Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Նոյեմբեր 02,2002 00:00

ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ Հայաստանի բանկային համակարգում վերջին մեկ տարում տեղ գտած միտումների մասին պատկերացում կազմելու համար մենք ընդամենը կվերլուծենք թվերը, եզրահանգումները թողնելով ընթերցողի հայեցողությանը: 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 29 բանկ, 2002թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 28 բանկ: Այս մեկ տարվա ընթացքում բանկային համակարգի ընդհանուր ակտիվները աճել են 5 տոկոսով, ընդհանուր պարտավորությունների աճը կազմել է շուրջ 12 տոկոս: Սրա հետ մեկտեղ, համակարգի ընդհանուր կապիտալի ցուցանիշը նվազել է 2,7 անգամ՝ հասնելով 19,6 մլրդ դրամից մինչեւ 7,3 մլրդ դրամ: Պարտավորությունների աճի գերակշիռ մասը ընկնում է ցպահանջ հաշիվների վրա, դրա հետ մեկտեղ՝ ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում նվազել են ֆիզիկական անձանց ավանդները՝ ավելի քան 1,5 մլրդ դրամով եւ իրավաբանական անձանց ավանդները՝ շուրջ 2 մլրդ դրամով: Այս ցուցանիշների դինամիկան ցանկացած երկրում բնութագրում է բնակչության եւ առհասարակ հասարակության վստահության աստիճանը բանկային համակարգի նկատմամբ: Ազգային բանկային համակարգի շուրջ տասը տարվա պատմության ընթացքում առաջին անգամ է նկատվում նման միտում, երբ բանկերից տեղի է ունենում ժամկետային միջոցների աննախադեպ արտահոսք: Նույնիսկ 1994-1996թթ. ընթացքում, երբ լիցենզիայից զրկվեց շուրջ 50 բանկ, ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները ավելացան մոտ 3 անգամ: Բանկային համակարգում կապիտալի աննախադեպ նվազումը տեղի է ունեցել վնասների կտրուկ աճով, իսկ վերջիններս պայմանավորված են ակտիվների կորստով: Բանկային համակարգի ընթացիկ տարվա վնասը կազմում է ավելի քան 16 մլրդ դրամ, իսկ նախորդ տարիներից կուտակված վնասը՝ շուրջ 26 մլրդ դրամ: Այս տարվա ընթացքում վնասով աշխատող բանկերի թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 11, կամ բանկերի թվի 39 տոկոսը: Ակտիվների կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ զգալի աճել են ներդրումները պետական արժեթղթերում՝ շուրջ 69 տոկոսով, միաժամանակ մոտ 1 մլրդ դրամով նվազել են տնտեսությանը տրամադրված վարկերը: Հաշվի առնելով տարբեր միջազգային ծրագրերով վարկավորման աճը, կարելի է ենթադրել, որ համակարգի վարկային պորտֆելում մեծացել է ծրագրային վարկերի տեսակարար կշիռը եւ համապատասխանաբար ներքին ռեսուրսների հաշվին նվազել է վարկավորումը: Գնահատական տալու համար հետաքրքիր է նաեւ համեմատական վերլուծել կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի փոփոխությունները: Կանոնադիր կապիտալը ընդհանուր կապիտալի գերակշռող տարրն է: Ընդհանուր կապիտալի տարր է նաեւ բանկի տրամադրության տակ մնացած շահույթը: Եվ եթե բանկը ունենում է կորուստներ, այսինքն շահույթի փոխարեն ձեւավորվում է վնաս, ապա ընդհանուր կապիտալի հաշվարկում վնասը մասնակցում է բացասական նշանով, այսինքն փոքրացնում կապիտալը, զրոյացնում այն, կամ հաղորդում է վերջինիս բացասական մեծություն: Կապիտալի բացասական մեծությունը նշանակում է, որ բանկը ոչ միայն ամբողջությամբ սպառել է իր սեփական միջոցները, այլեւ «մտել է» հաճախորդների գրպանը: Սա չի նշանակում, որ բանկը չի կարող ունենալ վնասներ, սակայն այդ վնասները պետք է լինեն հիմնավորված, կարճաժամկետ եւ չսպառնան կապիտալի զգալի կորուստներով: Վերջին մեկ տարվա ընթացքում բանկային համակարգի կանոնադրական կապիտալը ավելացել է շուրջ 10 մլրդ դրամով եւ կազմել է ավելի քան 43 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը, ինչպես արդեն նշել էինք, նվազել է ավելի քան 12 մլրդ172ով եւ կազմել 7,3 մլրդ դրամ: Ավելացնեմ, որ բանկային համակարգի վնասի եւ հետեւաբար կապիտալի կորստի շուրջ 97 տոկոսը բաժին է ընկնում այն 8 բանկերին, որոնք գտնվում են Կենտրոնական բանկի խնամակալության տակ: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ Բանկային համակարգը կարելի է, իհարկե, նկարագրել, վերլուծելով միայն առողջ բանկերի ֆինանսական հաշվետվությունները, եւ պատկերը, բնականաբար, կլինի այլ, ինչպես օրերս արել էր Կենտրոնական բանկը։ Նույն տրամաբանությամբ ԿԲ172ն հաջորդ վերլուծության համար կարող է օգտագործել 5 լավագույն բանկերի ցուցանիշները. փայլուն պատկեր կստացվի։ Սակայն աշխարհում ընդունված բոլոր չափանիշներով, բանկային համակարգ հասկացությունը ներառում է համակարգի բոլոր բանկերը, այդ թվում՝ խնամակալության տակ գտնվողները, որոնց վիճակն առաջիկայում կվերլուծի «Առավոտը»՝ շտկելով ԿԲ172ի «բացթողումը»։ ԿԲ172ի այս առաջադեմ փորձը պետք է առաջարկել վիճակագրական ծառայությանը։ Կարելի է բնակչության զբաղվածությունը հաշվարկելիս անտեսել գործազուրկների թիվը, կստացվի զբաղվածության 100 տոկոսանոց մակարդակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել