Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ ՇԱՀԵՑԻՆ ՀՈԳՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ

Նոյեմբեր 02,2002 00:00

ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԴԱՏԸ ՇԱՀԵՑԻՆ ՀՈԳՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ Մարդկային ողբերգություններն ասես վերջ չունեն։ Դրանք ընթացք են, ամենօրյա ուղեկիցներ դժվարին մեր օրերում։ Այդ ողբերգությունները շարունակական են, քանի դեռ կացնահարված դիակի վրայից վերջին լուման կթռցնի մարդը, քանի դեռ մայր կոչվող մեկը ցելոֆանե տոպրակով կտեղափոխի մեկ այլ մոր սպանված որդու մասնատված դիակը եւ կգցի աղբանոցում… ինչպես եղավ 1999թ. նոյեմբերի 30-ին, երբ Կիեւ քաղաքում սպանվեց 26-ամյա Գեորգի Մարտիրոսյանը, ապա դեկտեմբերի 18-ին երեւանյան իր բնակարանում նրա մայրը՝ փայլուն դաշնակահար Սվետլանա Մարտիրոսովան։ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտված քրեական գործի դատաքննության մասին մենք ձեռնպահ կմնանք խոսել։ Այսօր դատարաններում վիճարկվում է այլ հարց՝ զոհերի՝ Գեորգիի եւ Սվետլանայի թողած գույքի եւ ժառանգության խնդիրը։ Եվ որովհետեւ հանգուցյալները չկան եւ չեն կարողանում արժանապատվորեն պաշտպանվել, տարբեր տրամաչափի դատավորները ողբերգության քուրայից պարզապես շագանակներ հանեցին։ Հայտնի է, որ Սվետլանա Մարտիրոսովայի սպանությունից հետո նոտարական գրասենյակ է ներկայանում Վարդանուշ Մարտիրոսովան, որը քրոջ ժառանգությունը ձեւակերպում է իր անունով։ Բնակարանն ամբողջ գույքով, ինչպես տեղեկացնում է տուժողի իրավահաջորդ Կամո Մարտիրոսյանը (հորեղբայրը), գնահատվում էր մոտ 42 հազար ԱՄՆ դոլար… Նկատենք, որ ժամանակավորապես գտնվելով հայրենիքից դուրս (Լեհաստանում զբաղվելով բիզնեսով), Գեորգին բնակարան էր գնել, ձեւակերպել մոր անունով, ապա վերջինս էլ 1999թ. օգոստոսին բնակարանը կտակել էր որդուն։ Կամո Մարտիրոսյանը դիմելով վճռաբեկ դատարան եւ վիճարկելով Վարդանուշ Մարտիրոսովային 1-ին հերթի ժառանգ ճանաչելը, հետաքրքիր մի փաստարկ է վկայակոչում (Սվետլանա Մարտիրոսովայի սպանության առնչությամբ հետաքննչական աշխատանքներ իրականացրած քրեական հետախուզության օպերատիվ աշխատակցի վկայությունը). «Օպեր-աշխատողները երբ իմացան Վարդանուշի բնակատեղը, գնացին այնտեղ։ Անգամ այն բանից հետո, երբ հայտնեցին քրոջ սպանության մասին, դուռը չբացեց, միայն հարցրեց. «ՀՈջՉպ ՏվՌ Չ ժՐպՉՈվպ?»։ Իսկ երբ հայտնեցին նաեւ Գեորգիի սպանության մասին, Վարդանուշը հայտարարեց. «Լւ վՈՊՏ ոօսՏ ՊՈՉվՏ ցոՌՉՈՑՖ»։ Ժառանգության իրավունք շնորհելով քրոջը, խախտվում է ինչ-ինչ նորմեր (մարդկային, բարոյական, ինչու չէ՝ իրավական)։ Ինչպես տուժողի իրավահաջորդն է ասում. «Այս հարվածն ինձ համար անտանելի ծանր է, ժառանգությունը ստանում է թշնամացած քույրը, իսկ օրինական իրավահաջորդը որդու կողմից՝ ոչինչ»։ Հանգուցյալների ինչքի վրա աչք չունի հորեղբայրը եւ նա պատրաստ է անգամ այնպիսի լուծման, ըստ որի «այդ ամբողջ հարստությունը կհատկացվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին»։ Ի դեպ, յուրօրինակ փակուղու առաջ է մեզ կանգնեցնում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, սահմանելով, որ քաղաքացու մահանալուց հետո նրա գույքը, որպես ժառանգություն, անցնում է առաջին հերթի ժառանգներին, իսկ եթե չկան այդպիսիք՝ երկրորդ հերթի ժառանգներին։ Դատարանը տվյալ դեպքում հաշվի չառավ տուժողի իրավահաջորդի այն փաստարկները, որով նա հիմնավորում էր, որ ժառանգատուն, մեղմ ասած, թշնամական հարաբերություններ է ունեցել հանգուցյալների ընտանիքի հետ։ Որ թշնամական է եղել, հաստատվում է նաեւ այն հանգամանքով, որ նա չի մասնակցել քրոջ թաղմանը, առավել, նրա մինուճար որդու բզկտված դիակը Հայաստան դեռ չի բերել եւ մոր կողքին չի թաղել։ Համաձայնեք, եթե հարազատ քույրը գույքի եւ ինչքի ձեռքբերման համար կանգ չառավ բարոյական նորմերի առաջ, այս դատընթացին խառնված 3-րդ անձը՝ ցելոֆանե տոպրակը ձեռքին կինը (որի մասին ակնարկել էինք հրապարակման սկզբում) պահանջեց դատարանից 54 անուն գույք (ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վճռի), եւ գույքը հատկացվեց նրան։ Գույքի մեջ կար «Պետրոֆ» դաշնամուր, դաշնամուրի մեջ՝ 17 հազար ԱՄՆ դոլար գումար։ «Դատարանին հայտնում եմ, որ հիշյալ բնակարանում առկա գույքի որոշակի մասը սեփականության իրավունքով պատկանում է ինձ»,- գրում է 3-րդ պահանջատուն։ Եվ ո՞վ կարող է հաստատել, որ գույքը նրանը չէ։ «Ինչ մնում է ձեր այն պատճառաբանությանը, որ ժառանգաբար անցնող բնակարանն իր միջոցներով… ինչքով գնել է Գեորգի Մարտիրոսյանը, սակայն ձեւակերպվել է մոր անվամբ, ապա այդ հարցը կարող են վիճարկել դատական կարգով». սա իրավահաջորդին տրված հերթական իրավական խրատն է։ Սակայն այս պատմության մեջ ծանրն այն է, որ հանգուցյալների դատը շահեցին դատակոչով վկաներից… հոգով մահացածները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել