Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ էր «զբաղված» կնիքը

Նոյեմբեր 02,2002 00:00

Ինչո՞վ էր «զբաղված» կնիքը Երեկ Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանում քննարկվում էր Աշտարակի քաղաքապետի՝ ՀՅԴ եւ «ՕԵ» միասնական թեկնածու Հրաչիկ Խաչատրյանի հայցը՝ ՏԻՄ ընտրությունները համայնքում անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հոկտեմբերի 20-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրվել են հետեւյալ խախտումները. ընտրացուցակներում դիտավորյալ թույլ է տրվել 373 ընտրողների անունների կրկնություն եւ, բնականաբար, այդքան ընտրող ընտրել է կրկնակի։ Թիվ 20/1, 20/2, 20/3, 20/4, 20/5, 20/6, 20/9 ընտրատեղամասերում քվեարկության ժամանակ մշտապես գտնվել են 40-50 ընտրողներ (ՀՀ ԸՕ 54 հոդվածով՝ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող), ինչի արդյունքում տեսադաշտից դուրս են մնացել ընտրացուցակներն ու քվեատուփերը։ Քվեարկություն է կատարվել հանրապետությունից բացակայող 280 անձանց փոխարեն։ Քվեարկել են նաեւ մեկ զինվորական եւ մեկ մահացած մարդ։ Այս փաստերն Ընտրական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ կետի համաձայն հանգեցնում են պատասխանատվության, այդ թվում՝ քրեական։ Ընդհանուր առմամբ, թույլատրվել է շուրջ 1000 կեղծիք, իսկ թեկնածուների ձայների տարբերությունը 745 է։ Խախտումների գլուխգործոցն արձանագրվել է թիվ 20/10 ընտրատեղամասում։ Այնտեղ, ինչպես հայցադիմումում է նշված, «տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանդուգն կերպով հաշվի չի առել հանձնաժողովի երեք անդամների պահանջը՝ տեղամասում կարգուկանոն հաստատելու մասին»։ Ավելին, ՏԸՀ անդամ, ԱԺՄ-ն ներկայացնող Գալուստ Հովհաննիսյանի հետ քաշքշուկ ստեղծելու արդյունքում՝ տեղամասային հանձնաժողովի կնիքը ավելի քան 20 րոպե անհետացել է կամ դուրս է բերվել ընտրատեղամասից։ Այս խախտումների արդյունքում 20/10 տեղամասից հայտնաբերվել է շուրջ 70 չլրացված քվեաթերթիկ։ Առկա են նաեւ փաստեր, երբ այդ տեղամասում քվեախցիկում 2-3 մարդ է գտնվել։ Հանձնաժողովի նախագահը արգելել է կատարված խախտումներն արձանագրել մատյանում։ Այստեղ էլ, բնականաբար, ոչ առանց օրենքի կոպիտ խախտումների, կյանք է ստացել այս ամենի արդյունքը՝ ընտրատարածքային հանձնաժողովը 4 կողմ, 3 դեմ, 2 չմասնակցած ձայներով որոշում է կայացրել Աշտարակի համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրությունը կայացած ճանաչելու եւ ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի համայնքի ղեկավար ընտրվելու մասին։ Սակայն, նախ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 39 հոդվածի 7-րդ կետով, 133 հոդվածի առաջին կետով եւ 62 հոդվածով ԸԸՀ-ն իրավունք չունի համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունները կայացած համարելու մասին որոշում ընդունել։ Բացի այդ, որոշման արձանագրության մեջ կեղծիք է կատարվել. հանձնաժողովի անդամ Սերյոժա Դավթյանը (ՀԿԿ) մասնակցել է քվեարկությանը եւ մնացել է ձեռնպահ, սակայն որոշման արձանագրությունում թվերի «ուղղում» է կատարվել եւ չմասնակցածների «1» թիվը դարձել է «2»։ Դրա արդյունքում, իրականում քվեարկությանը մասնակցած 8 անձինք դարձել են 7-ը։ Հետեւանքը եղել է այն, որ հանձնաժողովը 4 կողմով (սակայն պահանջվում էր 5 ձայն) որոշում է կայացրել համայնքի ղեկավար ընտրվելու մասին։ Ս. Դավթյանը չի ստորագրել որոշման արձանագրությունը։ Նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել