Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԵՏ ՋԵՆԹԼՄԵՆԸ

Նոյեմբեր 02,2002 00:00

ԴԻՎԱՆԱԳԵՏ ՋԵՆԹԼՄԵՆԸ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսի հետ զրույցից հետո թույլ եմ տալիս ենթադրել, որ Հայաստանն ու Իրանը առանձնահատուկ դեր ունեն նրա կյանքում: Սըր Ջոնսը կնոջը հանդիպել է Իրանում, իսկ ամուսնացել՝ Հայաստանում պաշտոնավարելու տարիներին: Լեդի Ջոնսը ծագումով կիսով գերմանացի, կիսով իրանցի է: Իր ապագա ամուսնուն էլ հանդիպել է հենց Իրանում ուսանելու տարիներին, երբ զբաղված է եղել դոկտորական թեզի աշխատանքներով։ Այլազգիի հետ ամուսնանալու արգելքը հանվել է – Թերեւս, կոռեկտ չի հնչում հարցս, այդուհանդերձ, ավանդապահ Անգլիան ինչպե՞ս է վերաբերում այսպիսի ամուսնություններին: Արդյոք Դուք ազնվական ծագում կամ տիտղոս ունե՞ք: – Ոչ, ոչ, ազնվական տիտղոս չունեմ: Ասեմ, որ այժմ Մեծ Բրիտանիայում այդ հարցին շատ հանգիստ են նայում: Իսկ այն ժամանակ, երբ ես սկսեցի աշխատել արտգործնախարարությունում, ընդունված կարգի համաձայն, նախարարը պետք է թույլտվություն տար աշխատակցին այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնանալու համար: Որպես օրինակ ասեմ, որ սառը պատերազմի տարիներին, եթե որեւէ մեկը ցանկանար ամուսնանալ Խորհրդային Միության քաղաքացու հետ՝ խնդիրներ կառաջանար: Այդ պահանջը այեւս չի գործում եւ բրիտանացի բավականին դիվանագետներ արդեն անարգել ամուսնացել են այլազգիների հետ: Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ մյուս երկրներում էլ է այդպես: – Այսինքն, այդ, այսպես կոչված, արգելանքը դրվում էր ոչ թե ազգային առանձնահատկություններից կամ, ասենք, ազնվականական ծագումը հաշվի առնելով, այլ դիվանագիտական փոխհարաբերություններից ելնելով: – Այո: Այնպիսի հավատ կար, որ եթե դու ներկայացնում ես Մեծ Բրիտանիան, նշանակում է քո ամբողջ ընտանիքը պետք է բրիտանացի լինի: Բայց ժամանակակից աշխարհն այլեւս այդպես չի նայում: – Ձեր կինը ի՞նչ մասնագիտություն ունի: Ձեր առաջիկա դիվանագիտական առաքելությունների ժամանակ նա Ձեզ ուղեկցելո՞ւ է: – Իմ հաջորդ նշանակումը լինելու է Լոնդոնում, անշուշտ, նա ինձ միանալու է: Ինչ վերաբերում է մասնագիտությանը, կինս դոկտորական աստիճան ունի «Իրանի արտաքին քաղաքականությունը» թեմայով: Մինչ դոկտորական թեզի պաշտպանությունը, նա աշխատել է «Բրիտիշ պետրոլ» նավթային ընկերությունում, որը բավականաչափ գործարքներ ունի Իրանում: Հայաստանում բնակվելու ժամանակաշրջանում, անշուշտ, այլեւս չի աշխատում այդ ընկերությունում, բայց Իրանի մասին մի գիրք է գրում, որը լույս կտեսնի եկող հունվարին: Աշխատանք եւ շրջագայություն. երկուսը՝ մեկում «Ես անսովոր մարդ եմ Հայաստանի համար, որովհետեւ ծնվել եմ Կալիֆոռնիայում եւ, ի հակադրություն բոլոր այն հայերի, ովքեր Հայաստանը թողնում ու գնում են Միացյալ Նահանգներ, ես այնտեղից եկել եմ Հայաստան»: Այդ տարիներին հայր-Ջոնսը Կալիֆոռնիայի համալսարաններից մեկի ուսանող է եղել: Իր ծնունդը Կալիֆոռնիայում Թիմոթին դիպված է համարում: «Սովորաբար, երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ծագումով Մեծ Բրիտանիայի հատկապես ո՞ր մասից եմ՝ ես ստիպված եմ լինում պատմել ծննդավայրիս պատմությունը»: Այդուհանդերձ, Թիմոթիի մանկությունը անցել է Բրիտանիայի հարավային մասում, որտեղ գտնվող Քեմբրիջ քաղաքում ապրել են իր ծնողները: Հայրը մասնագիտությամբ աստղագետ է, երիտասարդ տարիներին աշխատել է Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում (ներկայումս աշխատում է Մեծ Բրիտանիայի թագավորական աստղադիտարանում): «Փաստորեն, ես արդեն վարժվել էի այլ երկրներում ապրելուն, ուստի ցանկացա մի այնպիսի մասնագիտություն, կարիերա, որը կապահովի «շրջագայությունները»: Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրականում այդքան չեն ճամփորդում, որովհետեւ, երբ որպես դեսպան գնում եմ որեւէ երկիր, մնում եմ այնտեղ, այլ ոչ թե մի շաբաթից մեկնում այդ երկրից, ինչպես դա արվում է միջազգային կառույցների ղեկավարների դեպքում: Բնականաբար, օտար երկրում ապրելը էապես տարբերվում է շրջագայելուց, դա լրիվ ուրիշ երեւույթ է»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ սկսել է աշխատել 1984 թվականից, մինչ Հայաստանում նշանակվելը դիվանագիտական առաքելությամբ եղել է Ավստրիայում, Նիդեռլանդներում, Բոսնիայում, Իրանում: Երկրից երկիր անցնելով էլ, կարծում է, որ դիվանագետը պետք է հնարավորինս հասկանա այդ երկրի սովորույթները, որպեսզի կարողանա ապրել այդ միջավայրում: Դեսպան Ջոնսը կարեւորում է մարդկային փոխհարաբերությունները, որոնց շնորհիվ կարողանում է հասկանալ տվյալ հասարակության խնդիրներն ու մտադրությունները: Սըր Ջոնսը համաձայն չէ հայերիս մեջ ձեւավորված այն կարծիքին, թե իբր անգլիացիները «սառը մարդիկ են»: «Հարցն այն է, որ ազգային առանձնահատկություններից ելնելով, մարդիկ ինչպես են ցուցադրում իրենց հոգատարությունը: Բրիտանացիները պատմության ընթացքում այցելել են շատ երկրներ, այնտեղից իրենց հետ Մեծ Բրիտանիա տանելով ազգային առանձնահատկություններից ինչ-որ մասնիկ եւ դարձրել արդեն մեր մշակույթի մի մասնիկը: Մի քանի տարի առաջ մեր արտգործնախարարը իր խոսքում հավով պատրաստված «Չիքն մասալա» ճաշատեսակը ներկայացրեց իբրեւ բրիտանական ճաշատեսակ, բայց ծագումով այն հնդկական է»: Ջենթլմենը նա է, ով դիմացինին թույլ է տալիս լինել առաջինը – Ջենթլմենի հետ զրուցելիս, բնականաբար, չեմ կարող չհարցնել, թե ի՞նչ կարծիք ունեք կանանց մասին՝ ընդհանրապես եւ հայ կանանց մասին՝ մասնավորապես: – Ես շատ տպավորված եմ հայ կանանցից, որովհետեւ այստեղ գտնվելուս ընթացքում նկատել եմ, որ հայ կանայք շատ արագ կարողանում են մեծ դեր եւ պատասխանատվություն ստանձնել պետության բոլոր բնագավառներում: Բայց պատմականորեն այդպես չի եղել: Կարծում եմ, անկախությունից հետո Հայաստանում կանայք սկսել են ավելի ակտիվ դեր խաղալ հասարակական կյանքում: Ես շատ տպավորված եմ բարձրագույն կրթություն ունեցող կին մասնագետներով: Թեպետ կան բնագավառներ, որտեղ կանանց պակասը զգացվում է, օրինակ, Ազգային ժողովում, բայց, կարծում եմ, որ այդ բացը եւս կլրացվի: – Աշխատանքային փոխհարաբերություններում, ասենք՝ բանակցությունների ժամանակ, երբ Ձեր գործընկերը կին է լինում, ավելի շատ ո՞վ է հաջողությունների հասնում՝ Դո՞ւք, թե՞ կին գործընկերը: Արդյոք այդ պահերին Ձեր մեջ չի՞ խոսում անգլիացի ջենթլմենը: – Դիվանագետն այն անձն է, որը մշտապես թույլ է տալիս անել այն, ինչ ինքն է ուզում: Ինչ վերաբերում է հարցին՝ այո, իհարկե, որովհետեւ դիվանագիտության ամբողջ իմաստն այն է, որ դիմացինը հասկանա, որ իր պահանջները եւ խնդրանքները բավարարվում են: Իհարկե, նրանք շահում են, որովհետեւ, փաստորեն, այն, ինչ իրենք ուզում են, դա այն է՝ ինչ ես եմ ուզում: – Ես իմ մաշկի վրա զգացի «դիվանագետ» հասկացության Ձեր մեկնաբանությունը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ փորձում եմ զրույցը այնպես վարել, որ մոռանաք դեսպանի Ձեր կոչման մասին եւ խոսեք որպես ջենթլմեն, որը իր կարծիքը կհայտնի կին ասվածի, կին եւ տղամարդ փոխհարաբերությունների մասին՝ ինձ չի հաջողվում: Գուցե կոռեկտ չէ, բայց, այդուհանդերձ, ի՞նչ կարող եք անել կամ ինչի՞ մասին կարող եք խոսել, որ մեր ընթերցողը հասկանա, որ զրուցում էի ջենթլմենի հետ: Ինչո՞վ է տարբերվում ջենթլմենը սովորական տղամարդուց: – Այդ հասկացությունը բացատրելը շատ դժվար է, մարդիկ հսկայական վեպեր են գրել այդ հասկացությունը պարզաբանելու եւ բացահայտելու համար: Բայց, կարծում եմ, որ ջենթլմենի ամենամաքուր եւ ամենառոմանտիկ կերպարը նա է, ով թույլ է տալիս, որ դիմացինը ամեն ինչում լինի առաջինը՝ անկախ հանգամանքից, թե այդ տղամարդը հասարակության որ խավից է սերվում: – Պետության առաջին դեմքերի հետ աշխատած շատ տղամարդ-թարգմանիչներ այն կարծիքին են, թե կին-թարգմանիչների ներկայությունը շեղում է բանակցող կողմերին: Դուք դիվանագիտության բավականաչափ փորձ ունեք. արդյոք Ձեզ վրա եւ՞ս ազդում է կին-թարգմանիչների ներկայությունը: – Ես կարծում եմ, որ դա կախված է նրանից, թե այդ անձերը ինչ փոխհարաբերությունների մեջ են։ Միակ անհանգստությունը տվյալ նախագահի համար այն է, որ իր ասածը ճիշտ թարգմանվի: Կարծում եմ, դա մեծ դեր է խաղում, որ նախագահները եւ իրենց թարգմանիչները լավ փոխհարաբերություններ ունենան, որպեսզի բանակցություններն արդյունավետ լինեն։ Ես գիտեմ, որ նախագահները սովորաբար ունենում են կոնկրետ մի թարգմանիչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյոք կին-նախագահը կնախընտրե՞ր կին-թարգմանիչ: Դեսպանը նաեւ ոստիկան է Դեսպան Ջոնսը դժվարությամբ առանձնացրեց որեւէ կոնկրետ զվարճալի դեպք, այն միտքը հայտնելով, թե սովորաբար զվարճալի իրավիճակներն այդ պահին են այդպիսին, իսկ երբ փորձում ես վերապատմել, այդ ազդեցությունը չեն թողնում. «Ես, թերեւս, կառանձնացնեի Իրանը, որտեղ նման զավեշտալի իրավիճակները շատ էին, որովհետեւ մշակութային տարբերությունները շատ մեծ են»: Այդուհանդերձ, Թիմոթի Ջոնսի մտաբերած դեպքը կապված էր Բոսնիայի հետ. «Երբ ես աշխատում էի Բոսնիայում, այնտեղ պատերազմ էր, քաղաքը բաժանված էր 2 հակամարտող մասի: Ես 7 ամիս բառացիորեն ոստիկանի դեր էի տանում, իհարկե, չի եղել դեպք, որ ես որեւէ մեկի ձերբակալեի, որ հիմա կարողանայի պատմել: Երբ ստիպված էի արագ տիրապետել ինձ խորթ ոստիկանի մասնագիտությանը, ինձ համար բացահայտում եղավ այն, որ այստեղ աշխատող տարբեր ազգերի ոստիկանները շատ արագ կարողանում էին հաղորդակցվել միմյանց հետ՝ չնայած լեզվային տարբերություններին: Փաստորեն, նրանց ընկալումներում ընդհանուր մոտեցումները շատ էին»: Թիմոթի Ջոնսը, որը սկզբում դժվարանում էր գոնե մեկ զավեշտալի դեպք պատմել, հիմա հիշեց երկրորդը. «Երբ աշխատում էի Հաագայում, որպես դիտորդ մասնակցեցի կլիմայի փոփոխությանը նվիրված առաջին միջազգային կոնֆերանսին: Այդ ժամանակվա Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը որոշեց բրիտանական պատվիրակություն չուղարկել այս կոնֆերանսին: Պարզապես որոշվեց դեսպանատնից որեւէ մեկին ուղարկել՝ կոնֆերանսին տեղյակ լինելու համար։ Քանի որ ես զբաղվում էի շրջակա միջավայրի հարցերով, որոշվեց, որ ես պետք է գնամ: Հետաքրքիրն այն էր, որ կոնֆերանսի նախորդ օրը «Ֆայնեշլ թայմսը» գրեց, որ Մեծ Բրիտանիան որոշել է պատվիրակություն չուղարկել, բայց կա մեկը, որ այնտեղ կգտնվի, որպեսզի իմանա, թե ինչ է կատարվում։ Այդ հոդվածից հետո դեսպանը որոշեց անպայման մասնակցել կոնֆերանսին եւ ամեն ինչ անել, որ բոլորը տեսնեն իր ներկայությունը»: Հայաստան վերադառնալու համար չկա հավասարակշռող մեխանիզմ Մինչ Հայաստան գալը, մեր երկրի մասին իր իմացությունները շատ սակավ են եղել. «Գալուց առաջ ես մի նամակ ստացա իմ քեռուց, նա գրում էր, որ ինքը միշտ իմացել է ինչ ասել է «հայ մարդ», բայց երբեք չի իմացել, թե որտեղ է գտնվում Հայաստանը: 3 տարի այստեղ աշխատելուց հետո, ես շատ դրական բան կարող եմ ասել ոչ միայն երկրի, այլ նաեւ ժողովրդի մասին: Ժամանակակից աշխարհը, որ գնալով ուզում է դառնալ ավելի գլոբալ, հայերը միշտ են եղել որպես այդպիսին՝ գլոբալ: Հայերը, որ դարեր շարունակ մեծ համայնքներով ապրել են այլ երկրներում, միշտ էլ ունեցել են ավելի լայն պատկերացումներ եւ տեսակետներ, իրենց համար շատ հեշտ կլինի համակերպվել գլոբալացմանը, ինչին ձգտում է աշխարհը: Շատերը արտագաղթը Հայաստանի համար դիտում են որպես բացասական երեւույթ, բայց ես կարծում եմ, որ այլ երկրներ գնալ եւ փորձ ձեռք բերելը դրական երեւույթ է: Հայաստանի համար իրական խնդիրն այն է, որ չկա հավասարակշռող մեխանիզմ, որ մարդիկ վերադառնան Հայաստան: Կարծում եմ, որ Հայաստանի համար խնդիրներից մեկը պետք է լինի այն, որ ոչ միայն տնտեսությունը զարգացնելու շնորհիվ երկիրը դարձնեն գրավիչ, այլ նաեւ մշակութային առումով»: Թիմոթի Ջոնսը հայկական խոհանոցից սիրում է խորովածը, որը Իրանից հետո իր համար հայտնագործություն է եղել: Սիրում է անձամբ պատրաստել կերակուր եւ, որպես գիտնական, իրեն հատկապես գրավում է պատրաստման գործընթացը: Սիրում է հնարավորության դեպքում պատրաստել «Կոկոբաբաեց» կոչվող հավի ճաշատեսակը: Թիմոթի Ջոնսը նախապատվությունը տալիս է 20-30-ական թվականների ջազին, թեպետ երաժշտությունն ընտրում է տրամադրությունից ելնելով: Սիրած գրողն է Էնթոնի Փաուրին: Իբրեւ բրիտանացի, սիրում է տարվա բոլոր եղանակները: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել