ամերիկյան ռազմական քաղաքականության կարեւոր դերակատարումը: Կարծես, որպես պատասխան Հայաստան այցելեց ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը: Այցի նպատակը ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում հայկական կողմի հետ ռազմատեխնիկական հարցերի քննարկումն էր: Վրաստանում արդեն մայիսից ամերիկյան հրահանգիչները զբաղվում են հատուկ ծառայությունների պատրաստման խնդիրներով: Իհարկե, հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրն ունի այն երկրի հետ հարաբերվելու իրավունքը, որի հետ համագործակցելն այդ պահին ամենահարմարն է թվում: Բայց, դրա հետ մեկտեղ, չի կարելի մոռանալ, որ մեծ պետությունները խաղում են իրենց մեծ քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել