Լրահոս
Օրվա լրահոսը

«Յանըմ ես 5-6 արտահագուստ չունե՞մ, որ տամ նկարվեն»

Նոյեմբեր 02,2002 00:00

«Յանըմ ես 5-6 արտահագուստ չունե՞մ, որ տամ նկարվեն» Մինչեւ 1999թ. հունվարը թիվ 3 ռազմականացված ջոկատը գտնվում էր ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության տակ։ Դրանից հետո ջոկատի ծառայությունը փոխանցվեց ներքին գործերի նախարարության պահպանման վարչության բալանսի վրա (վարչության պետ՝ գնդապետ Դալլաքյան)։ Մինչ այս վարչության ենթակայությանն անցնելը, 3-րդ ռազմականացված ջոկատը կանոնավոր ստանում էր աշխատավարձ, արտահագուստ… Ջոկատը բաղկացած է 200 անդամից, որոնք պայմանագրային կարգով պահպանում են Սեւան-Հրազդան կասկադի բոլոր օբյեկտները։ Ջոկատի 200 անդամներ իրենց բողոք-նամակում գրում են, որ կասկադի ղեկավարությունն իրենց հաղորդել է, որ ջոկատի յուրաքանչյուր հրաձիգ ամսական պետք է ստանա 28 հազար 400 դրամ։ Սակայն դրա փոխարեն նրանք այդ գումարից ստանում են ընդամենը 11-12 հազար դրամ։ Ջոկատի անդամների բազմաթիվ բողոքներին ջոկատի պետ Խոյլունցը պատասխանել է, թե այդ գումարներից «տարբեր տոկոսներով գումար է պահվում ՀՀ պաշտպանության եւ սոցապ նախարարություններում, ինչպես նաեւ անձնակազմին հատկացումներ են արվում արտահագուստների համար»։ «Մեզ հետաքրքրում է, թե ինչ կպատասխանի պարոն Խոյլունցը՝ ո՞ւր են գնացել արտահագուստի դիմաց կատարված պահումները, որից մենք այս տարիների ընթացքում ոչինչ չենք ստացել։ Այս չորս տարիների ընթացքում մենք ստացել ենք ընդամենը 1 զույգ կոշիկ եւ մեկ վերնաշապիկ։ Դեռեւս չենք ստացել 2001թ. 4 ամսվա աշխատավարձը։ 2002 թվականին մենք աշխատավարձ ընդհանրապես չենք ստացել»,- նշված է 3-րդ ռազմականացված ջոկատի անձնակազմի բողոք-նամակում։ «Մենք ծառայությունը կատարում ենք մութ ու խուլ ձորերում, չունեք ոչ մի կապ, ինչպես նաեւ հերթապահ գոնե մեկ ավտոմեքենա եւ ապահովված չենք անգամ զենքով։ Իսկ պետական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը վստահված է մեզ, ինչը, չնայած դժվարություններին, պատվով ենք կատարում։ Անգամ այս 4 տարիների ընթացքում պահակակետի հանգստյան սենյակներին ոչինչ չեն տրամադրել՝ մատրաս, սավան, ծածկոց եւ այլն»,- ասում են ջոկատի աշխատակիցները, որոնք խնդրում են օգնել իրենց եւ փոխանցել իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք արտահագուստ ավելի շատ պահանջում են այն նպատակով, որ «արտահագուստ չունենալու պատճառով մենք չենք լուսանկարվել եւ չունենք ծառայողական վկայականներ»։ Այսպես շարունակվելու դեպքում, ջոկատի աշխատակիցները առաջարկում են այն դարձյալ փոխանցել ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայությանը կամ «ծայրահեղ դեպքում լուծարել ջոկատը եւ չեղյալ համարել բոլոր պայմանագրերը»։ Ջոկատի պետ Ալեքսան Խոյլունցը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում շարունակ համոզում էր չհրապարակել այս բողոք-նամակը՝ պատճառաբանելով, թե ջոկատի անձնակազմը «անմտածված, անհիմն, անգաղափար բան է գրել»։ «Եթե մի հիմնարկություն շահույթ չի հետապնդում, ինչպես կարող է այդ փողերը ուտել»,- ասում է պարոն Խոյլունցը։ Հարցին, թե որտե՞ղ են անհետանում այն պահումները, որոնցով պետք է արտահագուստներ ձեռք բերվեին ջոկատի աշխատակիցների համար, Խոյլունցը պատասխանեց. «Իրենք արտահագուստ չունեն, որովհետեւ պատվիրատուն էներգետիկայի նախարարությունն է, իսկ նրանք մեզ պարտք են 62 միլիոն դրամ։ Այդ եկած գումարներով, բնական է, մենք աշխատողներին կա՛մ պետք է աշխատավարձ տանք, կա՛մ արտահագուստ գնենք։ Մեր հիմնարկի նման 6 հատ հիմնարկ գոյություն ունի, բոլորն էլ նույն վիճակում են»։ Իսկ 28 հազար 400 դրամից կատարվող պահումները պարոն Խոյլունցը ոչ թե պատճառաբանեց արտահագուստներ գնելով, այլ՝ «Իրենց գումարը ոչ թե 28 հազար 400 դրամ է, այլ 10 հազար 600 դրամ։ Ամեն աշխատողից, որը 17 հազար դրամից բարձր է ստանում, 15 տոկոս գանձվում է վարչատնտեսական ծախսերի համար, 5 տոկոսը՝ ադմինիստրացիայինն է, այսինքն՝ մերը, մեր աշխատավարձերին է գնում։ 5000 դրամն էլ տալիս ենք կենսաթոշակային ֆոնդին։ Մնացածն էլ հոսանքին, էլեկտրաէներգիայի գումարները բա որտեղի՞ց ենք տալիս, փող բերողն իրենք են»,- բացատրում է Ալեքսան Խոյլունցը։ Մի՞թե պետբյուջեում ջոկատին հատկացված տող չկա, որով պետք է հատկացումներ արվեն ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց։ Մեր այս դիտարկմանը Խոյլունցն այսպես արձագանքեց. «Ոչ մեկին էլ նման հարց չտաք, մենք շահույթով աշխատող հիմնարկ չենք»։ Իսկ ինչ վերաբերում է վկայականներին, ապա Ալեքսան Խոյլունցն ասաց. «Վկայականներ չունենալն իրենց մեղքն է։ Իրենք որ գնան նկարվեն՝ նկարը բերեն, պիտի 600 դրամ տան նկարվելուն, իրենք ուզում են, որ ես տամ այդ 600 դրամները»։ Սակայն ջոկատի աշխատակազմը դա պատճառաբանում է արտահագուստ չունենալով. «Յանըմ էս 5-6 հատ արտահագուստ չունե՞մ, որ իրենց տամ նկարվեն։ Բոլորի ռազմերներն էլ կան ինձ մոտ»,- ասաց ջոկատի պետը։ Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա Ալեքսան Խոյլունցը նաեւ ասաց, որ ջոկատի աշխատակիցները «ստում են, իրենք 2002թ. հունվար-փետրվար-մարտ ամիսների աշխատավարձը ստացել են»։ Իսկ հետո, թե՝ «Էներգետիկայի համակարգը, այսինքն՝ Սեւան-Հրազդան կասկադը, թիվ 3 ռազմականացված ջոկատը առ 1-ը հոկտեմբերի պարտք է 62 միլիոն»։ Այնուհետեւ պարոն Խոյլունցը շատ արագ հաշվիչով հաշվարկ կատարեց եւ ասաց. «Եթե 62 միլիոն դրամը բաժանենք 5 միլիոնի, ապա կստացվի, որ 12 ամսվա աշխատավարձ են պարտք մեզ»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել