Լրահոս
Օրվա լրահոսը

Տղերք, եկեք խաղաղ ապրենք

Նոյեմբեր 01,2002 00:00

Տղերք, եկեք խաղաղ ապրենք Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Դաշնակցության նախապատրաստած հուշագրի նախագիծը, որը լրամշակվելու է կուսակցությունների դիտողություններից եւ առաջարկներից հետո: Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնական քաղաքական ուժերի կողմից այս համաձայնության կայացումը պայմանավորված է առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կամքով եւ հետեւյալ նպատակների շուրջ համագործակցելու վճռականությամբ. – լիարժեք ժողովրդավարական պետության կառուցում, – քաղաքական համակարգի ձեւավորում, – կուսակցությունների դերի էական բարձրացում, – ընտրություններին ուղեկցող արատավոր երեւույթների վերացում, – երկրում ընտրական կայուն ավանդույթների ստեղծում, – ժողովրդի կողմից սեփական իշխանություն ձեւավորելու վստահության վերականգնում։ Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, գտնում ենք. 1. Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը այլընտրանք չունի։ Միայն այդպես է հնարավոր երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, անշրջելի դարձնել ժողովրդավարացման գործընթացը։ Այս առումով պատասխանատվություն են կրում ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ երկրի բարձրագույն իշխանությունը։ 2. Քաղաքական գործընթացները հարկ է տեղափոխել ծրագրային ու գաղափարական մրցակցության հուն, ապահովել կուսակցությունների իրական դերակատարությունը երկրի ղեկավարման գործում։ Ապագա խորհրդարանը պետք է դառնա լիարժեք քաղաքական մարմին՝ երաշխավորելով գործադիր իշխանության պատասխանատվության եւ հաշվետու լինելու սկզբունքները։ 3. Ընդդիմության եւ իշխանության դաշտում գործող կուսակցությունները, անկախ հակասություններից ու ընտրապայքարի տրամաբանությունից, նույն պետական-քաղաքական համակարգի մասն են։ Քաղաքական պայքարում փոխադարձ հանդուրժողականությունը, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը, քաղաքական էթիկայի նորմերը պահպանելը անհրաժեշտություն են։ Ընտրություններն, ի վերջո, ավարտվելու են, իսկ քաղաքական ուժերը շարունակելու են գործել կողք կողքի։ 4. Ընտրական գործընթացներում երկրի կայունության պահպանումը ե՛ւ իշխանության, ե՛ւ քաղաքական ուժերի խնդիրն է։ Իշխանությունը պարտավոր է խստորեն գործել իր լիազորությունների շրջանակում, ընդդիմության գործողությունները չպետք է վտանգեն ազգային-պետական շահերը։ Ելնելով այս հաստատումներից՝ մենք հայտարարում ենք հիշյալ սկզբունքների շուրջ գործակցելու պատրաստակամության մասին։ Քաղաքական գործընթացների վրա ոչ քաղաքական ուժերի ազդեցությունը նվազեցնելը, ընտրական հանձնաժողովներում համագործակցելը, ընտրությունների ընթացքը վերահսկելը, հնարավոր ընտրախախտումներն արձանագրելը եւ դրանց դեմ միասնաբար պայքարելը լինելու են մեր գործունեության հիմքում։ Մենք վճռական ենք արդար ընտրությունների միջոցով գործուն իշխանություն ձեւավորելու, «Ընտրական օրենսգիրքը» լիարժեք կիրառելու, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում։ Թույլ տանք կանխատեսել, որ թեեւ բոլորի համար ընդունելի դրույթների առկայությանը՝ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն միանա այս հուշագրին, քանի որ նրանք կարեւորում են, որ գնահատական լինի նաեւ 1998-ի նախագահական ընտրություններին, եւ նշվի, թե կեղծիքներ իրականացնում են իշխանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել