Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային սխա՞լ

Նոյեմբեր 01,2002 00:00

Համակարգչային սխա՞լ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանի խոսքերով, հոկտեմբերի 31-ի «Առավոտ»-ը տպագրվել է մոտավորապես 4600 օրինակով եւ ընդունված կարգով, բոլոր փաստաթղթերով թերթը հանձնվել է «Հայմամուլին»: «Ես իմ պարտականությունները կատարել եմ»,- ասաց Վրեժ Մարկոսյանը: «Հայմամուլ»-ում եւս որեւէ մեկը այդ օրվա «Առավոտ»-ը չի կարդացել: Գործակալության փոխտնօրեն Արշալույս Մանուկյանը ասաց, թե ինքը պարտավոր չէ թերթ կարդալ եւ պարտավոր չէ տեսնել այն: Փոխտնօրենը, այդուհանդերձ, հավաստեց, թե թերթը առաքվել է սովորականի պես, իսկ բաժանորդներին չի հասել համակարգչային սխալի պատճառով: Չնայած պնդումներին, թե թերթը վաճառվել է, «Հայմամուլ»-ը չի նշում գոնե մեկ կրպակի հասցե, որտեղ գոնե մեկ ընթերցող գնել է թերթը: Փոխարենը Մանուկյանը համոզված է, թե թերթը վաճառվել է. գուցե մի շատ հետաքրքրասեր ընթերցող գնել է միանգամից ողջ տպաքանակը: «Այդպիսի դեպքեր արդեն եղել են, երբ մարդը կանգնել է կրպակի մոտ եւ բերելուն պես ամբողջը գնել»,- մտաբերում է «Հայմամուլ»-ի փոխտնօրենը՝ չմեկնաբանելով, սակայն, թե ինչպես է այդ միակ ընթերցողին հաջողվել գնել նաեւ բաժանորդների թերթերը, «Հայփոստ»-ի եւ տպագիր մամուլ առաքող մյուս ընկերությունների բաժին խմբաքանակը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Առավոտ»-ի տպաքանակի անհետացման կապակցությամբ նախագահի արձագանքը. «Պետք է նախ պարզել հանգամանքները, թե իրականում ինչ է կատարվել. եթե օրինախախտում է տեղի ունեցել, մեղավորներն անպայման կպատժվեն»: Իրավապահ մարմիններին պահանջ ներկայացրեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Արտակ Զեյնալյանը՝ կատարվածը որակելով «քրեորեն հետապնդելի արարք»: ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանն ասաց, թե, իր ունեցած տեղեկություններով, «թերթի տպաքանակի առգրավումը հենց տպարանից» կազմակերպված է եղել կառավարական մարմինների կողմից: ԱԺԿ ղեկավար անդամ Վարդան Պողոսյանի կարծիքով, կատարվածը «ազատ խոսքի կոպիտ ոտնահարում է, Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում»: «Դա նշանակում է, որ Հայաստանում ավտորիտար համակարգը իսկապես կայացել է, եւ շատ հասկանալի է, որ իշխանությունները, չունենալով իրական հենարան երկրում, դիմում են այսպիսի արարքների,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով,- «Առավոտ» թերթը պետք է դիմի դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր իրենց, իմ տեղեկություններով, շանտաժի են ենթարկել, այսպես ասած՝ «բանակցել» են, որպեսզի այդ օրը իրենց (վերաբերող) նյութը չտպվի: Ճիշտ կլիներ, որպեսզի ավելի հեռուն գնային եւ փորձեին գտնել այն պատասխանատուներին, որոնց մեղքով այսօր «Առավոտ» թերթը չի հասել բաժանորդներին եւ ընթերցողներին»: «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել