Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ

Նոյեմբեր 01,2002 00:00

ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱ Արդեն դժվարանում ենք նույնիսկ հաշվել, թե հայաստանյան արդարադատության համակարգում քանի՞ գործ է լսվել ու դրա վերաբերյալ քանի՞ որոշում է կայացվել, որոնք հավակնում են քննարկման առարկա դառնալ Եվրոպական դատարանում: ՀՀ ԱԺ դեռեւս գարնանային նստաշրջանի վերջին նիստերից մեկում՝ հիմք ընդունելով «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ԱԺ մի քանի պատգամավորներ օրենքով նախատեսված կարգով նախաձեռնել էին նախագահ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսել, հարցը ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել՝ ներկայացնելով ավելի քան հստակ ձեւակերպված որոշման նախագիծ: Այս պատմությունը, որ ԱԺ վերջին եռօրյայի տապալման եւ «ականջ քաշելու» մասին օրենքի ընդունման առիթ դարձավ, թերեւս, բոլորն են հիշում: Հույս ունենք, չի մոռացվել նաեւ այն ոչ այնքան նրբին հանգամանքը, որ Ռ.Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկումը տապալվեց բացառապես ապօրինաբար, այն ժամանակ գործող ԱԺ Կանոնակարգ-օրենքի կոպիտ ոտնահարմամբ, ինչն ինքնակամ արել էին ԱԺ նախագահ Ա.Խաչատրյանն ու փոխնախագահ Գ.Ասլանյանը՝ պարզապես «չորով» հայտարարելով, թե սույն որոշման նախագիծը եռօրյայի օրակարգում չկա: Թվով 13 կուսակցությունների ներկայացուցիչներ ԱԺ նախագահի կամայականությունը դիտել էին իբրեւ քրեորեն պատժելի արարք եւ դեռեւս հուլիսի 1-ին դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ շարադրելով ԱԺ խոսնակի եւ փոխխոսնակի արարքում առկա քրեական տարրերը՝ «նիստերի ժամանակ դիտավորյալ կերպով եւ ակնհայտորեն դուրս են եկել Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներից եւ էական վնաս հասցրել պետության վարկին եւ հասարակական շահին», ու միջնորդել քրգործ հարուցել ՔՕ 183 հոդվածով: Պետք էր ակնկալել, որ Գլխավոր դատախազությունը քրգործ, իհարկե, չէր հարուցելու, բայց, որ մերժման պատճառաբանությունը լինելու էր «բա ինչի՞ են Ամերիկայում նեգրերին ճնշում» հայտնի անեկդոտի մոտիվներով, քաղաքական գործիչները, հավանաբար, չեն սպասել, եւ իզուր: Բանն այն է, որ սույն պատասխանն ամբողջությամբ կառուցված է այն տրամաբանությամբ, թե՝ բա ինչո՞ւ է պատգամավոր Ուլիխանյանը Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջում: Այլ կերպ դժվար է մեկնաբանել Գլխավոր դատախազության մերժման պատճառաբանությունն այն հիմքով, թե պատգամավորի ներկայացրած որոշման նախագիծը չի բխել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունից: «Մենք ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված մեր հաղորդագրությունում չենք նշել, թե ով կամ ինչու է այդ որոշման նախագիծն առաջարկել: Այլ խնդիր է, որ եթե Գլխավոր դատախազությունը Ղ.Ուլիխանյանի արարքում հանցանքի տարրեր է տեսնում, նա կարող է պարզապես այդ մասով քրեական գործ հարուցել: Բայց նման բան պատգամավորի արարքի մեջ չկա եւ չի կարող լինել: Մենք Ուլիխանյանի մասին չէինք հաղորդագրություն տվել, այլ՝ Ա.Խաչատրյանի թույլ տված իշխանազանցության: Փոխարենը Գլխավոր դատախազությունը դրել ու փորձում էր պարզել, թե պատգամավորների նախաձեռնությունն այդ եզրակացությունից բխո՞ւմ է, թե՞ չի բխում»,- վերստին հիշեցրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե Գլխավոր դատախազությունն այս դեպքում իրեն արդեն վերապահել է Սահմանադրական դատարանի դեր, որովհետեւ նման եզրակացություն, թերեւս, կարող էր տալ միայն ՍԴ-ն, եթե, իհարկե, գործը նրան հասներ: Այս առիթով Ա.Զեյնալյանը նաեւ այլ մեկնաբանություն տվեց. «Գլխավոր դատախազությունն իրեն դրել է Ա.Խաչատրյանի փաստաբանի տեղը»: Ինչեւէ: Գլխավոր դատախազության սույն մերժումը ձեռքի տակ ունենալով՝ քաղաքական նույն ուժերը օրենքով սահմանված կարգով դիմել էին Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ որոշումը բողոքարկելու նպատակով: «Վերջինս, որպեսզի գլխացավանքի մեջ չընկնի, դատավոր Մ.Աղամալյանը առանց գործը վարույթ ընդունելու միանձնյա գործը «քննել» է եւ պատասխանել՝ «որոշեցի» գործն առանց քննության թողնել՝ պատճառաբանելով, թե «ժամկետները բաց են թողնված»: Մինչդեռ Ա.Զեյնալյանի պնդմամբ, որեւէ ժամկետ բաց թողնված չէ եւ Քրդատօրենսգրքում էլ ժամկետների մասին խոսք անգամ չկա: Թվով յոթ քաղաքական ուժեր դիմել են նաեւ վճռաբեկ դատարան՝ արդեն վերաքննիչի որոշումը բողոքարկելու պահանջով, «որպեսզի վճռաբեկը՝ օգտվելով իրեն վերապահված եւ վերջնական որոշում կայացնելու իրավասություններից, որոնք, ի դեպ, նրան տված են նաեւ միջազգային կոնվենցիաներով ու պայմանագրերով, լսի եւ վերացնի Գլխավոր դատախազության կայացրած որոշումը, ինչը կնշանակի՝ որոշում կայացնել քրգործ հարուցելու մասին»: Ինչպես տեսնում եք՝ քաղաքական ուժերը գործը շատ «վերեւից» են «բռնել» եւ բռնապետական երկրում անհնարին լուծում են պահանջում: Ամեն դեպքում, որոշում կայացնողը վճռաբեկն է լինելու: Որ այն քաղաքական ուժերին չի բավարարելու՝ միանշանակ է: Բայց Ա.Զեյնալյանը նկատեց, թե գոնե հարցի չարչրկումը Հայաստանի արդարադատության եռաստիճան համակարգի շրջանակներում ավարտված կհամարվի, եւ իրենք այլեւս ազատ ու պատրաստ կլինեն՝ դիմել արդեն Եվրոպական դատարան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել