Լիլիթը չհամոզեց Սա է ցանկալի կնոջ բաղադրությունն՝ ըստ Արամ Սաթյանի Օրերս մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում ցուցադրվեց Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերան։ Այն մեկնաբանել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Սատանա (Արամո), Լիլիթ (Իրինա Պապիկյան), երգում է Անահիտ Շարյանը, Ադամ (Հրաչյա Բադալյան)՝ երգում է Արման Միրիջանյանը (պարերը՝ Ն. Մեհրաբյանի)։ Ինչպես ներկայացվեց հանրությանը, փորձել են այնպես անել, որ սերը հաղթի եւ չարը խափանվի։ Անկեղծ ասած, բարի հեքիաթի այս վերջաբանը այնքան էլ հրապուրիչ չէր, եւ փորձեցինք լսել նաեւ հեղինակի ու բեմադրիչի կարծիքը։ Արամ Սաթյան. «1997 թվին արդեն օպերան պատրաստ էր եւ ցանկություն կար առաջին անգամ այն բեմադրելու անպայման Հայաստանում։ Կարծես թե հնարավորություն ստեղծվեց 1700- ամյակի շրջանակներում անելու այդ եւ նույնիսկ ինչ-ինչ աշխատանքներ, կապված ձայնագրության հետ, կատարվեցին։ Սակայն ֆինանսական պրոբլեմներ եղան եւ մտահղացումը կիսատ մնաց։ Այս տարի, շատ անսպասելի, մշակույթի նախարարությունը հետաքրքրվեց դրանով եւ գտնվեցին միջոցներ, նաեւ անհատ մարդիկ, որոնք օգնեցին Հայաստանում առաջին փոփ-օպերայի բեմելին։ Անշուշտ, բավականաչափ ժամանակ եւ գումար չկար ավելին ակնկալելու համար։ Շատ լավ աշխատեցին ե՛ւ նվագախումբը՝ Ե. Երզնկյանի ղեկավարությամբ, ե՛ւ պարային մասը, ղեկավար՝ Ն. Մեհրաբյան»։ Օպերայի սյուժեն արված էր Ավ. Իսահակյանի «Լիլիթ» լեգենդի մոտիվներով, հետո հեղինակը պերսոնաժներին տեղափոխում էր մեր օրերը, ուր Ադամը նկարիչ էր, Լիլիթը՝ մոդել, իսկ սատանան՝ լուսանկարիչ։ Դրամատուրգիան եւ զարգացման ձեւերը զուտ դասական էին ու փոփ երաժշտության համատեքստում այն հնչեցնելը դյուրին չէր։ Արմեն Մելիքսեթյան. «Օպերան մնում է օպերա, որը տարբերվում է մնացած ժանրերից՝ կառուցվածքային առանձնահատկություններով։ «Լիլիթը» ամենայն հավանականությամբ կբեմադրվի Կամերային երաժշտական թատրոնում, որի շուրջ համաձայնություն արդեն կայացել է եւ, կարծում եմ, այնտեղ արդեն շատ որոշակի փոփոխություններ կլինեն։ Մեր նպատակը Լիլիթի կերպարանափոխության ցուցադրումն է։ Չարի ներգործության դաշտը տապալվում է՝ երբ Լիլիթը սիրահարվում է»։ Արմեն Մելիքսեթյանը գտնում է, որ Լիլիթը լինում է հմայիչ եւ կին՝ նախեւառաջ ներքին մղումներով ու փայլատակումներով, զերծ այն արտաքին խաբուսիկ փայլից, որի տակ մերկ հողն է։ Գեղեցիկն ու սերը աստվածային են։ Նրանց միջեւ ուղղակի կապ կա։ Անբովանդակ Լիլիթ չեմ ընդունում, կինը պիտի սեր եւ բարություն ճառագի։ Թերեւս ցանկալի Լիլիթին նկարագրելն ավելի դյուրին է, քան նրան ստանալը, քանի որ ներկայացման մեջ Լիլիթը չէր համոզում՝ ոչ միայն հրեղեն, այլեւ որպես հողեղեն էլ հրապուրիչ չէր։ Ադամը եւս չէր գրավում։ Սիրահարված տղամարդուն հատուկ ոչինչ չկար նրա խաղում։ Ոչինչ չասող «Ադամ» էր։ Միակ հետաքրքիր գործող անձը ներկայացման մեջ սատանան էր։ Նա հաճելիորեն ինքնավստահ էր եւ ջերմություն ու գույն էր տալիս իր խաղով։ Թերեւս արժանի խաղընկերներ ունենալու դեպքում կարող էր ավելին անել։ Առհասարակ կարելի էր ասել, որ ներկայացումը ուներ դինամիկ զարգացում եւ ռեժիսորին հաջողվել էր տաքություն հաղորդել ծավալվող իրադրությանը։ Արամ Սաթյանի երաժշտությունը գրավիչ ու հոգեհարազատ էր։ Իհարկե, կան անելիքներ, եւ այս ընդունելով հանդերձ, ուզում ենք փաստել, որ ներկայացումը կայացավ, ու ողջունել այն։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ