Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 2

Նոյեմբեր 02,2002 00:00

«ԱՆՈՂՈՔ» ԼՌՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 2 Այստեղ առաջանում էր երկրորդ հարցը՝ «պաուզայի» ընթացքում հատկապես ո՞ր պահին է առավել հարմար կնքել խաղաղության պայմանագիրը (եթե պատերազմի շարունակման կողմնակիցներ չենք): 1997-ի վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում էր, որ ամենահարմար պահն է: Նա նկատի ուներ, որ զինադադարը հաստատվել է մեր ռազմական հաջողությունների բարձրակետի վրա, եւ առկա է հակամարտող կողմերի ուժերի՝ մեզ համար բարենպաստ հարաբերակցություն: Պահը գնահատելու ելակետը ապագայի քաղաքական կանխատեսումն էր, առաջիկա տարիներին տնտեսական եւ այլ զարգացումների հաշվարկումը, ուժերի հարաբերակցության հնարավոր փոփոխությունը եւ այլ գործոններ: Ամենեւին չէր բացառվում, որ այլ դեպքում այս նույն հաշվարկը բերեր նաեւ հակառակ եզրահանգման՝ հնարավորինս հետաձգել պայմանագրի ստորագրումը: Այդ այն դեպքում, եթե նույն հաշվարկները ցույց տային, որ ժամանակն աշխատում է եւ տեսանելի ապագայում աշխատելու է մեր օգտին: Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր առաջին եզրահանգման՝ պահը ամենահարմարն է, առաջիկա տարիներին ժամանակը մեր օգտին չի աշխատելու եւ զգուշացնում էր. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»: Իսկ ի՞նչ էին մեզ առաջարկում: Համապատասխան փաստաթղթերը գաղտնազերծվել եւ հրապարակվել են: Դրանց մասին մամուլում բազմաթիվ եւ ընդարձակ հոդվածներ են գրվել: Ասենք միայն, որ այն, ինչ առաջարկվում էր եւ հնարավոր էր ստանալ Ղարաբաղի համար, շատ ավելին էր, քան, օրինակ, ուներ Հայաստանը (եւ որեւէ հանրապետություն) ԽՍՀՄ կազմում, որ Լեռնային Ղարաբաղն ստանում էր այնպիսի փաստական անկախ կարգավիճակ, անվտանգության այնպիսի երաշխիքներ ու զարգացման հնարավորություն, որ չէր ունեցել վերջին 1000-1500 տարում: Կարգավիճակի հարցը մնում էր ապագա բանակցությունների առարկա: Անշուշտ, կարելի էր ցանկանալ եւ ձգտել նաեւ ավելիի, բայց մի խստագույն պայմանով, եթե դրանով չվտանգվեր արդեն իսկ հնարավորը, առկան, իրոք արյունով ձեռք բերվածը: Ընդդիմախոսները նրա ծրագիրը գնահատելով «պարտվողական», ընդհուպ՝ «դավաճանական», դրան հակադրեցին իրենց «հաղթողականն» ու «հայրենասիրականը»՝ 8000 քառ.կմ տարածքով միջազգայնորեն ճանաչված անկախ Ղարաբաղ: Այս տրամաբանությամբ, անշուշտ, է՛լ ավելի «հայրենասիրական» կլիներ, ասենք, պահանջել դրա կրկնակին: Ընդդիմախոսներն ունեին նաեւ իրենց «ծրագրի» մեկ տասնյակից ավելի «հաշվարկ-հիմնավորումները», որոնք չհրապարակեցին, սակայն դրանց որակի ու մակարդակի մասին դատելու համար հիշենք հենց այն մեկը, որը կարող էր առավել հավանական թվալ, որի մասին այն ժամանակ էլ բարձրաձայն խոսեցին եւ հետագայում իրականացնելու փորձեր արեցին: Այդ փաստարկը հետեւյալն էր. Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու, նրան սիրաշահելու միջոցով կարելի է նրանից ստանալ տարեկան 400-500 միլիոն դոլար օգնություն եւ մի այդքան էլ ներդրումներ՝ տնտեսության մեջ: Դրան էին կոչված Հայաստան-Սփյուռք երկու բազմամարդ համաժողովները, որոնք երկու դոլարով չավելացրին մինչ այդ եղած օգնության չափը: Ընդհակառակը՝ պարզվեց, որ Լեոն Տեր-Պետրոսյանից «դժգոհ» Սփյուռքը նրա օրոք 5-10 անգամ ավելի շատ նվիրատվություններ էր անում, քան իրեն սիրաշահած Քոչարյանի: Այսպիսով, խոսքը գնում է 5 տարի առաջ Հայաստանի եւ Ղարաբաղի համար դրված երկու քաղաքական ծրագրերի մասին՝ իրենց հաշվարկներով ու հիմնավորումներով: Դրանցից մեկի հեղինակը, ինքն իրեն հարազատ մնալով, այն ժամանակ հրապարակեց իր ծրագիրը, հաշվարկներն ու կանխատեսումները «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի տեսքով եւ բոլորին հրավիրեց ազատ քննարկման: Մյուս կողմը քաջություն չունեցավ հրապարակել իր ծրագիրը, հաշվարկներն ու կանխատեսումները, այլ ապավինեց պիտակավորումների, կեղծ հայրենասիրական կարգախոսների ու կոչերի փորձված ճանապարհին: Այդ երկրորդ ծրագիրը իր հիմնավորումներով, որ չի հրապարակվել առ այսօր, եւ՛ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի մասով խայտառակ ձեւով տապալված է: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին հստակ ասում էր 1997-ին: Եվ այն, ինչ Ղարաբաղի հարցում այն ժամանակ մեզ առաջարկում էին, այսօր դրա մի զգալի մասի հնարավորությունն այլեւս չկա: Ավելին՝ մեծացան մեզ ներկայացված պահանջները, մենք ստիպված եղանք բազմաթիվ զիջումների գնալ: Ահավասիկ. 1. ինքնակամ կորցրինք Լեռնային Ղարաբաղի դժվարությամբ ձեռք բերված կարգավիճակը որպես հակամարտության եւ բանակցային կողմ (հիմա ապարդյուն փորձում են վերականգնել). 2. Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց կարեւորագույն միջազգային փաստաթուղթ՝ դրանով իսկ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կանխորոշելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակը (այն, ինչից հետեւողականորեն եւ հաջողությամբ խուսափում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «փուլային» կարգավորման տարբերակով դրանից խուսափելու էինք անորոշ ժամանակով ). 3. Լեռնային Ղարաբաղի խնդիրն ինքնորոշվող սուբյեկտից միջազգային հանրության համար վերածվեց վիճելի տարածքի պարզունակ հարցի (իսկ դրա լուծման բանալին տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն է). 4. բանակցությունների սեղանին դրեցինք Մեղրիի հարցը, որը հետ վերցնելու համար արդեն այն ինչ-որ համարժեքով ստիպված պետք է լինենք փոխհատուցել. 5. տնտեսական զարգացման տեմպերով եւ ընդհանուր պոտենցիալով էականորեն հետ մնացինք Ադրբեջանից: Թվարկումը կարելի է շարունակել, բայց դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն է ցույց տալ, որ եթե սրանից 5 տարի առաջ «հայ ավանդական քաղաքական մտքի» վրա հենված քաղաքական հաշվարկն ու ծրագիրը «հաղթեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրին ու քաղաքական հաշվարկներին, ապա հետագա տարիներին «հաղթողական» այդ ծրագիրը ցուցադրեց իր սնանկությունը, արձանագրեց անդարձելի ու ցավալի կորուստներ, դաժան պարտություն կրեց իրականությունը: Շարունակվելու դեպքում այդպիսի կորուստները բազմապատկվելու են, պարտությունը խորանալու է: Ահա թե ինչով է բացատրվում հասարակության կտրուկ աճող հետաքրքրությունը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի ու նրա հեղինակի նկատմամբ: Ահա թե ինչու է իշխանական-դաշնակցական-ռամկավար… մամուլը մի վերջին հուսահատ փորձն անում կանխելու հասարակական գիտակցության վերակողմնորոշման այս ընթացքը: Ահա թե ինչու համառորեն եւ «անողոքաբար» լռող Հանրապետության հիմնադիր նախագահը առանց բառ արտասանելու անգամ միշտ մնաց եւ այսօր էլ է թիվ մեկ քաղաքական գործոնը, իսկ նրա առաջադրվել-չառաջադրվելու հարցը՝ նախընտրական քաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրն ու վերադասավորումների պայմանը: «Անողոք» լռության առեղծվածը – 3 Կառաջադրվի՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը Իշխանությունները սարսափում են հարցի դրական պատասխանից եւ ամեն կերպ փորձում ու փորձելու են կանխել դա: Դրական պատասխանից սարսափում է նաեւ պաշտոնական «ընդդիմության» ուժերի (16 կուսակցությունների) մեծագույն մասը, որ ոչ միայն 1998-ին, այլեւ մինչեւ վերջերս Քոչարյանի կողքին էր եւ միայն վերջին մեկ-մեկուկես տարում անցավ «ընդդիմադիր» դաշտ: Սրանք, ի տարբերություն իշխանությունների, իրենց անելիքը գիտեն. անմիջապես բացահայտ անցնելու են Քոչարյանի ճամբար: Ամենեւին պատահական չէ, որ հանրապետության համար ամենակարեւոր, ելակետային քաղաքական հարցում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, նրանց դիրքորոշումները բացարձակ նույնական են: Այնպես որ՝ Բաբկեն Արարքցյանի դիպուկ կանխատեսումը՝ «ընդդիմության» դաշտում Ա. Գեղամյանի «ական» լինելու մասին, լրացման կարիք ունի. այստեղ կարծես թե ներքին կռիվ է, թե վճռական պահին ով պետք է խաղա հիմնական ականի դերը: Ա. Գեղամյանը պարզապես շտապեց ու ժամանակից շուտ պայթեց: Ինչո՞ւ են նրանք համոզված, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին (եւ հենց դրա համար էլ պնդում են ու փորձում հիմնավորել հակառակը): Առաջին եւ հիմնական պատճառը պայմանավորված է այն ելակետով, որի վրա հենվելով՝ նրանցից յուրաքանչյուրը առաջին նախագահի փոխարեն ինքը նման որոշում կկայացներ: Այդ ելակետը ընտրություններում հաղթելու, իշխանության գալու հավանականության աստիճանն է: Եվ այս ելակետից փաստարկները հօգուտ դրական վճռի՝ ամեն մի քաղաքական գործչի համար կարող են միայն նախանձելի լինել. ա) Նրան երբեք չեն պակասել ոչ քաղաքացիական, ոչ քաղաքական քաջությունը եւ համարձակությունը: Սկսած Շարժման տարիների բազմաթիվ դրվագներից եւ ներառյալ մինչեւ հրաժարականի վճիռ ընդունելու փաստը, կարելի է թվարկել այդ հաստատող տասնյակներով օրինակներ: բ) Սկսած նույն Շարժման տարիներից, նրա դեմ բարձրացված եւ անգամ լռության այս հինգ տարիներին շարունակվող վայրենի քարոզչական վայնասունը, վարկաբեկումները, բամբասանքները եւ այլն, վաղուց այլեւս սկսել են հակառակ արդյունք տալ: Հասարակության մեջ արագորեն մեծանում է նրա նկատմամբ համակրանքը: Սա այն կարոտախտը չէ, որ մի քանի տարի առաջ բուռն ձեւով դրսեւորվեց Կ. Դեմիրճյանի նկատմամբ: Վերջինս ընդամենը ընկալվում էր որպես նախորդ հասարակարգի մի քանի «լավ» տարիների հիշողության խորհրդանիշ: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում դա հասարակության արմատական քաղաքական վերակողմնորոշում է, հասարակական մտածողության ռացիոնալականացում, փորձով ստուգված գիտակցված ընտրություն: գ) Քոչարյանի շեշտված գավառական պահվածքի եւ էության պատճառով հասարակության մեջ առաջացել է (որ հաճախ արտահայտվում է անգամ կենցաղային խոսակցություններում) մի շատ յուրահատուկ զգացում՝ ինտելեկտուալ, ծանրակշիռ եւ երկրի ղեկավարին բնորոշ պահվածքով նախագահի կարոտ: Եվ որպես շեշտված հակապատկեր, տեսնում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը լավագույնս է մարմնավորում այդ կերպարը, եւ ոչ միայն հայաստանյան չափանիշներով: դ) Նրա քաղաքական թիմը, ի դեմս իրական աջ դաշտն զբաղեցնող ուժերի եւ գործիչների, ամենահարուստն է կայացած, թրծված ու հեղինակավոր քաղաքական անհատներով: ե) Այլեւս ոչ մեկի համար կասկածի առարկա չէ այն, որ Քոչարյանը իշխանությունը պահելու համար դիմելու է ամենաստորից սկսած մինչեւ ամենաապօրինի ու դաժան միջոցների: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ կարող են հավաքվել ու նրան վստահել այն նվազագույն անհրաժեշտ 5-6 հազար նվիրյալները, որոնք բավարար պատրաստվածություն, անհրաժեշտ կենսագրություն, փորձ ու համարձակություն ունեն իշխանական ճնշումներին ու բռնություններին դիմակայելու, նաեւ հստակ քաղաքական դիմագիծ եւ գաղափարական սկզբունքներ՝ չծախվելու համար: Այսինքն՝ ընտրությունների տոտալ ֆարս թույլ չտալու համար: Իսկ այդ դեպքում Քոչարյանի ստացած ձայների քանակը հազիվ թե ամենափոքր երկնիշ թվով անգամ արտահայտվի: զ) Բազմիցս փորձով համոզվելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հաշվարկներում գործնականում չի սխալվում, այսօր իրավացիորեն ամենատարածված համոզմունքներից մեկն էլ այն է, որ նա եթե առաջադրի իր թեկնածությունը, ուրեմն 100% -անոց համոզվածություն ունի հաղթանակի մեջ: Ուստի առաջադրումը հասարակության ամենատարբեր խավերում մեծ ծավալի վերակողմնորոշումներ կառաջացնի հօգուտ իրեն: է) Պետական-վարչական մեքենան, սկսած ամենաբարձր պաշտոնյաներից, առավել եւս ներքեւի օղակներում, այդ դեպքում մեծագույն զգուշավորությամբ կվերաբերի իշխանական մարմիններից իրեն իջած հրահանգներին ու կխուսափի ապօրինի քայլեր կատարելուց: Կարող է սկսվել տոտալ սաբոտաժ, չի բացառվում նաեւ զանգվածային շրջադարձ ու բացահայտ համակրանքի դրսեւորում առաջին նախագահի նկատմամբ: Նույնը վերաբերում է գործարար աշխարհին: Այլ թեկնածուի դեպքում դա ակնհայտորեն տեղի չի ունենա: ը) Նրա թեկնածության դեպքում ընտրությունների օրինականությունը հսկող միջազգային կազմակերպություններն ու դիտորդները չեն կարող մատների արանքով նայել իշխանությունների ապօրինություններին: թ) Այսօր Քոչարյանի դեմ ամենատարածված՝ ատելության զգացումի կողքին հասարակության մեջ առկա է նաեւ ամենատարածված մի պատկերացում, ըստ որի՝ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ի վիճակի նրան հաղթել: Այսօրինակ փաստարկների թվարկումը եւս կարելի է կրկնապատկել ու եռապատկել: Բայց նորից հիշեցնենք, որ այս ամենը կարող է աշխատել այն դեպքում, եթե թեկնածուն միայն ընտրվելու, իշխանության գալու հարց է դնում եւ դա է նրա նպատակը այբ-ից մինչեւ ֆե: Ինչպես որ է այսօր քաղաքական դաշտում երեւացող բոլոր թեկնածուների եւ ուժերի համար: Բավարա՞ր է դա արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Դաշնակցական մամուլում ամիսներ առաջ իրենց համար մի անսովոր արձանագրում եղավ «նախկիններին» ուղղված. «Մի մոռացեք, որ դուք 1998-ին պարտվեցիք հայդատականությանը»: Իրենց համար նման մի անսովոր միտք էլ եղավ վերջերս. «… Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997թ. սեպտեմբերի 26-ի հայտնի մամլո ասուլիսը եւ նրան հաջորդած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային բնույթ ունեցող հոդվածը, անշուշտ, մտել են.. մեր քաղաքական մտքի պատմության մեջ»: Երկուսն էլ անսովոր՝ որովհետեւ երկուսն էլ համապատասխանում են իրականությանը: Նա երեք ընտրությունների է մասնակցել պետական իշխանության բարձրագույն պաշտոնն զբաղեցնելու համար: Երեք անգամ էլ նա իրավունք չուներ չառաջադրվելու: 1990թ. օգոստոսի 2-ին ըստ էության ոչ թե Ղարաբաղ կոմիտեում, այլ Ազատության հրապարակում 100 հազարանոց հանրահավաքի միաբերան վանկարկումով որոշվեց, որ նա պետք է առաջադրվի հանրապետության ԳԽ-ի նախագահի պաշտոնում: Վանկարկումը նույնքան միաբերան կլիներ, եթե այդտեղ հավաքված լիներ հանրապետության ողջ չափահաս բնակչությունը: 1991-ին առաջին նախագահական ընտրություններում, առանց նախընտրական պայքարի, նա հեշտությամբ հավաքեց քվեների 83%-ը: Այսինքն՝ նրա քաղաքական գծի նկատմամբ հասարակական պատվերը շարունակում էր մնալ բարձրագույն մակարդակի վրա: 1996-ին, ընտրություններից անմիջապես առաջ, պատերազմական դժվարությունների միջով երկիրն առաջնորդած նախագահի վարկանիշը, որ այդ իսկ պատճառով կարող էր նաեւ նվազագույնը լինել, հստակորեն 60-65%-ի շրջանակներում էր (ըստ չեզոք ու ծառայողական օգտագործման համար նախատեսված վստահելի աղբյուրների): Այս պայմաններում եւս նա չէր կարող հաշվի չառնել հասարակական կարծիքն ու սոցիալական պատվերը: Այսինքն, ոչ մի անգամ նա որեւէ ընտրության չի մասնակցել առանց իր եւ իր քաղաքական ծրագրի նկատմամբ հստակ արտահայտված հասարակական ու սոցիալական պատվերի, միայն իշխանության գալու հնարավորության հաշվարկով թելադրված: Իսկ «հայդատականությունը» հայ քաղաքական մտքի նոր ուղղության դեմ սկսել էր պայքարել դեռ 1989-ի հունիսից՝ այդ նոր ուղղությունը սկզբից եւեթ անձնավորված տեսնելով հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ: Տասը տարի այդ պայքարում շահում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ունենալով հասարակության մեծագույն մասի պաշտպանությունը, եւ իրական հաղթանակներ էին արձանագրվում։ Հայդատականության «հաղթանակին» հաջորդած վերջին հինգ տարիների տխուր արդյունքների եւ ավելի տխուր հեռանկարների հանդիման նույն այդ հասարակությունը կարեւոր եզրակացություններ անելու լուրջ հիմքեր է ստացել։ Իշխանության բոլոր հավակնորդներն են հայտարարում ու երդվում, որ իրենց համար իշխանությունը ինքնանպատակ չէ եւ բխում է պետության, երկրի ու ժողովրդի շահերից: Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն է, որ դա ապացուցեց նաեւ արդեն իսկ ունեցած իշխանությունից հրաժարվելով: Հրապարակավ, համենայնդեպս իր քաղաքական թիմի հետ քննարկումներում, նա հավաստիացնում էր, որ ոչ մի դժվարություն չի ներկայացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգելը եւ այդ ճանապարհով մինչեւ իր պաշտոնավարության վերջը իշխանությունը պահելը (Քոչարյանը հաջողությամբ ապացուցեց, որ դա իրոք հնարավոր էր): Բայց համոզված էր նաեւ, որ այդ դեպքում ստիպված կլինի իր հաջորդին փոխանցել թուլացած երկիր եւ ղարաբաղյան խնդրի լուծման անբարենպաստ վիճակ (Քոչարյանը փայլուն ապացուցեց նաեւ այդ): Ու քանի որ հայտնի պատճառներով եւ հայտնի պայմաններում անհնար դարձավ խաղաղության իր ծրագրի իրագործումը, նա հրաժարվեց իշխանությունից: «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը ոչ միայն քաղաքական ծրագիր ու կանխատեսում էր, այլեւ հասարակությանն ուղղված զգաստացման կոչ՝ հանուն նույն այդ պետության ապագայի եւ անվտանգության: Երբ դա արդյունք չտվեց, նա զոհաբերեց նաեւ իշխանությունը՝ որպես զգաստացման բերելու, վտանգավոր ու կորստաբեր ճանապարհից հեռու պահելու վերջին մի միջոց ու նույնպիսի կոչ: Այդպես են վարվում պետական գործիչները։ Թող որ հինգ տարի ուշացումով, բայց այդ «կոչերը» սկսել են տեղ հասնել, եւ հետեւողականորեն ձեւավորվում ու որակ է կազմում Հանրապետության հիմնադիր նախագահի վերադարձի հասարակական պահանջն ու սոցիալական պատվերը: Բավարա՞ր են այս պայմանները առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում ընդունելու համար: Մի բանում, համենայնդեպս, ոչ մեկը չի կասկածում. Առաջին նախագահը քաղաքական իր հաշվարկներում, առավել եւս մեծ հարցերում, սովորաբար չի սխալվում: ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել