Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Նոյեմբեր 01,2002 00:00

Կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին

Ինչու՞ է մեզանում արժեզրկվել կուսակցություն կամ քաղաքական գործիչ հասկացությունը կամ քաղաքական համակարգի անհետաձգելի ռեֆորմի մասին

Կուսակցականների հիմնական զանգվածը բավական մշուշոտ պատկերացում ունի կուսակցության խնդիրների մասին, իսկ գաղափարախոսության առումով՝ խոսելն էլ ավելորդ է: Եվ դա մեղադրելի չէ, քանի որ անցումային տնտեսություն ապրող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական իրավիճակն այնքան բարդ է, երբեմն՝ իրարամերժ, որ այն կարգավորելու համար պահանջվում են ոչ միայն տեսական կամ գործնական գիտելիքներ, այլեւ իմաստնություն եւ ինտելեկտ: Այնպես որ, շարքային կուսակցականներին նման պահանջներ ներկայացնելը միամտություն է: Հետեւաբար, կուսակցականների հիմնական զանգվածն օբյեկտիվորեն օտարված է կուսակցության ներսում քաղաքական որոշումների մշակման պրոցեսից եւ, դե ֆակտո, այդ որոշումների կայացման վրա որեւէ արդունավետ ազդեցության հնարավորություն չունի: Բայց, ցավոք, շարքային կուսակցականների ճնշող մասին այդ հանգամանքը կարծես թե չի էլ անհանգստացնում, որովհետեւ նրանք իրենց կուսակցական պատկանելության ընտրությունը կատարում են ոչ թե գաղափարախոսությամբ, այլ հավատալով այդ կուսակցության լիդերին, նրա քաղաքական հաջողությանը՝ կապելով դրա հետ նաեւ իրենց անձնական հաջողությունը: Եվ եթե ստացվի այնպես, որ քո ինտուիցիան քեզ չի խաբել եւ դու անհրաժեշտ լիդերի քաղաքական հաջողության բախտախաղի վրա ես դրել, ապա կարող ես հայտնվել իշխող կուսակցության շարքերում եւ գործնականում կուսակցության քաղաքական ղեկավարությունից ակնկալել որոշակի փոխհատուցում «կուսակցության գործերին» քո նվիրվածության համար՝ որեւէ պաշտոն հարազատ քաղաքում, գյուղում կամ որեւէ պետական կառույցում:

Կուսակցական ղեկավարությունն իր հերթին նույնպես շահագրգիռ է բավարարել իր աջակիցների նմանատիպ պահանջները, որովհետեւ առջեւում կան նոր ընտրություններ: Արդյունքում, պետական կառավարման համակարգում կադրային ապարատային աշխատողների փոխարեն հայտնվում են ոչ արհեստավարժ կադրեր, ինչն իր հերթին հանգեցնում է պետական կառավարման կուլտուրայի եւ որակի անկմանը՝ հասարակության համար բոլոր բացասական հետեւանքներով եւ անդառնալի կորուստներով, պետական ապարատում պատեհապաշտությանը, կաշառակերությանը, անպատասխանատվությանը եւ այլն: Եվ եթե հասարակության հեղափոխական անցումային փուլերում ապարատում նման փոփոխությունները որոշ չափով կրում են օբյեկտիվ, հեղափոխության տրամաբանությամբ պարտադրված բնույթ (իսկ Սահմանադրության ընդունմամբ մեր հասարակությունն արձանագրեց հեղափոխության ավարտը), ապա հասարակության էվոլյուցիոն, բնականոն զարգացման շրջանում պետական ապարատի նկատմամբ այդպիսի անփույթ մոտեցումը կործանարար է պետության ապագայի համար:

Այնպես որ, կուսակցության գաղափարախոսական, ծրագրային խնդիրներին անհաղորդ այդ մասը հանգամանքների վերոհիշյալ ընթացքով վերածվում է ընդամենը կուսակցությանն «ուղեկցողների» մի բանակի՝ իր սեփական կենցաղային ակնկալիքներով եւ դառնում իր իսկ կուսակցության վարկաբեկիչն ու գերեզմանափորը: Այսինքն՝ այն ուժը, որը քեզ բերել է իշխանության, հենց ինքն էլ տանում է անխուսափելի կործանման՝ հասարակության մեջ սերմանելով կուսակցությունների նկատմամբ անվստահություն, ընտրությունների ինստիտուտի նկատմամբ քաղաքական ալերգիայի զգացում, փոփոխությունների հասնելու անկարողության բարդույթ:

Եվ ցավն այն է, որ «բրգաձեւ կառուցվածքով բազմանդամ կուսակցության» հայեցակարգն ուղղակի բացառում է կուսակցության հետ ընդհանուր խնդիրներ չունեցող այդ ճահճից ազատվելու որեւէ ձգտում, որովհետեւ վերջինս այդ հայեցակարգի գլխավոր հենասյունն է: Նման պարագաներում կուսակցությունները մաքրելու, թարմացնելու, ոչ պիտանի տարրից ազատելու հիմնական «արդյունավետ» մեթոդը մնում է կուսակցական զտումը (հայտնի իմաստով), որի արդյունքը քաղաքական դեմագոգիայի, գաղափարախոսական դոգմատիզմի եւ ավտորիտարիզմի հաստատումն է, մի բան, որը մենք ապրել եւ տեսել ենք ոչ վաղ անցյալում եւ որի պտուղները քաղում ենք այսօր:

«Բրգաձեւ կառուցվածքով բազմանդամ կուսակցությունները» մեր հասարակության համար ծնում են մեկ ուրիշ վտանգ եւս: Նորաթուխ այդ չինովնիկների մի զգալի մասը, ոգեւորված իրենց կարիերային ձեռքբերումներով, տվյալ պաշտոնում իրենց նշանակումը գնահատելով միանգամայն տրամաբանական եւ այլընտրանքային մոտեցում չունեցող, միաժամանակ որակում են դա կուսակցության կողմից իրենց որպես կուսակցական գործչի ճանաչման փաստ: Այս ներշնչումը հիմք է դառնում նրանց համար գլխովին մխրճվելու կուսակցական գործունեության մեջ: Եվ քանի որ նրանց մեծ մասը չունի այդ պատասխանատու գործի համար անհրաժեշտ փորձառություն, պոտենցիալ եւ ինտելեկտ, ուստի նրանք դառնում են ներկուսակցական խարդավանքների աղբյուր, գործիք կամ, որն ավելի վտանգավոր է, ձեւավորելով կուսակցության ներսում քվազիքաղաքական «ազդեցության խմբեր», դառնում են կուսակցությունում տարբեր տնտեսական խմբավորումների ոչ քաղաքական հետաքրքրությունների «անցկացնողը», խմբավորումներ, որոնք փորձում են կուսակցական պատրաստի կառույցները ծառայեցնել սեփական տնտեսական շահերի իրականացմանը: Եվ քանի որ այսօր հասարակության մեջ ընթանում են ունեցվածքի եւ եկամուտների ոչ արդարացի վերաբաշխման պրոցեսներ (դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքերի վերլուծությունն առանձին խնդիր է), եւ տարերայնորեն, շատ հաճախ շրջանցելով օրենքն ու օրինականությունը, ձեւավորվում են տնտեսական տարբեր խմբեր եւ խմբավորումներ, այսինքն՝ ընթանում է տնտեսական իշխանության ոչ արդարացի տարերային վերաբաշխում, եւ քանի որ տնտեսական իշխանությունը կայուն եւ երաշխավորված է միայն քաղաքական իշխանության հովանավորության (քաղաքական տանիքի) պարագայում, ապա կուսակցությունների վերը նկարագրած կառուցվածքը եւ որակական կազմը ուղղակիորեն պատրաստի հող են տարբեր տրամաչափի «հեղինակությունների» համար իշխանությունը (առաջին հերթին՝ տնտեսականը) կուսակցությունների միջոցով սեփական նպատակներին ծառայեցնելու համար:

Եվ եթե ավելացնենք, որ կուսակցությունները մշտապես ֆինանսական միջոցների կարիք ունեն (ընդ որում, որքան մեծ եւ «հզոր» է կուսակցությունը, այնքան ավելի մեծ են այն պահելու համար անհրաժեշտ ֆինանսական կարիքները՝ միայն կուսակցական թերթ հրատարակելը պահանջում է շատ լուրջ եւ անընդհատ ֆինանսավորման աղբյուրների առկայություն), ապա քաղաքական եւ նշված տնտեսական խմբավորումների շահերն ուղղակի դառնում են միմյանց լրացնող եւ շարունակող: Բայց եթե մինչեւ 1995թ. շատ գործարար «հեղինակություններ», որոնց բիզնեսը, որպես կանոն, պրոբլեմներ ուներ օրենքի հետ, իրենց քաղաքական «տանիքի» ապահովման խնդիրը լուծում էին կշիռ ունեցող կուսակցություններին ֆինանսական «աջակցություն» ցույց տալու ճանապարհով, ապա 1995թ. հետո եւ հատկապես 1999թ. ընտրություններին նրանց մեծ մասը նախընտրեց ինքն իր համար դառնալ «քաղաքական տանիք» եւ, ոչ առանց հայտնի լիդերների աջակցության, հայտնվեց խորհրդարանում (կամ որպես անհատ պատգամավոր, կամ որեւէ կուսակցության ցուցակով):

Այս ամենը աննկարագրելի աստիճանի խեղեցին քաղաքական գործընթացը եւ դեֆորմացրին դեռեւս չձեւավորված քաղաքական համակարգի հիմքերը: Հետագայում «քաղաքական այս միտումը» ստացավ իր տրամաբանական շարունակությունը եւ մենք բախվեցինք քաղաքական համակարգի ձեւախեղման մի նոր երեւույթի՝ այսպես կոչված քաղաքական տանիքի «ժառանգման» սինդրոմի հետ, երբ քաղաքական նշանակման հետեւանքով թափուր պատգամավորական մանդատը, ըստ էության, ժառանգաբար փոխանցվում էր այդ պաշտոնյայի հարազատին: Եվ այս ֆոնի վրա բոլորովին պատահական չէ, որ շատ «գործարարներ» այսօր լուրջ մտորում են առաջիկա ընտրություններում կուսակցական ցուցակներով ընտրվելու շուրջ, բնական է կուսակցությանն այդ ծառայության դիմաց փոխհատուցելու պայմանով: Հասկանալի է, որ գործարքի գինը պայմանավորված կլինի կուսակցության անցողիկությամբ եւ ցուցակի վերին երաշխավորված հատվածում գտնվելու պարագայով (քաղաքական բիզնեսի նոր տարբերակ): Թողնենք, որ այս ամենը ուղղակիորեն գցում է Ազգային ժողովի քաղաքական վարկը, դարձնում է այն անգործունակ եւ ոչ իրավասու, հետեւաբար եւ ոչ արդյունավետ:

Կուսակցությունների վերը նկարագրված մոդելն ինքնաբերաբար ենթադրում է նրանց, հետեւաբար եւ քաղաքական իշխանության, ենթակայեցնելը տնտեսական կլանների, որպես կանոն, մոնոպոլ շահերին: Այսօր արդեն կարելի է արձանագրել այդ երեւույթի առանձին դրսեւորումներ, բայց եթե այդպես շարունակվի, այն սպառնում է վերածվել համակարգի: Արդյունքում կստացվի այնպես, որ քաղաքական համակարգը ակամա կոչված կլինի նպաստելու շուկայական տնտեսության ամենահիմնարար ինստիտուտի՝ ազատ մրցակցության խաթարմանը եւ ապրանքների ու ծառայությունների հիմնական զանգվածի գնագոյացման շուկայական մեխանիզմների կաթվածահար լինելուն (հասարակության համար վերջին հաշվով միեւնույն է՝ ով է սպառողական շուկայում մոնոպոլ ձեւով սահմանում գները՝ պետությո՞ւնը, թե՞ որեւէ տնտեսական խմբավորում, եւ այդ առումով էական տարբերություն չկա կենտրոնացված պլանային եւ կլանավորված տնտեսական համակարգերի միջեւ): Այս ամենը, բնական է, բացասական անդրադարձ կունենա տնտեսության եւ հասարակության առաջընթացի վրա: Տնտեսությունը եւ քաղաքականությունը, հետեւաբար եւ հասարակությունն ամբողջությամբ (արտաքուստ մնալով շատ «կազմակերպված»), աստիճանաբար եւ համընթաց կներքաշվեն կլանների ճիրանների մեջ եւ կհայտնվեն դրանց դաժան, խաղի ոչ մի կանոն չճանաչող «պատերազմների» ոլորտում: Ընդ որում, հասարակությունը չի դադարի արտաքուստ երեւալ որպես «շատ կազմակերպված»: Քաղաքագիտության մեջ այս երեւույթը որակվում է որպես հասարակության (նույնն է՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կյանքի) մաֆիոզացում, այսինքն՝ արդարացի եւ սոցիալական ֆունկցիա չկրող իշխանությունների ձեւավորման ընթացք: Ահա թե հասարակության համար ինչպիսի տխուր հետեւանքներ կարող են ունենալ «ուժեղ, հզոր եւ ազդեցիկ» կուսակցություններ ստեղծելու որոշ լիդերների, առաջին հայացքից շատ անմեղ ու բարեմիտ, մղումները: Կարծում եմ, վերը նկարագրվածը բոլորովին էլ անծանոթ չէ մեր քաղաքական իրականությանը եւ խորթ՝ նրա հնարավոր զարգացումներին: Ահա թե ինչու մեզանում արժեզրկված են կուսակցություն եւ քաղաքական գործիչ հասկացությունները:

Եվ քանի դեռ այս ամենը չի վերածվել արմատավորված քաղաքական ավանդույթի, հասարակական մտածելակերպի եւ հոգեբանության, չի դարձել ներկայիս սերնդի աշխարհընկալման անբաժանելի մասը, հարկավոր է լուրջ ռեֆորմներ իրականացնել մեր քաղաքական կյանքում, պետական կառավարման համակարգում եւ այն ձեւավորող ինստիտուտներում:

Ո՞րն է ելքը: Հարկավոր է հրաժարվել կուսակցությունների կառուցվածքի եւ ներկուսակցական դեմոկրատիայի վերաբերյալ պատկերացումների այդ ստերեոտիպից, այդ կործանարար հայեցակարգից, ձերբազատել կուսակցությունները նրանց կոռոզիայի ենթարկող ճահճից՝ վերացնելով այդ բալաստի ձեւավորման օբյեկտիվ հիմքերը: Դրա համար, առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ օրենք քաղաքացիական ծառայության մասին: Այդ օրենքն արդեն ընդունված է եւ ձեւավորվել է համապատասխան մարմինը: Կարգավորելով պետական կառավարման համակարգում պետական ծառայողի գործունեության բոլոր խնդիրները (պետական կառավարման համակարգ մուտք գործելու, պետական ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, որակավորման դասեր եւ աստիճաններ ստանալու, աշխատանքային իրավական եւ սոցիալական պաշտպանվածության երաշխիքները)՝ այդ օրենքը հնարավորություն կտա իրականում արմատավորել պետական կառավարման համակարգի կենսունակությունը երաշխավորող, թերեւս, ամենագլխավոր եւ հիմնարար սկզբունքը՝ պետական ծառայության կայունության սկզբունքը: Այն նշանակում է, որ պետական ծառայությունը չի կարող փոփոխության ենթարկվել քաղաքական իշխանության փոփոխության դեպքում: Այլ կերպ ասած, քաղաքական իշխանության փոփոխության դեպքում կարող են փոխվել նախարարները, մարզպետները, համայնքի ղեկավարները՝ տեղական ընտրությունների արդյունքներով, բայց ոչ ապարատի կադրային աշխատողները (քաղաքացիական ծառայողները): Այս կերպ միանգամից կվերանան կուսակցությունների հետ ոչ մի կապ չունեցող «ուղեկցողների» այդ բանակի սեփական շահադիտական խնդիրների բավարարման բոլոր պետական հնարավորությունները (երբ ցանկացած նորանշանակ նախարար, մարզպետ կամ նորընտիր համայնքի ղեկավար հաշված օրերի ընթացքում ապարատը «թարմացնում էր» իր կուսակիցներով եւ բարեկամներով): Չունենալով ոչ մի սպասելիք իրենց «կուսակցական գործունեությունից»՝ այդ մարդիկ ստիպված կլինեն զբաղվել թե իրենց, թե հասարակության համար ավելի օգտակար գործով, իսկ կուսակցությունները կձերբազատվեն ծանր բեռից:

Այս ֆոնի վրա ավելի է իմաստավորվում տնտեսության եւ պետական կառավարման համակարգում բարեփոխումների խորացման եւ առաջանցիկ տեմպերի ապահովման խնդիրը, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր էապես սահմանափակել անհատի անձնական եւ տնտեսական կյանքում չինովնիկների բանակի գործնական ազդեցությունն ու միջամտությունը, հետեւաբար եւ կաշառակերությունը: Բայց սրանով հասարակության համար կուսակցությունների հիմնախնդիրը չի սպառվում:

Իսկ ինչպես լուծել կուսակցությունների թարմացման խնդիրը, ինչպես ապահովել նոր ուժերի ներհոսքը կուսակցություններ: Ընդ որում, ակնհայտ է, որ խոսքը հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր եւ հոգեւոր ներուժի մասին է: Գաղտնիք չէ, որ այսօր մեր հասարակության կարող եւ ակտիվ, ինտելեկտուալ ներուժի տեր մտավորականների հիմնական զանգվածը ոչ միայն կուսակցություններից դուրս է, այլ չի էլ ձգտում դեպի այդ կառույցները: Մտավորականությունը, որը ցանկացած հասարակության քաղաքացիական հենքն է, մեզ մոտ քաղաքականության բնագավառում, ըստ էության, հայտնվել է (կամ ինքն է իրեն դրել) խաղից դուրս վիճակում: Ցավոք, բայց դա ունի իր բացատրությունը: Ոմանք անհամատեղելի են համարում իրենց մտավոր եւ հոգեւոր ներուժը՝ վերը նկարագրած «ուղեկցողների» բանակի հետ միեւնույն կառույցում: Ոչ վերջին դերն է խաղում նաեւ որոշ կուսակցությունների հեղափոխական էությունը (ընդհանրապես ժողովուրդը հոգնել է հեղափոխություններից եւ կարոտ է խաղաղ ստեղծագործ կյանքի) եւ կուսակցական վարքագիծը:

Այդուհանդերձ, ինչպե՞ս անել, որպեսզի հասարակության՝ գիտելիքներ եւ կենսափորձ ունեցող, մտավոր եւ հոգեւոր արժեքներ կրող, սեփական վարքագծի համար քաղաքացիական պատասխանատվություն զգացող ակտիվ տարրը ձգտի դեպի կուսակցություններ, դեպի հանրության կողմից ճանաչելի եւ գնահատելի քաղաքական պատասխանատվության ստանձնում: Ճանապարհը մեկն է: Անհրաժեշտ է հասնել հանրային կյանքում կուսակցությունների կշռի ու հեղինակության բարձրացմանը: Քաղաքական գործունեությունը կուսակցություններում անհրաժեշտ է վերածել իր բովանդակությամբ ստեղծագործական աշխատանքի, եթե կարելի է՝ մասնագիտության, անհատի կարողությունների առավելագույն դրսեւորման եւ ինքնահաստատման արդյունավետ ինստիտուտի, ընդ որում՝ հասարակության համար թափանցիկ եւ ճանաչելի, որպես մարդու կարիերային բնական ձգտումների իրագործման բազմաթիվ հնարավորություններից մեկը: Այսօրվա մեր իրականությունն այնպիսին է, որ եթե որեւէ մեկը իր մեջ զգում է որոշակի պոտենցիալ եւ ձգտում է հասնել պետական այնպիսի պատասխանատու պաշտոնի՝ ինչպիսին, օրինակ, նախարարի պաշտոնն է (իսկ նման ձգտումը պետք է գնահատել շատ բնական եւ առողջ), ապա նա ստիպված է լուծել մեկ խնդիր՝ ժամանակին կռահել ապագա վարչապետին կամ նախագահին, հասնել նրա հետ մտերմության կամ ընկերության: Այդ դեպքում նրա կառավարության կազմում հայտնվելը, ինչպես ասում են, դառնում է զուտ տեխնիկայի հարց: Մինչդեռ ակնհայտ է, որ կառավարությունը, որպես պառլամենտում քաղաքական մեծամասնություն ունեցող որեւէ քաղաքական ուժի (կուսակցության) քաղաքական ծրագրերի իրագործող, պետք է հանդիսանա նրա քաղաքական շարունակությունը՝ գործադիր իշխանությունում: Այլապես, անհասկանալի է դառնում կուսակցությունների գոյությունն ընդհանրապես եւ նախընտրական մրցարշավը՝ մասնավորապես:

Հետեւաբար, այն կուսակցությունը, որն Ազգային ժողովի ընտրություններում ստանում է մանդատների մեծամասնությունը, նա էլ պետք է հավակնի նախարարական պորտֆելների: Այսինքն՝ հանրապետության նախագահը վարչապետին եւ կառավարության անդամներին պետք է նշանակի հենց այդ կուսակցության կազմից (այլ ոչ թե նրա կողմից շատ հաճախ անհասկանալի դրդապատճառներով պաշտպանվող անձանց): Ընդ որում, նախագահը բանակցելով այդ կուսակցության հետ, ընտրությունը պետք է կատարի կուսակցության այն անդամներից, ովքեր ընտրվել են պատգամավոր: Այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում չի ձեւավորվել քաղաքական մեծամասնություն, ապա խորհրդարանում կազմվում է քաղաքական կոալիցիա, որի հիման վրա էլ վերը նշված մոտեցումներով ձեւավորվում է կոալիցիոն կառավարություն:

Ի՞նչ կտա այսպիսի մոտեցումը:

Նախ՝ նման մոտեցմամբ ձեւավորված կառավարությունը կլինի, ըստ էության, անուղղակիորեն ժողովրդի կողմից ձեւավորված, քանի որ նրա յուրաքանչյուր անդամ պատգամավոր դառնալու համար արդեն իսկ ստացել էր ընտրողների անհրաժեշտ քվեն: Նման կառավարությունն ավելի պատասխանատու եւ հաշվետու կզգա իրեն ժողովրդի առջեւ: Մյուս կողմից տրամաբանական լուծում կստանա քաղաքական վերին էշելոններում «կադրային քաղաքականության» չարչրկված խնդիրը:

Երկրորդ՝ այդպիսի կառավարությունն ավելի պատասխանատու կզգա իրեն կուսակցության առջեւ՝ ընտրություններում նրա հռչակած քաղաքականության, ծրագրերի եւ խնդիրների իրագործման համար: Այդ կուսակցությունն էլ իր հերթին Ազգային ժողովում իր քաղաքական-օրենսդրական գործունեությամբ ստիպված կլինի կառավարության հետ կիսել նրա գործունեության արդյունքների քաղաքական ամբողջ պատասխանատվությունը, որովհետեւ այդ պատասխանատվությունը դառնում է հասցեագրված (կուսակցության առումով), եւ այլեւս հնարավոր չի լինի հայտարարել, թե սա մեր կառավարությունը չէ (այլապես կարելի է գործադրել կառավարությանն անվստահություն հայտնելու մեխանիզմը): Բացի դրանից, հասարակության քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հիմնահարցերի կարգավորման խնդրում Ազգային ժողովը կբարձրանա Սահմանադրությամբ վերջինիս վերապահված քաղաքական կարեւորության մակարդակի:

Երրորդ՝ կառավարության ձեւավորման այս մոտեցումը հրամայական պահանջ է դարձնում կուսակցությունների համար իրենց ընտրական ցուցակներում հիմնականում ընդգրկել պրոֆեսիոնալների, այսինքն՝ մարդկանց, ովքեր ոչ միայն աչքի են ընկնում այս կամ այն բնագավառում իրենց մասնագիտական որակներով, այլեւ կարող են բնութագրվել որպես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ՝ լայնախոհ, քաղաքական գործչին բնորոշ սկզբունքայնությամբ, հանդուրժողականությամբ, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշում կայացնելու ունակությամբ եւ ընդհանուր գործի համար կոլեկտիվ պատասխանատվության զգացողությամբ:

Չորրորդ՝ նշված որակները անհատի մեջ կարող են ձեւավորվել եւ կյանքում ավելի արդյունավետ դրսեւորվել, եթե նա անցել է քաղաքական գործունեության լուրջ դպրոց: Այդպիսի դպրոց կարող է հանդիսանալ տեւական կուսակցական-քաղաքական գործունեությունը:

Եվ, վերջապես, հինգերորդ, քաղաքական համակարգի նկարագրված մոդելը կուսակցություններն ու կուսակցական գործունեությունը կդարձնի մտավոր եւ հոգեւոր կարողությունների շարունակական պահանջ ունեցող ինստիտուտներ, իսկ հասարակության կարող հատվածը կդառնա այդ պահանջի բավարարման աղբյուր:

Հետեւաբար, երկրորդ քայլը, որը պետք է արվի (ընդ որում, որքան շուտ, այնքան լավ), այն է՝ կամ օրենքով պետք է ամրագրել այն դրույթը, որ կառավարությունը ձեւավորում է հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կազմից, կամ հանրապետության նախագահը այն պետք է հրապարակի որպես այսուհետեւ սույն խնդրում իր մոտեցումը, վերածելով դա քաղաքական ավանդույթի:

Բայց այսքանը դեռեւս բավարար չէ կուսակցություն-պետություն-հասարակություն շղթան հասարակական օգտակարությանը լիարժեք ծառայեցնելու համար: Կա մի խնդիր եւս: Դա քաղաքական պրոցեսի վրա, այսպես կոչված, ներկուսակցական դեմոկրատիայի բացասական ազդեցությունը հնարավորին չափ չեզոքացնելու խնդիրն է: Դժվար չէ կռահել, որ վերեւում առաջարկվող մոտեցումը խարսխված է Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ընտրական համակարգի վրա (պառլամենտում երաշխավորված քաղաքական մեծամասնություն ունենալու համար), այսինքն՝ ընտրություններին ընտրողներն իրենց ձայնը տալիս են այս կամ այն կուսակցության առաջադրած ընտրական ցուցակի օգտին, իսկ այդ ցուցակում ընդգրկված անձինք էլ՝ քվե ստացած մանդատների թվով, հայտնվում են պառլամենտում: Մինչդեռ կուսակցության ընտրական ցուցակները ձեւավորվում են համագումարներում՝ կուսակցական պատվիրակների կողմից, քվեարկությամբ: Հայտնի է, թե որքան է շիկանում ներկուսակցական մթնոլորտը նման դեպքերում, գործի են դրվում անենատարբեր խարդավանքներ, խոստումներ ու ներկուսակցական ազդեցության լծակներ, եւ նախընտրական ցուցակների ձեւավորումը դառնում է ներկուսակցական պայքարի հայելային արտապատկերումը, իսկ երբեմն՝ կուսակցությունների պառակտման պատճառ:

Բայց, ինչեւէ, կուսակցության նման կարգով ձեւավորված նախընտրական ցուցակը ներկայացվում է ընտրողին, եւ մենք ընդամենը ընտրություն ենք կատարում «պարտադրված» ցուցակների միջեւ: Իսկ թե ովքեր են այդ ցուցակներում ընդգրկված (բացի լիդերներից), որոնք մեր ընտրության արդյունքով կարող են հայտնվել պառլամենտում եւ տնօրինել մեր ճակատագիրը՝ աստված գիտե (վերջին խորհրդարանական ընտրությունները դրա վառ ապացույցն էին), եւ դա բացառապես պայմանավորված է կուսակցության ներսում տիրող բարոյաքաղաքական մթնոլորտով ու քաղաքական որոշումների կայացման վրա «ուղեկցողների» տարբեր խմբավորումների ազդեցությամբ, այլ կերպ ասած՝ ներկուսակցական դեմոկրատիայով:

Ահա թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ կուսակցությունների ներքին կյանքը, նրանց կազմը եւ ներկուսակցական մեխանիզմները պետական-քաղաքական համակարգի վրա: Ընդ որում, այս պրոբլեմը ավելի այժմեական է դառնում առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որովհետեւ անցյալի փորձը ցույց է տալիս, որ օրինաստեղծ գործունեությունը գնալով պահանջում է մասնագիտական ավելի խոր գիտելիքներ եւ հմտություն: Հետեւաբար, հասարակությունը պետք է երաշխավորված լինի պատահականություններից, եւ ապագա խորհրդարանների կազմը չպետք է կախված լինի կուսակցությունների անդամների անհայտ եւ անհասկանալի կուսակցական նախասիրություններից:

Այս խնդիրը կարելի է լուծել համապատասխան ընտրական համակարգը օրենսդրորեն ամրագրելու միջոցով: Խորհրդարանական ընտրություններում ընտրողն իր ձայնը պետք է տա ոչ թե այս կամ այն կուսակցական ցուցակի օգտին, այլ յուրաքանչյուր ցուցակում ընդգրկված անձանց օգտին՝ առանձին-առանձին, եւ ընտրված կհամարվեն այն անձինք, ովքեր ավելի շատ կողմ ձայներ կստանան (պետք է նշել, որ ընտրությունների այդ մոդելը այսօր գործում է արեւմտյան շատ երկրներում): Արդյունքը կլինի այն, որ պառլամենտում կուսակցությունների ներկայացուցչական կազմը, ինչպես նաեւ կուսակցական գործիչների վարկանիշային սանդղակը այդ կազմում կձեւավորվի ոչ թե ներկուսակցական անհայտ եւ անթափանց մեխանիզմներով, այլ կորոշվի ընտրողների քաղաքական եւ սոցիալական նախապատվություններով պայմանավորված ընտրությամբ, որը ոչ միայն ժողովրդավարական է, այլ նաեւ ավելի արդարացի:

Հետեւաբար, երրորդ քայլը, որ պետք է անել, Ընտրական օրենսգրքում նկարագրված ընտրական մոդելի ամրագրումն է: Իհարկե, այդ խնդիրն ապագայի հարց է եւ պայմանավորված է մեր իրականությունում կուսակցությունների՝ որպես հասարակական ինստիտուտների կայացմամբ, բայց բոլոր դեպքերում այդ մասին պետք է խոսել այսօր: Ի դեպ, այս ընտրական մոդելը ուղղակիորեն ենթադրում է, որ կուսակցական գործիչները հանրության կողմից պետք է ճանաչված լինեն որպես քաղաքական գործիչներ, այլապես ընտրողները ձայն չեն տա նրանց: Այս հանգամանքը մեկ անգամ եւս ամրապնդում է այն դրույթը, որ մեր քաղաքական իրականության բնականոն զարգացման համար հեռանկարային կարող է համարվել այն քաղաքական համակարգը, որը խարսխված է մտավոր եւ հոգեւոր հզոր ներուժ ունեցող, քաղաքական էլիտար ակումբների տիպի կուսակցությունների գոյության եւ գործունեության վրա:

Ամփոփելով՝ կարելի է համարձակորեն պնդել, որ քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության կայացման ու տնտեսական կյանքի լիարժեք ազատականացման հրամայականով թելադրված բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը հանրության առջեւ համակ խորությամբ ծառացրել է պետական կառավարման եւ կուսակցական-քաղաքական համակարգերի անհետաձգելի ռեֆորմի իրականացման, որակապես նոր տիպի պետական կառավարման մոդելի եւ կուսակցությունների ձեւավորման խնդիրները: Չի կարելի առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալ առանց բարեփոխված կուսակցությունների՝ այն կբերի անվերականգնելի կորուստների: Ժողովրդավարական հասարակության եւ ազատականացված տնտեսության կառուցումը հնարավոր է միայն դրան համարժեք պետական-քաղաքական համակարգի պայմաններում:

Ինչո՞ւ մեզ՝ հայերիս չեն սիրում

Շատ հաճախ հումորով հնչող տիպիկ հայկական այս հարցադրումն ըստ էության անհիմն չէ եւ հեռու չէ նաեւ իրականությունից: Անհիմն չէ, որովհետեւ մեր աշխարհընկալումներում մենք դեռեւս մնացել ենք անցյալ դարում ձեւավորված զգացմունքային մանկամիտ պատկերացումների մակարդակին, ըստ որի մենք աշխարհի ամենահին եւ ամենատառապյալ ազգերից մեկը լինելով, արդեն իսկ արժանի ենք սիրո եւ ուշադրության: Իսկ հեռու չէ իրականությունից, որովհետեւ մեր աշխարհընկալումներում մենք դեռեւս մնացել ենք անցյալ դարում ձեւավորված զգացմունքային մանկամիտ պատկերացումների մակարդակին՝ վերը նշված մեկնաբանություններով: Իսկ իրականությունն այն է, որ ժողովուրդներին չեն սիրում կամ ատում, ժողովուրդներին հարգում են կամ չեն հարգում, ըստ այդմ էլ ճանաչում կամ անտեսում են նրանց շահերը: Ընդ որում, յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է ստիպում իրեն հարգել՝ իր հավաքական արժանապատիվ կեցվածքով ու քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր ներուժով:

Ընդհանրապես՝ քաղաքականության ոլորտում ղեկավարվում են ոչ թե զգացմունքներով, այլ արդարամտությամբ եւ քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ միջպետական հարաբերություններում՝ բացարձակապես պետական շահերով: Այս կապակցությամբ են անգլիացիներն ասել, որ չկան հավերժ բարեկամներ կամ թշնամիներ, այլ կան հավերժ պետական շահեր: Իսկ որեւէ պետության շահը թելադրում է իր միջպետական հարաբերությունները կառուցել բացառապես իր երկրի երկարաժամկետ շահերից եւ հետաքրքրություններից ելնելով: Այդ շահերից ելնելով է պետությունը մտնում այս կամ այն կոալիցիայի մեջ, կառուցում իր հարաբերությունները այս կամ այն երկրի հետ: Այս մոտեցումն ավելի կարեւոր է դառնում այն պարագայում, երբ պետությունը միաժամանակ նաեւ փոքր է: Որովհետեւ մեծ երկրները դեռ կարող են իրենց թույլ տալ արտաքին քաղաքականության որոշակի փուլում սխալվելու շռայլություն: Բայց եթե մեծերի սխալը որպես կանոն թանկ է նստում բոլորի վրա, ապա փոքրերի սխալը շատ հաճախ դառնում է ճակատագրական միայն իրենց համար:

Մյուս կողմից, պատմականորեն փոքր պետությունների երկարաժամկետ շահերի իրականացումը որպես կանոն եւ հիմնականում պայմանավորված է եղել նրանց եւ մեծ տերությունների փոխհարաբերություններով, նրանով, թե որքանով են մեծերը ճանաչել այդ շահերը: Իրականում փոքր պետությունների շահերի ճակատագիրը միշտ կախված է եղել նրանից, թե որքանով է դրանց ճանաչումը ձեռնտու եղել մեծ պետություններին կամ որքանով են այդ շահերը համընկել մեծերի շահերին: Իհարկե, այսօր գործում են միջազգային տարբեր ատյաններ, որոնք կոչված են մասամբ պաշտպանել փոքրերին՝ նրանց շահերի ոտնահարումից, բայց բոլոր դեպքերում երկկողմանի հարաբերությունները շատ դեպքերում ավելի վճռորոշ են: Հետեւաբար, նախ եւ առաջ փոքր պետությունների հիմնական խնդիրն այն է, որ մեծ տերությունները ճանաչեն եւ հարգեն այդ շահերը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրդ ուժեղ լինի, որովհետեւ «ընկերություն» են անում ուժեղի հետ, իսկ թույլին կարեկցում են միայն: Իսկ եթե թույլը նաեւ մուրացկան է, չունենալով սեփական արժանապատվության զգացում՝ սեր եւ համակրանք է մուրում ուժեղից, «հարեմի կնոջ նման պատրաստ ցանկացած բավականություն պատճառել տիրոջը, միայն թե նա իր նկատմամբ ավելի գուրգուրանք եւ ուշադրություն ցուցաբերի», ապա քաղաքականության մեջ նման վարքագիծը միայն զզվանք եւ արհամարհանք է առաջացնում: Այսքանը որպես ելակետային մոտեցում:

Կոնկրետ Հայաստանի պարագայում իրավիճակը բարդանում է մեր երկրի աշխարհագրական դիրքով եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններով, իսկ ավելի ճիշտ՝ այդ երկուսով ու հարեւանների հետ պատմականորեն բարդ հարաբերություններով պայմանավորված մեր պրոբլեմների բեռով: Եվ ահա դարեր շարունակ մեր ապագան երաշխավորելու համար մեր նախնիներն անընդհատ փնտրել են այս կամ այն խոշոր պետության հովանավորությունը՝ հույսները դնելով նրանց բարյացակամության, ասել է թե՝ նրանց սիրո եւ համակրանքի վրա: Այդ սերը չկորցնելու համար շատ հաճախ փորձել ենք «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» լինել: Բայց միշտ ամենապատասխանատու պահին մեզ դավաճանել եւ լքել են՝ առաջացնելով մեր արդարացի զայրույթն ու հիասթափությունը: Եվ որքան մենք հավատարիմ ենք եղել, այնքան ավելի տարածքներ ենք կորցրել եւ այնքան ավելի ծանր կորուստներ կրել: Պատմության մեջ երկու անգամ ենք շեղվել այս «օրինաչափությունից»՝ անցյալ դարի սկզբին՝ Սարդարապատում եւ Լեռնահայաստանում, երկու անգամ էլ ապավինել ենք մեր սեփական ուժերին եւ երկու անգամ էլ ոչ թե տարածք ենք կորցրել, այլ ինչ-որ իմաստով տարածք ենք ձեռք բերել (եթե նկատի ունենանք, որ կարող էինք անվերադարձ կորցնել): Սեփական կարողություններին ապավինելու լավագույն օրինակը այսօրվա մեր սերնդի համար՝ Արցախյան ազատամարտն է: Հետեւաբար, պատմությունը մեզ հուշում է, որ բոլոր դեպքերում մեր ապագան եւ մեր կենսական շահերը տնօրինելու համար անհրաժեշտ է ապավինել նախ եւ առաջ սեփական ուժերին եւ հնարավորինս լինել ուժեղ: Իսկ ինչ է նշանակում ապավինել սեփական ուժերին կամ լինել ուժեղ՝ այսօր, երբ միջազգային եւ աշխարհաքաղաքական իրողությունները, գոնե մեր հետաքրքրությունների տեսակետից, անցյալ դարասկզբի համեմատ որակապես փոփոխվել են:

Սեփական ուժերին ապավինելու համար նախ հարկավոր է ունենալ այդ ուժը, որի անբաժանելի բաղադրամասերը կազմում են տնտեսական, ռազմական կամ պաշտպանական եւ հոգեւոր բավարար ներուժը: Նշված բաղադրիչներից որեւէ մեկի բացակայությունը կամ ոչ լիարժեք լինելը էապես նվազեցնում է մեր սեփական հավաքական կարողությունը, դարձնում թերարժեք: Բայց այդ բաղադրիչներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդի՝ մեծ թե փոքր, ընդ որում՝ պատմական ցանկացած ժամանակահատվածում: Ավելին, հավանաբար կարելի է մտաբերել մեր պատմության մեջ այնպիսի շրջան, երբ մենք՝ հայերս, ունեցել ենք մեր հավաքական կարողությունը պայմանավորող այդ բաղադրիչները՝ առանձին-առանձին, միգուցե նաեւ բավարար մակարդակի, բայց, այդուհանդերձ, մեր կենսական շահերի երկարաժամկետ ապահովման առումով լուրջ հաջողություններ չենք արձանագրել: Չենք արձանագրել նույնիսկ լինելով այնպիսի հզոր կայսրության կազմում, ինչպիսին Ռուսաստանն էր, կամ նրան հաջորդած Սովետական կայսրությունը (եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ կայսրությունների եւ մեր շահերը միշտ չէ, որ համընկել են, իսկ ավելի հաճախ դրանք չեն համընկել: Ավելին, մեր շահերը (եւ ոչ միայն մեր) ստորադասվել են կայսերական նպատակներին, ինչն օբյեկտիվորեն բխում է հենց այդ պետական- քաղաքական միավորների բնությունից): Իսկ այսօր, ցավոք, մեր հավաքական կարողությունը պայմանավորող բաղադրիչներից գոնե երկուսը՝ տնտեսականն ու հոգեւորը, ի տարբերություն մեր ռազմական պոտենցիալի, հասկանալի պատճառներով ունակ չեն իրենց լավագույնս դրսեւորել:

Բայց ակնհայտ է, որ որեւէ ժողովրդի, իր կենսական նպատակներն իրականացնելու համար, վերը նշված երեքից բացի անհրաժեշտ է մի կարեւոր բաղադրիչ եւս, գուցե եւ ամենագլխավորը, բոլոր հնարավորությունները կազմակերպողն ու ուղղորդողը, այդ ամենին նոր որակ եւ կիրառություն ապահովողը՝ քաղաքական բաղադրիչը, այսինքն սեփական ազգային պետական կազմավորումը՝ Անկախ պետությունը: Ահա այս կարեւորագույն պարագայով է պայմանավորված հայերիս համար, մեր կենսական նպատակները երկարաժամկետ կտրվածքում ապահովելու տեսանկյունից, այսօրվա իրողության տարբերությունը բոլոր մնացած ժամանակների իրողություններից՝ նույնիսկ միջազգային եւ աշխարհաքաղաքական այսօրյա փոփոխված, միգուցե եւ ավելի բարդ, իրականության պայմաններում: Ավելին, Անկախ պետության գոյության պարագան մեր ժողովրդի կենսական շահերի կարգավորման առումով ենթադրում է որակապես նոր մոտեցումներ եւ իրողությունների նոր մեկնաբանություններ՝ խարսխված մեր ազգային արժանապատվության եւ մեր Երկրի ազատ ու անվտանգ զարգացման հեռանկարը երաշխավորելու գերակայության գիտակցման վրա: Իսկ վերջինս ուղղակի թելադրում է, որ մեր արտաքին միջազգային շփումներում եւ միջպետական հարաբերություններում մեզ համար ամենագլխավորը, առաջնորդողը պետք է լինի վերը նշված գերակայությունը: Եվ ահա այդ գերակայության իրագործման տեսակետից որոշ առումներով անհեռանկարային է ներկայանում որեւէ առանձին մեծ պետության հետ «ամուսնական կապերի մեջ մտնելու» կոնցեպտը: Այլ կերպ ասած, մեր խնդիրը ոչ թե այն է, ինչպես կողմնորոշվել կամ ճկուն մանեւրել մեր առջեւ ծառացած եւ հաճախ ճակատագրական ներկայացվող ռուսամետ, թե ամերիկամետ քաղաքականություն վարելու երկընտրանքում (ի դեպ, այդպիսի երկընտրանք իրականությունում գոյություն չունի, այդ մենք ենք մեզ համար հորինել, իսկ ուրիշները հմտորեն օգտվում են դրանից), որքան այն, թե ինչպես վարել հայամետ՝ մեր պետության երկարաժամկետ շահերին եւ հետաքրքրություններին բավարարող քաղաքականություն:

Մենք պետք է իմաստավորենք եւ առանց կաշկանդվելու բարձրաձայնենք Անկախ պետություն կառուցելու եւ ժողովուրդների միջազգային հանրության մեջ սեփական արժանապատիվ տեղը գրավելու մեր նպատակը եւ իրավունքը: Եվ այդ հարցում մենք չենք կարող մերժվել, ընդ որում՝ նաեւ գերտերությունների եւ միջազգային ազդեցիկ ընկերակցությունների կողմից, եթե, իհարկե, անկեղծ ենք եւ պատասխանատու՝ ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու մեր ձգտումի մեջ եւ այդ ձգտումը, չնայած բոլոր վրիպումներին ու սայթաքումներին, նկատելի է միջազգային հանրության կողմից, եւ եթե հարգում ենք նաեւ այլոց, այդ թվում եւ մեր հարեւանների նույնանուն նպատակն ու իրավունքը: Ակնհայտ է, որ պետականաշինության այդ գործընթացը ենթադրում է մարդու իրավունքներն ու ազատությունները հարգող, քաղաքական այլակարծության եւ հանդուրժողականության հանրային ինստիտուտների վրա խարսխված, իր քաղաքացիների համար բարենորոգ կյանքով ապրելու պայմաններ ապահովող քաղաքացիական հասարակության օրեցօր կայացող օրգանիզմի ձեւավորում:

Բայց նույնչափ ակնհայտ է, որ մեր այդ նպատակների իրականացման անհրաժեշտ եւ բավարար պայմանը մեկն է՝ երկարաժամկետ հատվածում մեր ազատ եւ անվտանգ զարգանալու երաշխիքը: Ընդ որում, վերջինս լինելով մեզ համար շատ կենսական, միաժամանակ ուղղակի առնչություններ ունի թե մեր հարեւանների եւ թե, ինչն ավելի կարեւոր է, տարածաշրջանում մեծ տերությունների ռազմավարական նշանակության հետաքրքրությունների հետ: Հետեւաբար, խնդիրը մեզ համար այն է, որպեսզի կարողանանք մեր ապագայի տեսանկյունից կենսական նշանակության այդ պրոբլեմը ներդաշնակեցնել տարածաշրջանում խոշոր պետությունների ազդեցիկ շահերին կամ դարձնել դրանք համաչափելի ու համատեղելի: Սա պետք է ընդունել որպես հայեցակարգային մոտեցում եւ գործնականում անել հնարավոր ամեն բան՝ այն իրականացնելու համար:

Պետք է անկեղծ լինել եւ արձանագրել, որ դա հեշտ խնդիր չէ, նույնիսկ շատ դժվար է, եթե հաշվի առնենք հատկապես աշխարհընկալումների կարծրացած այն ստերեոտիպերը, որոնք մեզանում սպառնում են վերածվել բոլոր սերունդների համար ազգային հոգեբանության եւ մեր հավաքական վարքագիծը պայմանավորող հիմնական գործոնի (նկատի ունեմ համատարած իշխող այն մտայնությունը, որ մենք առանց այս կամ այն մեծ պետության կողմից մեզ տիրություն անելու՝ յոլա չենք կարող գնալ), իսկ ուրիշները մեր հոգեբանական այդ բարդույթը հաճախ օգտագործում են որպես ելակետային՝ տարածաշրջանում իրավիճակների մեկնաբանության եւ մեր հանդեպ մեծ քաղաքականության պլանավորման համար: Եվ եթե ավելացնենք նաեւ այն օբյեկտիվ իրողությունը, որ փոքր լինելով հանդերձ, միաժամանակ դեռեւս չկայացած, բազում ներքին խնդիրներ ունեցող եւ այդ տեսակետից էլ շատ հեշտ խոցելի երկիր ենք՝ ազգային խնդիրների պատմական ծանր բեռով, ապա պարզ կդառնա վերը նշված հայեցակարգային մոտեցման իրականացման ողջ բարդությունը:

Այդուհանդերձ, ելքը մեկն է: Բոլոր դեպքերում ապավինել սեփական կարողություններին եւ երկրորդ անգամ չկանգնել նույն փոցխի վրա: Դա պահանջում է նախ եւ առաջ մոբիլիզացնել անկախ պետականության մեքենայի բոլոր սահմանադրական ռեսուրսները, այսինքն՝ նախ, կարգավորել եւ կազմակերպել հանրային գործերը «սեփական տանը», հասարակական կյանքը բոլոր, առանց բացառության, ոլորտներով (պետական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր՝ իրենց քաղաքացիական ինստիտուտներով) առավելագույնս եւ անկեղծորեն բերել ժողովրդավարական թափանցիկ եւ կանխատեսելի հունի վրա՝ համոզված, որ մեզ համար քաղաքացիական ժողովրդավարական հասարակության ձեւավորումը որեւէ այլընտրանք չի կարող ունենալ: Այսինքն՝ մենք ստիպված ենք սովորել ժողովրդավարությունը, սերտել այն որպես «ուսմունք»: Եվ դա պետք է անի մեզանից յուրաքանչյուրը եւ ամեն օր (փառք Աստծո, դրա համար մեզանում դեռ բավարար է գրագիտությունն ու մտավոր ներուժը): Դրանով իսկ հասարակությանը վերադարձնել ակտիվ հասարակական- քաղաքական շրջանառության մեջ՝ դարձնելով նրան հանրային կյանքի կազմակերպման մասնակից եւ պատասխանատու, վերակենդանացնել նրա հետաքրքրությունն առօրյայի եւ վաղվա նկատմամբ, վերականգնել վստահությունն իր արժանապատիվ կյանքը կազմակերպելու սեփական հնարավորությունների նկատմամբ, բավարար հող ստեղծել մեր կարողությունների տնտեսական եւ հոգեւոր բաղադրիչների վերակենդանացման եւ զարգացման համար:

Առանց մեր ներքին կյանքում սեփական կարողությունների նկատմամբ վստահություն ձեւավորող այս խնդիրների լուծման կամ առանց դրանց շարունակական լուծման համար հուսադրող եւ ամուր նախադրյալներ ստեղծելու, մտնել մեր ապագայի համար կենսական կարեւորության խնդիրների լուծման բեռի տակ՝ կնմանի «տասնամյա փոքրիկին ծանրաձող բարձրացնել պարտադրելուն», եւ այն հղի է ժողովրդի ողնաշարը կոտրելու վտանգով: Այսինքն, ավելորդ է խոսել սեփական ուժերին ապավինելու մասին՝ առանց ազգային արժանապատվության գիտակցման:

Միաժամանակ, քաղաքակիրթ աշխարհը վաղուց ձեւավորել է կյանքի իր կանոնները, որոնցով նա ապրում է, ընտրում իր «ընկերներին» եւ շփվում նրանց հետ (ինչպես առօրյա կյանքում յուրաքանչյուրը գերադասում է մտերմություն անել նրանց հետ, ովքեր ունեն կազմակերպված եւ որոշակի նիստ ու կացով ընտանիքներ): Իսկ եթե հասարակությունը, նրա վերնախավը ընդունակ չէ իր տանը կարգ ու կանոն սահմանել, ապա որեւէ հույս չի կարող լինել, որ նրան (էլ չասենք նրա բարդ պրոբլեմների լուծմանը) կարող են լուրջ վերաբերվել մեծ քաղաքականության ոլորտում:

Այնպես որ, ազգային արժանապատվությունը սկիզբ է առնում մեր պետության ներքին կյանքից և մեր ներքին կյանքում իրերի վիճակը օտարների համար հաճախ այն օբյեկտիվ չափանիշն է, որով նրանք գնահատում են, թե որքանով ենք արժանապատվորեն վերաբերվում մենք ինքներս մեզ և դրանից կախված ձևավորվում է մեր հանդեպ նրանց վերաբերմունքը՝ մեզ և մեր հոգսերը հարգելու կամ չհարգելու, հաշվի նստելու կամ բանի տեղ չդնելու առումով:

Ավելի մեծ իմաստով մենք միջազգային հանրության ավելի լայն շրջաններում սեփական ազգային դիմանկարը ձևավորելու, իսկ ավելի ճիշտ, ճշգրտելու անհրաժեշտությունն ունենք: Բանն այն է, որ պարագաների բերումով մեզ՝ հայերիս դրսում հիմնականում ճանաչում են ցեղասպանությամբ, երկրաշարժով և Ղարաբաղով, և դրանցով է պայմանավորված շարքային եվրոպացու կամ ամերիկացու պատկերացումը հայերի մասին: Մինչդեռ հայությանը՝ որպես աշխարհին Նարեկացի, Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան և Համբարձումյան տված ժողովուրդ, շատ քչերն են ճանաչում: Թեպետ ակնհայտ է, որ հայի իրական կերպարը պայմանավորված է, նախ և առաջ, դարավոր պատմություն և ավանդույթ ունեցող նրա քրիստոնեական ինքնատիպ մշակութային ժառանգությամբ:

Այդ առումով Հայաստանում Քրիստոնեության Պետական Կրոն հռչակման 1700 ամյակի հոբելյանը լավագույն հնարավորությունն էր աշխարհին նորովի, նոր որակներով ներկայանալու համար: Անցած տարում անցկացված պետական և եկեղեցիական հոբելյանական միջոցառումների շնորհիվ մենք շարժեցինք միջազգային հանրության հետաքրքրությունը մեր նկատմամբ: Այդ միջոցառումների շնորհիվ աշխարհը մեզ նկատեց, բայց դեռ չի ճանաչել: Եվ ահա, առաջիկա ժամանակահատվածի (հինգ-տաս տարվա) մեր պետության գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի պետական քաղաքականության մակարդակի հասցնել աշխարհին մեր մշակութային համակ ժառանգությամբ ճանաչելի դառնալու խնդիրը և այդ առումով 1700 ամյակի լույսի տակ միջոցառումների շարունակությունը առաջիկա տարիներին՝ կապելով դրա հետ նաև սպասվող կարևորագույն մշակութային տարեդարձերը (Նարեկացու հազարամյակը, Խաչատրյանի հարյուրամյակը, Հայոց Գրերի ստեղծման հազարվեցհարյուրամյակը և այլն) Պետության և Եկեղեցու համար պետք է դառնա առաջնահերթ: Մենք ոչնչով աշխարհին չենք կարող հետաքրքրել այնպես, ինչպես մեր հոգևոր-մշակութային ժառանգությամբ և ավանդույթներով, մեր հոգևոր ու մտավոր այսօրյա կարողությամբ: Ոչինչ այնքան չի կարող բարձրացնել մեր միջազգային հեղինակությունը, որքան մեր նախնիների պատմական և հոգևոր ժառանգությունը, որի տերն ու կրողը պետք է ներկայանա այսօրվա մեր սերունդը: Եվ ինչպես Շեքսպիրը անգլիացիներինը չէ, Բեթհովենը գերմանացիներինը չէ, մենք էլ պետք է հասնենք նրան, որ Նարեկացու և Կոմիտասի մշակույթը միջազգային մշակութային հանրությունն ընդունի որպես իր սեփականը: Այդ դեպքում միայն աշխարհը կարող է ընկալել այն պարզ իրողությունը, որ սրի քաշել հայերին՝ նշանակում է փորձել համաշխարհային մշակույթն ու քաղաքակրթությունը զրկել իր սնող արյունատար անոթներից մեկից: Նման պարագաներում հայության պատմական խնդիրները միջազգային հանրությանը մեծ իմաստով միայն զուտ հայկական չեն ներկայանա:

Ինչ վերաբերվում է նույն փոցխի վրա երկրորդ անգամ կանգնելու վտանգին, ապա այստեղ հարկավոր է իմաստավորել, հասկանալ գերտերությունների ռազմավարական շահերի գենետիկան՝ թե տարածաշրջանում և թե դրանից դուրս, և փորձել առավելագույն ազնվությամբ, առանց բարդ և խուճուճ կոմբինացիաների, համատեղել դրանք մեր գերակայությունների հետ: Ընդ որում, համատեղել նշանակում է մեզ համար ճշգրտել մեր գերակայությունները այնպիսի շրջանակներում, որպեսզի դրանցում՝ առաջին հերթին խոշոր պետությունները, և ապա մեր հարևանները երկարաժամկետ հատվածում նույնպես շահագրգռված լինեն:

Այս խնդրում հարկավոր է ելնել օբյեկտիվ հետևյալ իրողություններից: Մեծ պետությունների ռազմավարական հետաքրքրությունները տարածաշրջանում օբյեկտիվորեն հակասությունների մեջ են (և նրանք դա չեն թաքցնում), որոնք նոր որակ և սրություն են ստանում հատկապես վերջին զարգացումների ենթատեքստում (միջինասիական տարածաշրջանում Միացյալ Նահանգների հաստատվելուց հետո Հարավային Կովկասը առանձնահատուկ կարևորություն է ստանում): Երկու երկրներն էլ իրենց նպատակներին հասնելու համար (Միացյալ Նահանգները հատկապես սեպտեմբերի 11-ից հետո) նախապատվությունը տալիս են ազդեցության ռազմաքաղաքական լծակներին, որին փորձում են հասնել առաջին հերթին տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությամբ:

Հայաստանի պարագայում այն արտահայտվում է Ռուսաստանի ռազմակայանների առկայությամբ մեր Երկրում: Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում շատ հաճախ, այդ թվում մեր քաղաքական գործիչների կողմից, ներկայացվում է համարյա որպես հայերի հանդեպ Ռուսաստանի բարեկամական և եղբայրական զգացմունքների դրսևորում՝ մեր անվտանգությամբ Ռուսաստանի մտահոգությամբ պայմանավորված: Նման մեկնաբանությունները առնվազն պետք է որակել որպես մոլորություն կամ մեր հանրությանը մոլորության մեջ գցելու դիտավորյալ փորձ: Եվ չի կարող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը ուղղված լինի միայն հայերի շահերին (քաղաքականությունը, այն էլ մեծ քաղաքականությունը, բարեգործության հետ ոչ մի առնչություն չունի): Այդ համագործակցությունը Հայաստանին պետք է ճիշտ այնքան որքան Ռուսաստանին: Հետևաբար, կեղծ է մեր հանրության շրջանում տարածում գտած (իհարկե ոչ առանց մեր մի շարք քաղաքական գործիչների ու մտավորականության որոշ ներկայացուցիչների կույր ջանքերի) այն մտայնությունը, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները անհրաժեշտ են նախ և առաջ Հայաստանին: Նույնչափ անհիմն է ռուսական քաղաքական վերնախավի որոշ շրջանակների այն մտայնությունը ( որի ձևավորման համար մենք դարձյալ ջանք ու եռանդ չենք խնայում), որ իբր միևնույնն է հայերը փախչելու տեղ չունեն››:

Ռուս–հայկական հարաբերությունների հեռանկարի տեսակետից անհեթեթ է տուրք տալ նման տրամադրություններին, որովհետև եթե Հայաստանի վերաբերյալ ռուսական քաղաքական հոգեբանության մեջ արմատավորվի նման մտապատկերացումը, ապա այն կարող է Ռուսաստանում ընդունվել որպես ելակետային՝ տարածաշրջանում ռուսական քաղաքականության մշակման և ընթացիկ քաղաքական նպատակներին հասնելու համար: Իսկ Ռուսաստանի ընթացիկ նպատակները կարող են Հայաստանի համար լինել ճակատագրական (այդ հարաբերություններից մեր ռազմավարական սպասումների առումով) և մենք դարձյալ կհայտնվենք ‹‹գայթակղվածի և լքվածի›› հոգեբանական տխուր վիճակում: Եվ նման դեպքերում հակաքայլը, իհարկե, մյուս խոշոր պետության գիրկն ընկնելը չէ: Ի դեպ, մեր որևէ իշխանություն ամերիկամետ չի եղել (եթե համեմատենք Ռուսաստանի հետ մեր կապերի խորության և ռազմավարական նպատակների հետ) և պետք էլ չի որպես այդպիսին հանդես գալ:

Ուղղակի, թե մենք, թե ռուսները պետք է գիտակցենք, որ հայ- ռուսական ռազմավարական ալյանսը երկու կողմերի համար էլ որոշակի գին ունի և կարող է երկարաժամկետ և հուսալի ապագա ունենալ, եթե հավասար չափով բավարարում է երկու կողմերի ռազմավարական նպատակներին: Մենք այդ կապերի համար վճարում ենք մեր ինքնիշխանության մասնակի սահմանափակմամբ՝ համաձայնվելով ռազմական հենակետերի տեղակայմանը (վերցնելով մեզ վրա նրանց պահպանման ծախսերի 57 %) և սերտորեն համագործակելով ԱՊՀ Կոլեկտիվ Անվտանգության Պակտի շրջանակներում, դրանով իսկ մեր մասնակցությունը բերում Ռուսաստանի երկարաժամկետ հետաքրքրությունների իրականացմանը տարածաշրջանում և դրանից դուրս: Փոխարենը, ակնկալում ենք մեր գործընկերոջ եռանդուն աջակցությունը մեր աշխարհաքաղաքական պոտենցիալի բարձրացման, անվտանգության և ազատ զարգացման ռազմավարական նշանակության խնդիրների հայանպաստ լուծման գործում (այդ թվում, Ղարաբաղի խնդրում, Հայաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա որևէ էներգակրի փոխադրման մայրուղու հարցում և այլն): Ընդ որում, ակնհայտ է, որ մեր տնտեսական զարգացումը շահավետ է այդ համագործակցության համար, հետևաբար՝ ձեռնտու նաև Ռուսաստանին: Եվ հարցն այն չէ, թե կողմերը չեն արժևորում իրենց համագործակցության նշված ասպեկտները: Ուղղակի այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք, և հատկապես հայկական կողմը, ‹‹անհարմար են զգում›› իրենց գործնական հետաքրքրությունները հրապարակավ արձանագրել:

Բացի դրանից, պետք է գիտակցել, որ Հայաստանում ներկա քաղաքական գործիչներին փոխարինման եկող երիտասարդ սերունդը ավելի ձերբազատված է պատմական անցյալի գնահատման որոշ ստերեոտիպերից և ազատ է իր կողմնորոշումներում, և միայն Հայաստան- Ռուսաստան ռազմավարական դաշինքում վերջինիս ոգուն համապատասխան հայանպաստ դիրքորոշումը կարող է դառնալ Հայաստանում Ռուսաստանի ‹‹երկարաժամկետ ներկայության›› երաշխիքը, և դա բխում է հենց Ռուսաստանի շահերից:

Միաժամանակ, մենք պետք է օբյեկտիվորեն գնահատենք նաև տարածաշրջանի մյուս երկրների կարևորությունը Ռուսաստանի համար՝ վերջինիս նույնանուն ռազմավարական շահերի իրացման տեսանկյունից և միանգամայն բնական պետք է համարենք այդ երկրներում իր քաղաքական ազդեցությունը պահպանելու նրա ձգտումը: Եվ մեր խնդիրը պետք է լինի ոչ թե այդ հարաբերությունների զարգացմանը վերաբերվել ‹‹դավաճանված սիրուհու խանդով››, այլ ելնելով դրանց տրամաբանությունից, ճշգրտել հայ-ռուսական հարաբերություններից մեր ակնկալիքները և մեր ներդրումը դրանցում, և պահանջել Ռուսաստանից, որպեսզի նա իր վերը նշված ազդեցությանը փորձի հասնել ոչ ի հաշիվ Հայաստանի կենսական շահերի: Իսկ եթե, այդուհանդերձ, Ռուսաստանը փորձի անտեսել մեր շահերը (իսկ պատմությունը գիտի այդպիսի օրինակներ), ապա պատրաստ լինել դրանք արժանապատվորեն պաշտպանելու: Իհարկե, ոչ ‹‹մեկ այլ սիրեկանի գիրկը ընկնելու›› ճանապարհով, քանի որ արժանապատվության հետ վերջինս ոչ մի կապ չունի և հասկանալի պատճառներով քաղաքական տեսակետից անհեռանկարային է: (Ի դեպ, վերը նկարագրված մոտեցումը հավասար չափով վերաբերվում է նաև հայ- ամերիկյան կամ Հայաստանի և մեկ այլ խոշոր երկրի հարաբերություններին): Հետևաբար, մեր երկարաժամկետ կենսական խնդիրների լուծումը պետք չէ կապել բացառապես որևէ խոշոր պետության և մեր հարաբերությունների որակի հետ, առավել ևս, որ այդ մոտեցումը որոշակի զարգացումների դեպքում կարող է ոչ նպաստավոր անդրադառնալ մեր շահերին:

Դա չի նշանակում, թե մեզ համար երկկողմանի հարաբերությունները մեծ տերությունների հետ կարող են կորցնել իրենց կարևորությունը: Խոսքն այն մասին է, որ այդ հարաբերությունները մեզ համար չդառնան ( և ինքներս էլ չփորձենք դարձնել) միակը և ամենավճռորոշը: Առավել ևս, պատմությունը ցույց է տալիս, որ միջպետական հարաբերություններում ոչինչ հարատև չէ և ամեն ինչ կախված է ուժերի հարաբերակցությունից: Երբ խախտվում է պետությունների միջև ուժերի հավասարակշռությունը, ամեն ինչ շատ արագ փոփոխվում է (դրա վառ օրինակը ԽՍՀՄ փլուզումն էր): Մեր պարագայում բարդությունը կայանում է նրանում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք համարյա միշտ կառնչվեն մեր կենսական շահերին, պայմանավորված կլինեն ոչ թե մեզնով, այլ խոշոր տերությունների ուժերի հարաբերակցությամբ: Հետևաբար մեր անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի հասնել մեր կենսական շահերի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական այնպիսի երաշխիքների ձևավորմանը, որոնք մի կողմից կապահովեն Հայաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալի առավելագույն իրացումը, մյուս կողմից հնարավորինս կնվազեցնեն մեր շահերի ուղղակի կախվածությունը խոշոր պետությունների հարաբերություններով պայմանավորված տարածաշրջանային զարգացումներից:

Նման հարցադրումը հրամայական է դարձնում մեր արտաքին քաղաքականության ոլորտում գերակայությունների և նախաձեռնությունների որոշակի փոփոխություն: Նախ հօգուտ տարածաշրջանում ենթակառուցվածքների այնպիսի աշխարհագրության ձևավորման, որը կխթանի երկրների միջև ինտեգրացիոն գործընթացները՝ ապահովելով տարածաշրջանի փոխշահագրգիռ, կայուն և խաղաղ զարգացման հեռանկարներ: Ապա, հօգուտ Հայաստանի հետևողական ինտեգրացմանը պետությունների այնպիսի կայացած միջազգային ընկերակցության շրջանակներում, ինչպիսին է միացյալ Եվրոպան՝ ի դեմս Եվրոպայի Խորհրդի, որն, ի դեպ, պակաս շահագրգռված չէ մեր անկախ և ժողովրդավարական զարգացման խնդրում:

Ի դեպ, Եվրոպայի լիիրավ անդամ դառնալով, եվրոպական ժողովուրդների կողմից իրենց ընտանիքի հավասարարժեք անդամ ճանաչվելով մենք կարող ենք հավասարակշռել մեզ վրա արտաքին հնարավոր միակողմանի ազդեցությունները, հետևաբար և մեղմել դրանց բացասական հետևանքները:

Բայց եվրոպական աջակցությունը կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը համոզված կլինի, որ մենք լուրջ և պատասխանատու ենք պետականաշինության մեր ձգտումներում, ունակ ենք կազմակերպել մեր ներքին կյանքը՝ քաղաքացիական ժողովրդավարական հասարակությանը ներկայացվող ժամանակի պահանջներին համապատասխան: Հետևաբար, ընթացքը դեպի Եվրոպա մենք պետք է հռչակենք որպես մեր արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունը և այն դրսևորենք մեր ամենօրյա գործունեության մեջ, ապահովենք մեր պրակտիկ քաղաքականությամբ: Ընդ որում դեպի Եվրոպա մենք պետք է ձգտենք ոչ թե ‹‹ուրիշի գնացքի ընդհանուր վագոնի վերին հարթակում տեղավորված, այլ սեփական ընթացքով, թեկուզև նավակով, բայց մեր նավակով և սեփական թիավարողներով››:

Գոյություն ունի մեծ տերությունների հետ քաղաքական հարաբերությունների մի ասպեկտ ևս: Հասկանալի է, որ տարածաշրջանում մեծ պետությունների ռազմաքաղաքական առճակատումը կործանարար հետևանքների կարող է բերել առաջին հերթին տարածաշրջանի ժողովուրդներին: Այդ տեսանկյունից մեր շահերից է բխում այն, որ այդ պետությունները տարածաշրջանում իրենց հետաքրքրություններով ոչ թե առճակատվեն, այլ մրցակցեն: Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի առավելագույնս աջակցել և խթանել ոչ միայն և ոչ այնքան խոշոր տերությունների ռազմական, որքան տնտեսական ներկայությունը Հայաստանում: Այս մոտեցումը մնացած արդյունքներից զատ, բարերար ազդեցություն կունենա նաև մեր տնտեսական իրավիճակի բարելավման վրա: Եվ այդ խնդրին պետք է հետամուտ լինել Եվրոպայի հետ մեր համակողմանի համագործակցության խորացմանը զուգահեռ:

Ահա այսպիսին է ներկայանում սեփական ուժերին ապավինելու և փոցխի վրա հերթական անգամ կանգնելու վտանգից խուսափելու հայեցակարգը: Եվ այդ դեպքում հույս կա, որ «ինչու մեզ հայերիս չեն սիրում» հարցը կօգտագործվի միայն հումորում:

Շարունակելի

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930