Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մե՞զ ինչ, թե դուք ոնց եք

Նոյեմբեր 01,2002 00:00

Մե՞զ ինչ, թե դուք ոնց եք Արմավիրի տարածքային սպառողական կոոպերատիվը (նախկին շրջկոոպը) այսօր հիշեցնում է Օստապ Բենդերի պոզեր հանձնելու գրասենյակը՝ այստեղ մնացել են միայն նախագահն ու հաշվապահը։ Գրասենյակում փոշին «սանտիմետրանոց» հաստություն ունի, հոսանք չկա, հեռախոս չկա, աշխատող չկա։ «Բայց, փառք Աստծո, շահույթով ենք աշխատում, դեբիտորական պարտք չունենք, կրեդիտորական՝ մի քիչ»,- հպարտանում է վարչության հաշվապահ Սուրեն Պետանյանը։ Ի՞նչ անենք, որ այդ շահույթից ակնկալիք չունեն հարկադիր պարապուրդում գտնվող 32 աշխատակիցները։ Ընդ որում, նրանցից 27-ը չեն աշխատում 1999-ից, իսկ վերջին 5-ը՝ այս տարվա հոկտեմբերից։ «Մենք որ աշխատում ենք, ի՞նչ ենք ստանում. 6-8 հազար դրամ, բա դրա համար արժե՞ բողոքել»,- նեղացավ-զարմացավ հաշվապահը։ «Իսկ դրա համար արժե՞ աշխատել» հարցիս պատասխանեց, որ ուրիշ ելք չունեն՝ «թղթեր կա, բան կա, ո՞վ է պատասխանատու»։ Վերոհիշյալ 27-ի մեջ է նաեւ կոոպերատիվի նախագահի տեղակալ Սարգիս Գեւորգյանը, ում դիմում-բողոքով էլ փորձեցինք ծանոթանալ խնդրին։ Իր գրավոր բողոքում Սարգիս Գեւորգյանը հայտնում է, որ կոոպերատիվի նոր նախագահի նշանակումից հետո (1996 թվական) կազմակերպության գործերը սկսել են վատանալ անհաջող գործարքների, պայմանագրերի խախտման, կազմակերպության եւ սեփական գրպանների տեղերը նպատակային «շփոթելու» եւ այլ գործոնների հետեւանքով։ Մի անգամ նախագահ Ավետիք Ալեքսանյանը վաճառքից շուտ, այն էլ՝ 50% իջեցրած գնով վճարել է մատակարարին (իսկ պայմանագրով նախատեսվում էր վաճառքից հետո) 500 հազար դրամ։ Մյուս անգամ գնում է կարագ, ցորեն ու եգիպտացորեն եւ շատ ցածր գնով վաճառում «Արմավիր կաթ» գործարանին եւ տարիուկես չի պահանջում վաճառքից գոյացած շուրջ 4,2 մլն դրամը (մոտ 800 հազարը պարտք են մինչ օրս), երբ կարելի էր այդ գումարը ներդնել կազմակերպության նյութական շրջանառության մեջ։ Ի դեպ, հատուկ այս դեպքի համար նշենք, որ կոոպերատիվի հաշվապահը նաեւ «Արմավիր կաթ»-ի գործադիր տնօրենն է։ Պակաս հետաքրքիր չէ նաեւ կոոպերատիվին հարող տարածքը որպես տոնավաճառ վարձակալությամբ տալու գործարքը, որի ուշագրավ մանրամասներից մեջբերենք միայն մեկը, եւ մյուսները հասկանալի կդառնան ինքնըստինքյան։ Ըստ նույն աղբյուրի, շրջկոոպի 1996թ. կնքած վարձակալության պայմանագիրը ժամկետից 2 ամիս շուտ չեղյալ համարելով, նոր նախագահը որոշում է տեղի համար օրավճարները գանձել առանց որեւէ պայմանագրի, գումարը գրպանելով շուրջ 8 ամիս, հետո կնքում է պայմանագիր «Բերդաշեն» ՍՊԸ-ի հետ, բայց՝ ամսական 50 հազար դրամ վարձավճարով, նախկին 120 հազարի փոխարեն։ «Տեղի համար օրավճարն, անշուշտ, դրանից չիջավ, որոշ ժամանակ անց նույնիսկ սահմանվեց 200-400 դրամ գին»,- պատմում է Ս. Գեւորգյանը։ Պակասեց, փաստորեն, կազմակերպության հասույթն այնքանով, որքանով, պետք է եզրակացնել, ավելացավ նախագահի անձնական հասույթը։ «Այս եւ այլ «հաջող» գործարքների արդյունքում առաջացավ կազմակերպության ծանր ֆինանսական վիճակն ու աշխատողներին հարկադիր պարապուրդի ուղարկելու անհրաժեշտությունը»,- բացատրեց նախագահի տեղակալը, հիմնավորելով, թե ինչու եւ ինչպես սկսվեց բողոք-նամակների իր «հեղեղը» իրենց գլխավոր՝ Հայսպառմիություն, հետո՝ նաեւ վարչապետին, երկրի նախագահին, դատախազություն։ Հայսպառմիության ստուգման ակտի հիման վրա ստուգումներ անցկացրած Արմավիրի մարզի դատախազությունը հայտնաբերել է 1 մլն 956 հազար դրամի պակասորդ։ Գումարը գոյացել է տարիների ընթացքում, հասցեատերերը 8-9 նյութական պատասխանատու աշխատակիցներ են, եւ այդ գումարից փոխհատուցվել է առայժմ 311 հազարը։ Իսկ մնացա՞ծը. «Իսկ մնացածն էկեք-տեսեք դուք կարո՞ղ եք գանձել, խեղճուկրակ մարդիկ են, խանութները փակ, իրենք՝ անգործ, ի՞նչ գանձեմ»,- «պարզաբանեց» հաշվապահ Պետանյանը։ Ավելի պարզ, նրանք շրջկոոպի նախկինում՝ գործող, այժմ՝ պարապուրդի մեջ գտնվող խանութների վաճառողներն են, որոնք չդիմանալով հաշվիչ դրամարկղերի, բարձր վերադիրների (10-20%), բարձր հարկերի ճնշմանը, փակել են խանութները։ Թեպետ Ս. Պետանյանը չթաքցրեց, որ ընդհանուր առմամբ 33 խանութներից մի քանի խանութներ վարձակալել են մասնավոր անձինք, մի քանիսը շրջկոոպը վաճառել է, մնացածն էլ սպասում են վաճառքի իրենց օրվան։ Այս, ինչպես նաեւ տոնավաճառից գոյացող գումարներն էլ հենց հաշվապահի նշած շահույթի աղբյուրներն են։ «Բա վե՞րջը. վերջն էլ կծախենք-կպրծնենք, կլուծարենք կոոպերատիվն ու կգնանք մեր տները»,- ծրագրավորեց Սուրեն Պետանյանը, հպարտանալով, որ հարեւան շրջկոոպների համեմատությամբ իրենց վիճակը դեռ փառք է։ «Իրենց» ասելով նա երեւի նկատի ուներ իր ու իր նախագահի վիճակը, քանի որ գործազուրկ եւ «պարապուրդային» գումար չստացող աշխատակիցները, անկասկած, այդ «փառք»-ից անմասն են։ «Թող քաղհայցով դիմեն դատարան, ու եթե համապատասխան վճիռ կայացվի ու հնարավորություն ունենանք, նրանց աշխատավարձերը կտանք, հո մեր դուշմանը չե՞ն, մեր նախկին աշխատողներն են»,- ուղի մատնանշեց հաշվապահը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել