ԳՈՐԾԸ ԿՐԿԻՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՆԳԲ-ՈՒՄ Է «Առավոտին» հասած տեղեկության համաձայն, Ջրվեժի պարկային տնտեսության մի քանի աշխատակիցներ պարկի տարածքում որոշել են իրականացնել «սանիտարական հատումներ»՝ պատճառաբանելով, որ հատված ծառերը չորացած են: Մեր աղբյուրի համաձայն, ծառերն իսկապես չորացած են եղել, սակայն, մասնագետների պնդմամբ, վերջիններս իրավունք չեն ունեցել ծառահատում կատարել՝ առանց համապատասխան հանձնաժողովի ներկայության: Խնդրի առնչությամբ բնապահպանության նախարարությունից հայտնեցին, որ իրենց կողմից արգելոցապարկային համալիր ուղարկված հանձնաժողովը դատապարտել է ինքնագլուխ կատարած ծառահատումը: Իսկ փոխնախարար Սամվել Ամիրխանյանը Ջրվեժի պարկային տնտեսության տնօրեն Վ. Աբգարյանին հանձնարարական է տվել, որ անտառապետին եւ անտառապահին վարչական տույժի ենթարկի, ինչպես նաեւ անտառպուրակի տարածքում ուժեղացնի ռեժիմը եւ ամենօրյա հսկողություն սահմանի: Անտառտնտեսությունում տեղի ունեցածն այդքանով չէր սահմանափակվել: Հրդեհի հետեւանքով այրվել է նշյալ տարածքում գտնվող վագոն-տնակը, որի արժեքը, ըստ տեղեկությունների, հիմնարկի բալանսում մոտ 250 հազ. դրամ է կազմում: Ենթադրաբար, հրդեհը բռնկվել է գիշերային խրախճանքի հետեւանքով: Պարկի տնօրենը հրդեհաշիջման նպատակով հրշեջ-խումբ է կանչել դեպքից մի քանի օր հետո միայն, ինչը հաստատեցին Խորհրդայինի շրջանի հրշեջ մասից: Նոր Նորքի 11-րդ հրշեջ մասի պետի տեղակալ Արամ Սարգսյանի խոսքերով, դեպքի վայր մեկնած խումբն արձանագրել է, որ հրդեհը 1-2 օր առաջ է տեղի ունեցել եւ որ իրենք այդտեղ անելիք չունեն: Ըստ նրա, վերջիններս իրենցից փաստաթուղթ են խնդրել այն մասին, որ այդտեղ վագոն-տնակ է այրվել, սակայն չեն ստացել: Բնապահպանության նախարարությունից վագոն-տնակի այրվելը նույնպես հաստատեցին եւ ավելացրին, որ գործը գտնվում է Աբովյանի ՆԳ բաժնում: Հիշեցնենք, որ նույն հիմնարկում նմանատիպ դեպքերի մասին «Առավոտը» մի քանի անգամ գրել է եւ ամեն անգամ էլ գործը Աբովյանի ՆԳ բաժնում է եղել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ