Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԵՐԸ

Նոյեմբեր 02,2002 00:00

Ի՞ՆՉ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԵՐԸ Լրագրողների հույսերը, որ ինտերնետ էջեր հիմնելով գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունը մի օր կդառնա մատչելի՝ անկախ լրատվամիջոցի կարգավիճակից, չարդարացան: Պարզվում է՝ մեր գերատեսչությունների համար սայթերը հերթական դեկորացիա են, ինչպես մամուլի ծառայությունները, որտեղ տեղեկատվություն հայթայթողը ոչինչ չի գտնի, առավել եւս՝ լրագրողը: Պաշտոնական ինտերնետ էջերը հիմնականում չեն գործում, այսինքն՝ չեն թարմացվում, եւ վիճակն այնպիսին է, որ նույնիսկ գործող էջերում չկա հիմնական ու պահանջվող տեղեկատվությունը: Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը (ՔՀԶՄ) ուսումնասիրել է մի քանի պաշտոնական ինտերնետ էջեր՝ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արտգործնախարարության (ԱԳՆ), Սահմանադրական դատարանի եւ այլն: Եզրակացությունը, որ ներկայացրին վերջերս, այն է, որ պաշտոնական ինտերնետային էջերում տեղեկատվությունը թարմացվում է միայն առաջին դեմքերին վերաբերող պաշտոնական հանդիպումների, ընդունելությունների եւ այցելությունների մասով: Մի խոսքով այն, ինչ վերաբերում է նրանց վարկանիշին: Ինտերնետ էջերում ոչինչ չես գտնի տվյալ գերատեսչության գործունեության, ծրագրերի, ցուցանիշների եւ այլնի մասին, կամ, եթե ինչ-որ բան է տեղադրված, ուրեմն առնվազն երկու տարվա վաղեմության տվյալներ են: Այսինքն, մարզային լրատվամիջոցների թղթակիցներն իրենց պետք եկած թվի կամ որեւէ տեղեկատվություն ստանալու համար պետք է Երեւան հասնեն, որտեղ դարձյալ երաշխավորված չէ տեղեկատվություն ստանալու նրանց ցանկությունը: www.president.am Գերատեսչությունների ինտերնետ էջերից լավագույնը ՀՀ նախագահինը համարվեց: «Մշտապես նորացվում է, չի պարունակում անհեթեթ տեղեկություններ, սակայն այնտեղ չես գտնի նախագահի հրամանագրերը»: Ավելացնենք՝ ներկայացված չէ ՀՀ նախագահի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործունեությունը, ի՞նչ խնդիրներով են զբաղված եւ ի՞նչ է արվում: Այսինքն, տվյալ ոլորտի մասին փաստական տեղեկատվություն փնտրողն այդպես էլ չի գտնի այն: Ոչ միայն լրագրողները, այլեւ հանրությունը չափազանց հետաքրքրված են աշխատակազմի մի շարք բաժինների, օրինակ, Վերահսկողական ծառայության, Արդարադատության խորհրդի գործունեությամբ, որոնց առավել շատ են դիմում քաղաքացիները: Ընդ որում, ինտերնետ էջում տեղադրելը նրանցից լրացուցիչ աշխատաժամանակ չի պահանջի, քանի որ, օրինակ, Արդարադատության խորհուրդը ՀՀ դատական եւ դատախազական մարմինների աշխատանքների վերաբերյալ քաղաքացիներից ստացած առաջարկությունների, դիմում-գանգատների հիման վրա եռամսյակը մեկ անգամ ամփոփ զեկուցագիր է պատրաստում: Առանց գումարներ վատնելու, այն պարզապես կարող էր տեղադրվել սայթում եւ դառնալ հանրության սեփականությունը: Բացի այդ, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի պահանջն է՝ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ ԶԼՄ-ներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների եւ բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն: www.parliament.am Հնացած տեղեկատվության առումով ամենատիպականը Ազգային ժողովի ինտերնետ էջն է, որտեղ վաղուց արդեն անվավեր դարձած օրենքները շարունակում են գործող օրենք ներկայացվել: 2001թ. խորհրդարանը ՀԿ-ների մասին նոր օրենք է ընդունել, սակայն ԱԺ-ում իբրեւ գործող օրենք շարունակում են մատուցել «Հասարակական կազմակերպությունների մասին» 96թ. ընդունված օրենքը: Նույնը վերաբերում է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» օրենքին: 1999 թ. ԱԺ-ն նոր օրենք է ընդունել, սակայն ինտերնետային էջում տեղադրված է այս օրենքի 1990թ. խմբագրված տարբերակը: Այսքանից հետո, ինտերնետային էջով զգուշացնում են՝ «Այս համակարգչային էջերը պաշտոնապես ներկայացվում են ՀՀ ԱԺ-ի կողմից: Ցանկացած այլ ներկայացումներ եւ հղումներ այդ ներկայացումներին համարվում են անօրինական»: Նկատել են, որ օրենսդրությունը հիմնականում տեղադրվել է 98թ.-ին, սակայն դա չի նշանակում, որ դրանից հետո սայթը չի գործել: Ավելին, նշվեց, որ գերատեսչությունների ինտերնետ էջերից ԱԺ-ինը միակն է, որ որոշ չափով թարմացվում է, սակայն դա վերաբերում է միայն ԱԺ նախագահի պաշտոնական այցերին ու հանդիպումներին: www.concourt.am ՀՀ ՍԴ ինտերնետ էջը, իր իսկ ընդունած որոշումներից բացի, Հայաստանի բարձրագույն իրավական համակարգի մասին այլ ասելիք չունի: Իսկ եթե ունի՝ այցելուին, ավելի ճիշտ մարդկությանը դեռեւս անհայտ մի տառատեսակով է ներկայացված: ՍԴ-ում գտել են նաեւ տեղեկատվություն մատուցելու չափազանց անմեղ տարբերակ՝ ուրիշները թող ասեն, իսկ իրենք հղում կանեն նրանց: Ահա այսպես, ինտերնետ էջի ողջ բովանդակությունը կազմված է հղումներից՝ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ՀՀ կառավարության ինտերնետային էջերին, որոնք տեղեկատվական առումով նրանցից լավ վիճակում չեն: Ստացվում է, որ ինտերնետային էջում մեկի սխալը շրջանառության մեջ է դնում մյուսը: ՔՀԶՄ-ն նկատել է, որ ՍԴ-ի Մարդու իրավունքներ բաժինն աննկատ անցում է կատարում հասարակական կազմակերպության սայթին: Այդպես էլ ընթերցողին անհասկանալի է մնում, թե ինչպես է Սահմանադրական դատարանը հանձն առել ներկայացնելու ՀԿ-ի տեսակետները: «ՀՀ կնքած համընդգրկուն միջազգային պայմանագրերը» էջում տեղադրված է ընդամենը երեք պայմանագրի տեքստ եւ երեքն էլ վերաբերում են ռազմական իրավիճակներին: www.armenian.judiciary.am Դատարանների նախագահների խորհուրդը վերջերս իր ինտերնետային էջի բացումը կատարեց եւ հանրության ակնկալիքները, որ վերջապես հնարավորություն կունենան հարուստ տեղեկատվություն քաղել դատարանների գործունեության մասին, ինչպես խոստանում էր էջի ծանոթագրությունը, իրականություն չդարձավ: Բացման հանդիսությունից անցել է ավելի քան մեկ ամիս, եւ պարզվում է՝ էջը դեռեւս այցելուներ չի ընդունում: www.gov.am ՀՀ կառավարության էջում չես գտնի կառավարության որոշումները, իսկ վարչապետը, պարզվում է, երկու կենսագրություն ունի: Հայերեն էջում նա ընթերցողին է ներկայանում որպես Հանրապետական կուսակցության անդամ, իսկ անգլերեն էջում անկուսակցական է: ՀՀ կառավարության միջոցառումների ցանկը 2000թ. հետո չի թարմացվել, սակայն վարչապետի վերջին ուղերձը ժամանակին տեղ է գտել սայթում: Քաղաքացիական հասարակության զարգացման միության հետազոտությունները ցույց էին տվել, որ կառավարությունը դրամական խնդիրներ չունի, տարբեր ժամանակներում գումարներ են տրամադրվել ինտերնետ էջ ստեղծելու եւ գործուն պահելու համար: Ավելին, ՀՀ կառավարության էջում նույնիսկ գովազդներ են տեղադրված, որը նշանակում է՝ էջը պահպանելու համար, իրոք, գումարի խնդիր չունեն, միայն թե ցանկություն լինի: www.elections.am ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային էջը ստեղծվել է 99թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ առայսօր բովանդակում է այն, ինչ տեղադրվել է չորս տարի առաջ: Հույս կա, որ շուտով կայանալիք նոր խորհրդարանական ընտրությունները պատճառ կարող են դառնալ մեկ-երկու կցկտուր տեղեկատվությամբ եւս էջը թարմացնելու: www.armeniaforeignminstry.com Տեղեկատվության անմատչելիության առումով անգերազանցելի է համարվում ՀՀ արտաքին գործերի նախարարության սայթը: Անհեթեթությունն սկսվում է ինտերնետային էջի անվանումից, որի դոմեյնը (տիրույթը) com. է: Մասնագետների բացատրությամբ՝ այն տրվում է գործարարներին: Նախարարների կազմն այստեղ ներկայացվում է հանրապետության նախորդ նախագահի նշանակած կազմով՝ ընթերցողին ավելի քան հինգ տարի ետ մղելով իրականությունից: Մեկ այլ աղբյուր վկայեց, որ ԱԳՆ-ի հետ իրենց աշխատանքը նույնպես չի ստացվել, այն դեպքում, երբ իրենց ծրագիրն իրականացվում էր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ կառավարության համաձայնության ու աջակցության մասին հավաստագրով: Սակայն, ամիսների բանակցությունից հետո, իրենց այդպես էլ չի հաջողվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկատվություն ստանալ Armenia geteway էջում տեղադրելու համար: ԱԳՆ-ն չափազանց ժլատ է զուտ պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու առումով եւ, որպես կանոն, հրաժարվում է նման տեղեկություններ տրամադրել: Կապի նախարարությունն ընդհանրապես սայթ չունի, որը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության մատչելիության նկատմամբ մեր երկրի վերաբերմունքի փայլուն ապացույց է: Նշենք, որ ներկայումս ինտերնետ կենտրոններին անգամ սպառնում է փակվելու վտանգը, քանի որ ԱրմենՏելը որոշել է վերջնականապես կատարյալ դարձնել տեղեկատվական շրջափակումը Հայաստանում: Ընդհանուրի համար նկատելի է մի բան՝ պաշտոնյայի անտարբեր մոտեցումը տեղեկատվության թափանցիկությանը, մատչելիությանը, որով էլ չի կարեւորվում ինտերնետային էջում տեղեկատվություն տեղադրելը: Հակառակ դեպքում, նույն փութաջանությամբ նրանք կիրականացնեին պաշտոնական տեղեկատվության մատուցումը, ինչպես դա անում եւ կարեւորում են, երբ խոսքը վերաբերում է իրենց անձնականին: Պաշտոնական ինտերնետ էջերի չգործելը հակված են բացատրել հիմնականում տեղեկատվության մատչելիությանը կարեւորություն չտալով, քան ֆինանսական դժվարություններով կամ աշխատուժի պակասով: Քանի որ, օրինակ օրենսդիր մարմնի տեղեկատվական ոլորտը մի ամբողջ աշխատանքային խումբ է սպասարկում: Ընդունված օրենքն ու այլ անհրաժեշտ տեղեկությունները ինտերնետ էջում տեղադրելը նրանցից ոչ ֆինանսական ներդրումներ, ոչ էլ լրացուցիչ ժամանակ է պահանջում: ՀՀ կառավարությունը, որը պաշտոնական տեղեկագրեր կազմողն ու հրատարակողն է, նույնը կարող էր տեղադրել սայթում՝ ժամանակ չվատնելով: Մանավանդ որ, պաշտոնական տեղեկագիրը հրատարակվում է խիստ սահմանափակ քանակով, բարձր արժեքով եւ մեծ մասին անհասանելի է: Պարզապես տեղեկատվություն տեղադրելը նրանք իրենց խնդիրը չեն համարում: Միաժամանակ, բոլորին հասկանալի է, որ պարզ գերատեսչական ակտերին ծանոթությունն անգամ չափազանց դժվար կլինի մի երկրում, որտեղ պաշտոնական տեղեկատվության տարածումը պաշտոնական անձանց ձեռնարկատիրական գործունեությունն է դարձել՝ հանձին «Իրտեկ» համակարգի: Քանի որ «Իրտեկը» վաճառում է դրանք, կնշանակի մյուս գերատեսչությունների հետ դրանք չհրապարակելու համաձայնություն ունի: Զավեշտական չէ՞, որ ՀՀ կառավարությունն իր իսկ ընդունած որոշումները «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակելու համար «Իրտեկի» համաձայնությունը պետք է ստանա, հնարավոր է՝ նաեւ վճարի նրան: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել