Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է

Հոկտեմբեր 31,2002 00:00

ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է Երեկվա «Առավոտում» շախմատասերներին տեղեկացրել էինք, որ Բլեդում ընթացող շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայում հիանալի են հանդես գալիս մեր հանրապետության ներկայացուցիչները։ Խոսքն, իհարկե, հիմնականում մեր տղաների մասին է, որոնք տարան չորրորդ անընդմեջ հաղթանակը, այն էլ այնպիսի շախմատային երկրի ընտրանու նկատմամբ, ինչպիսին Հարավսլավիան է։ Ըստ մրցավայրում գտնվող մասնագետների, որոնք լուսաբանում են օլիմպիադան, առաջին տախտակի առջեւ հանդես եկած գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը իր ահեղ մրցակցին՝ Լյուբոեւիչին, ինչպես ասում են, հենց սկզբից առավ աքցանների մեջ ու հարավսլավացին 26-րդ քայլում կանգնեցրեց ժամացույցը։ Վերելքով խաղացին նաեւ մեր երիտասարդները՝ Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Նրանք հաղթեցին, համապատասխանաբար, Իվանիշեւիչին ու Կովաչեւիչին։ Ուրախացնող է հատկապես Գաբրիելի վաստակած միավորը։ Նա հանդես էր գալիս սեւ խաղաքարերով։ Այդ օրը մրցակցին իր հաշվարկում ընդամենը 0,5 միավոր գրանցելու հնարավորություն ընձեռեց միայն բազմափորձ Սմբատ Լպուտյանը, որը ոչ-ոքի խաղաց Դամլյանովիչի հետ։ Այսպիսով, 4 տուրից հետո վաստակելով 13.0 միավոր, Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ռուսաստանի եւ Լեհաստանի հետ միասին գլխավորում է օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը։ Երեկ մեր թիմի մրցակիցը հաղթողի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի ընտրանին էր։ Կանանց պայքարում մեր եռյակին լուրջ քննություն էր սպասվում Ռուսաստանի շախմատիստուհիների հետ մրցակցությունում։ Ու չնայած հայ աղջիկները պարտվեցին, սակայն 1.0։2.0 հաշիվը հուշում է, որ արժանապատիվ պայքար է ընթացել։ Երեկ կայացավ նաեւ կանանց հինգերորդ տուրը։ Հայաստանին սպասվում էր մի նոր փորձություն՝ այս անգամ Հունգարիայի հետ խաղում։ Այստեղ 9,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Չինաստանն ու ԱՄՆ-ն։ Հայաստանը 8.0 միավորով ութ երկրների հետ բաժանում է 14-21-րդ տեղերը՝ 94 թիմերի պայքարում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել