Մալարիան նվազել է Քանի որ ամառը վաղուց արդեն անցել է, շոգն ու տոթը նույնպես, կարծես թե ետեւում է մնացել նաեւ մալարիայի վտանգը։ Այս տարի մալարիայի 43 դեպք է գրանցվել, որից միայն 9-ն է եղել տեղական ծագման։ Մնացածը դրսից են, նկատի ունենք Ֆիզուլին, Հորադիզը եւ այլն, որոնք մալարիայի շատ ակտիվ օջախներ են հանդիսանում եւ, բնական է, վարակվածներն էլ զինակոչիկներ են։ Վերոհիշյալ 9-ից միայն 3-ն են այս սեզոնի դեպքեր, իսկ մնացածը չի բացառվում, որ մալարիայի անցած համաճարակաբանական սեզոնի դեպքեր են։ Այսինքն, գաղտնի շրջանով դեպքեր։ Անցած տարի գրանցված է եղել մալարիայի 79 դեպք, իսկ նախանցյալ տարի՝ մոտ 140։ Նվազումն ակնհայտ է։ Նվազման պատճառը, ըստ մալարիայի ծրագրի մենեջեր Արա Քեշիշյանի, առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այն մարդկանց համալիր աշխատանքների շնորհիվ է, որոնք ընդգրկված են մալարիայի դեմ պայքարի ծրագրում։ Այդ աշխատանքները արտահայտվում են հետեւյալ կերպ՝ հայտնաբերելով վարակի աղբյուրները, որոնք հանդիսանում են Արարատի եւ Արմավիրի մարզերը, այցելելով այնտեղ, ախտորոշվում է ամեն մի կասկածելի մարդ։ Եվ բացի այդ, ժողովուրդն արդեն ծանոթ լինելով մալարիայի նախանշաններին, ինքն է դիմում բժշկի։ Ինչո՞ւ են հատկապես այդ տարածքները հանդիսանում վարակի աղբյուր՝ պարզ է։ Այդ տարածքներում կան այն բոլոր բնակլիմայական պայմանները, որոնք անհրաժեշտ են մալարիայի հարուցիչների զարգացման եւ ավարտի համար, մոծակի, այսինքն մալարիա փոխանցողի օրգանիզմում։ Բացի դրանից, այդ տարածքներում շատ են նաեւ լճացած ջրերը, որոնք նույնպես նպաստում են մոծակների բազմացմանը։ Այդ իսկ պատճառով կատարվում է ջրափոսերի մշակում՝ հակաթրթուրային դեղամիջոցներով, նաեւ՝ կենսաբանական պայքարի միջոցներով։ Արհեստական ձեւով բազմացվում են, այսպես կոչված, Գամբուձիա ձկնիկներ, լցնում ջրափոսերը, որոնք էլ սնվում են մալարիա փոխանցող մոծակների թրթուրներով։ Պայքար է տարվում նաեւ թեւավոր մոծակների դեմ «Սոլֆակ» դեղամիջոցով, որը փչելով շինությունների, գոմերի պատերին՝ ոչնչացնող ազդեցությունը պահպանում է մոտ 3 ամիս։ Ըստ պարոն Քեշիշյանի՝ սխալ է մտածել, որ բնությունից կարելի է վերացնել մոծակներին, ուստի պետք է վերացնել վարակի աղբյուրները։ Գոյություն ունի մալարիայի 4 ձեւ՝ եռօրյա, քառօրյա, տրոպիկական եւ օվալե։ Նախկինում Հայաստանում եղել է բոլորը, բացի օվալե մալարիայից։ Վերջինս հանդիպում է միայն աֆրիկյան որոշ երկրներում։ Իսկ Հայաստանում այսօր գոյություն ունի միայն եռօրյա մալարիա, որն ամենաբարվոք ձեւն է։ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԵՅԱՆ