Լրահոս
Օրվա լրահոսը

Մանթաշեւի թոռը հո չե՞ս

Նոյեմբեր 01,2002 00:00

Մանթաշեւի թոռը հո չե՞ս Այս օրերին Սանկտ Պետերբուրգում հյուրընկալվում է ականավոր հայ մեկենաս, հասարակական գործիչ Ալեքսանդր Մանթաշեւի միակ թոռը, որը կրում է իր նշանավոր պապի անունը: Ալեքսանդր Մանթաշեւ- թոռը բնակվում է Փարիզում եւ, չնայած տարիքին, ապրում է բավականին ակտիվ հասարակական կյանքով: Նա գլխավորում է Փարիզի ռուս-ֆրանսիական ընկերությունը: Սակայն այս պաշտոնը չի սահմանափակում իր շփումը հայ համայնքի հետ, որտեղ նա վայելում է վստահելի եւ արդար ընկերոջ փառք: Ժամանակին Մանթաշեւն աշխատել է Մոսկվայում, որտեղ գործում էր սովետա-ֆրանսիական արտաքին առեւտրի ասպարեզում: Մոսկվայում էլ նա ամուսնացել է ռուս կնոջ հետ, որից ունի 30-ամյա որդի: Իր աշխատանքային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշեւն ավարտել է որպես Փարիզի ամենահայտնի ծերանոցի տնօրեն, որտեղ իրենց վերջին օրերն են ապրել ռուս էմիգրացիայի առաջին հոսքի ազնվական ներկայացուցիչներից շատերը՝ հեղափոխությունից փախած իշխաններ, կոմսեր եւ այլն: Սանկտ Պետերբուրգի հայերը, Ա. Մանթաշեւի հետ ծանոթանալիս, իրենց պարտքն են համարում բարձրաձայն հիշել մեզանում հաճախակի գործածվող «Մանթաշեւի թոռը հո չե՞ս» թեւավոր խոսքը: Պարզվում է՝ Ա. Մանթաշեւը մինչ այդ լսած չի եղել այդ արտահայտությունը: Մեր հայրենակիցների այն բնական հարցին, թե ո՞ւր են իր մեծահարուստ պապի կապիտալները, Մանթաշեւը հանդուրժողաբար եւ թեթեւ տխրությամբ, անկեղծորեն պատասխանում է. «Հայրիկս եւ մայրիկս քամուն են տվել»: Այնուամենայնիվ (իսկ, գուցե, հենց դրա շնորհիվ), մեր նյութի հերոսը չի կորցրել իր սերն ընտիր գինիների եւ գեղեցիկ կանանց (հատկապես հայուհիների) նկատմամբ: Ի դեպ, նա հիշում է. «Երբ անցյալ տարի հայ գործարարներից մեկի հրավերով եղա Հայաստանում, ինձ առաջարկվեց համաձայնություն տալ «Ալեքսանդր Մանթաշեւ» օղու արտադրությանը: Սակայն առաջարկը մնաց օդում կախված»: Հիշեցնենք, որ Բաքվում եւ Թիֆլիսում մինչ օրս կանգուն են «Նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշեւի կառուցած բազմաթիվ բնակելի շենքերն ու այլ կառույցները, ինչի մասին վկայում են շենքի ճակատին փորագրված մակագրությունները: Ասենք նաեւ, որ Երեւանի Աբովյան փողոցում գտնվող Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի շենքը Մանթաշեւի նվիրատվությունն է Հայաստանի մայրաքաղաքին: Իսկ Փարիզում նրանից մնացել է Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը համախմբում է տեղի հայերին: Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել