Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ

Նոյեմբեր 02,2002 00:00

ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ ՏԻՄ ընտրություններն էլ ՀՀՇ-ի համար «տրամպլին» չէին Քաջատեղյակ լինելով ընտրական բոլոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ «սեւ», ՀՀՇ-ն՝ ի դեմս վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանի, Կենտրոնում պարտվեց: Արդյո՞ք ՀՀՇ-ն ի վիճակի չեղավ դրանք կասեցնել, թե՞ չէր սպասում, որ այդ տեխնոլոգիաները կկիրառվեն իր նկատմամբ: «Թերեւս՝ երկուսը միասին: Նախ՝ չէինք սպասում, որ այս ընտրություններում դրանք այդ հզորությամբ կօգտագործվեն, մյուս կողմից՝ ՀՀՇ-ն իսկապես դիմադրելու ուժ չուներ: Չեմ կարծում, թե որեւէ կուսակցություն կամ թաղապետի թիմ կարող է դիմադրել իշխանական, պետական ռեսուրսներին: Եթե վերջիններս ներդրվեին ԱԺ կամ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին անցկացնելու համար, գուցե հասկանալի լիներ, բայց իշխող կուսակցությունն՝ ի դեմս ՀՀԿ-ի, առաջնորդվում էր Օստապ Բենդերի սկզբունքով՝ ես կվերցնեի մաս-մաս, բայց ինձ պետք է ամբողջն ու միանգամից, որը, գուցե, բնորոշ է այդ կուսակցությանը»,- երկմտեց ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը: ՏԻՄ ընտրություններում Կենտրոնում ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանի փաստացի պարտությունը մասնավորապես իշխանամետ քարոզչամիջոցները գնահատեցին իբրեւ այդ կուսակցության վերջին բաստիոնի անկում: Տ.Հակոբյանի հետ զրույցից, սակայն, պարզվեց, որ այդ գնահատականները զգալիորեն չափազանցված են. «Կուսակցությունը երբեք Կենտրոնը «բաստիոն» կամ «աշտարակ» չի համարել: Հարցը երբեք այդպես չի դրվել: Ա.Զուրաբյանը երկու անգամ ընտրվել էր Կենտրոնի թաղապետ, իսկ այս անգամ պարտվեց: Այդ պարտությունը ցույց տվեց, որ, այո, Կենտրոնում իշխանությունները հաղթեցին, որ նրանք ունեն բավականին հզոր ֆինանսական, վարչական եւ մարդկային ռեսուրսներ: Չեմ ուզում ընտրախախտումներին անդրադառնալ, բայց փաստ է, որ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց թեկնածուն այդ մակարդակի ընտրություններում կարող է, ոչ հեշտությամբ, բայց՝ հաղթել: ՏԻՄ ընտրություններում եւ նախընտրական շրջանում էլ կիրառվեցին ընտրական բոլոր տեխնոլոգիաները: Ասում էին, թե դրանք կիրառողը ՀՀՇ-ն է, բայց պարզվեց՝ ոչ, դրանում որեւէ բարդություն չկա եւ, եթե իշխանությունները ցանկանում են՝ կարողանում են հասնել այն արդյունքին, որին ձգտում են»,- արձանագրեց պարոն Հակոբյանը: Բայց ընտրակեղծիքներն ու դրա տարատեսակ տեխնոլոգիաների կիրառումը որեւէ մակարդակի ընտրություններում մեզ համար գոնե նորություն չէ: Դրանք նաեւ կիրառվել են «նախկին» իշխանությունների օրոք: «Նախկին իշխանությունների օրոք ընդամենը երկու ընտրություններ են եղել, որոնք որակվել են իբրեւ կեղծված ու բարդվել ՀՀՇ-ի վրա, բայց մեզնից հետո տեղի են ունեցել երեք ընտրություններ՝ 98-2000թթ.»,- խայտառակ այդ ընտրությունների պատմական էջերը հիշեցրեց Տ.Հակոբյանը: Նա մեկ այլ բան էլ հիշեցրեց. «Նախկին» իշխանությունները 96-ին այդչափ մեծ ձգտում չունեին իրենց անդամներով կամ թեկնածուներով համալրել ՏԻՄ-ը: «Կարող եք վերցնել 96-ի ՏԻՄ ընտրացուցակները եւ տեսնել, որ այն ժամանակ ՀՀՇ անդամ համայնքապետերի տոկոսն անհամեմատ քիչ էր, թեեւ ՀՀՇ-ն իշխանական լուրջ ռեսուրսներ ուներ»: Նրա պնդմամբ՝ 95-ին ընդունված Սահմանադրությամբ ամրագրված ՏԻՄ բարեփոխումը «նախկին» իշխանությունների նախաձեռնությունն էր, որը նպատակ ուներ եւ նախընտրելի էր համարում իշխանական ռեսուրսները գործի դնելով՝ սեփական թեկնածուին անցկացնելու փոխարեն՝ լեգիտիմացնել որեւէ կոնկրետ համայնքում բնակչության վստահությունը վայելող անհատին: «Այսօր այդ գաղափարն էլ, որն ի հայտ էր բերում նոր վստահելի մարդիկ իշխանական համակարգում, գործող իշխանություններն ու մասնավորապես ՀՀԿ-ն «թաղեցին»: Նման օրինակ են Կենտրոնում եւ Էջիածնում տեղի ունեցած ընտրությունները»: Բայց այդ ձգտումը կարելի է բացատրել նաեւ այն մտայնությամբ, թե ՏԻՄ ընտրությունները, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության առումով, փորձաքար են առաջիկա նախագահական եւ ԱԺ ընտրությունների համար: Տ.Հակոբյանը համաձայնեց այս դիտարկմանը, բայցեւ ավելացրեց. «Երբ ֆինանսական եւ պետության վարչական ռեսուրսներն են մրցակցում, շատ դժվար է ասել, թե այդ պայքարում ով կհաղթի: Խնդիրն այն է, որ այս ընտրություններում ՀՀՇ-ն հզոր ֆինանսական ռեսուրսներ չուներ, որովհետեւ այսօրվա ՀՀՇ-ն համալրված չէ այն մարդկանցով, ովքեր, ինչպես ասում են՝ մեծ գումարներ դիզեցին շուկայական հարաբերությունների կայացման, սեփականաշնորհման ընթացքում»: Ըստ նրա՝ անտրամաբանական կլիներ, եթե ՀՀՇ-ն՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունենալով հանդերձ, բաց թողներ դրանք ներդնելու պատեհ առիթը՝ ընտրություններում հաղթելու համար: Անդրադառնալով Ա.Զուրաբյանի ավելի քան 10 հազար ձայն ստանալու փաստին՝ ՀՀՇ վարչության անդամը նկատեց. «Դա Կենտրոնի թաղապետ Ա.Զուրաբյանի եւ ՀՀՇ-ի ստացած մաքուր ձայներն էր, ու թեեւ մենք միշտ հեգնանքով ենք վերաբերվել «բարոյական հաղթանակ» բառակապակցությանը, բայց Ա.Զուրաբյանի ստացած ձայների քանակը մեզ գոհացնում է. նա իր մրցակիցների թվում միակն էր, որի անվան դիմաց նշված էր նրա կուսակցական պատկանելությունը՝ ՀՀՇ: Այսինքն. Կենտրոնում ավելի քան 10 հազար մարդ իր ձայնը գիտակցաբար տվել է Ա.Զուրաբյանին»: Այո, բայց նա արդյունքում պարտվեց: Արդյո՞ք դա նշանակում է նաեւ ՀՀՇ-ի՝ որպես քաղաքական ուժի, նրա գաղափարախոսության պարտություն, թե՞ պարտվողը այս դեպքում թիմն էր: «Բոլորը միասին: ՀՀՇ-ն, ի դեպ, այսօր միակ կուսակցությունն է, որ պատասխանատու է ե՛ւ իր հաղթանակների, ե՛ւ պարտությունների կամ բացթողումների համար: Ես այդ պարտությունն էլ նորմալ եմ համարում. որտեղ կա քաղաքական պայքար, մրցակցություն՝ կարող ես ե՛ւ հաղթել, ե՛ւ պարտվել, ու դրանում ողբերգություն չեմ տեսնում ո՛չ կուսակցության, ո՛չ Ա.Զուրաբյանի թիմի համար: Տեսնենք, թե նոր թաղապետն իրեն ինչպես կդրսեւորի: Մենք, անշուշտ, ուզում ենք, որ նրա աշխատանքները ստացվեն, որովհետեւ Կենտրոնը առանցքային համայնք է ե՛ւ մայրաքաղաքի, ե՛ւ հանրապետական իմաստով: Այդ առումով որեւէ նախանձ չկա: Ինչ կարողացանք՝ արեցինք ե՛ւ մենք, ե՛ւ մեր մրցակիցը, եւ այդ էջը փակվեց: Սա իմ անձնական կարծիքն է»,- շեշտեց Տ.Հակոբյանը: Նա միաժամանակ հավաստիացրեց, թե ՀՀՇ-ն Կենտրոնի ընտրությունները «տրամպլին» կամ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանք չի դիտարկել: Ըստ նրա՝ չի կարելի նաեւ ասել, թե ՀՀՇ-ն իր ողջ ներուժն ու ռեսուրսները ներդրել էր Կենտրոնի ընտրություններում: Առավել եւս՝ վտանգավոր է համեմատել եւ ասել, թե Կենտրոնում պարտությունը նշանակում է, որ ՀՀՇ-ն ԱԺ կամ նախագահական ընտրություններին մասնակցելու ռեսուրս չունի: Այդուհանդերձ, որքանո՞վ էր ՀՀ առաջին նախագահի թեկնածության առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում պայմանավորված Ա.Զուրաբյանի ընտրվել-չընտրվելու հանգամանքով, ինչպես ներկայացվում է: «Մենք մեկը մյուսով չենք պայմանավորել: Հասարակական գիտակցության մեջ այդպես գնահատվում է, բայց դա նախ՝ այլ զրույցի թեմա է, երկրորդ՝ իմաստ կունենա դրա մասին խոսել, երբ հայտնի լինի, թե արդյո՞ք ՀՀ առաջին նախագահը մասնակցելու է առաջիկա ընտրություններին»,- վերջինիս շուրջ ստեղծված խորհրդավորությունը չխախտելով՝ նկատեց ՀՀՇ վարչության անդամ Տ.Հակոբյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել