Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նոր սերունդը դաս է տալիս հներին

Հոկտեմբեր 31,2002 00:00

Նոր սերունդը դաս է տալիս հներին Հաճախ ուսուցիչն ինքն է դիմադրում, երբ աշակերտը փորձում է պաշտպանել իր իրավունքները, իսկ ծնողներն առօրյա կյանքում անգիտակցաբար բազմիցս ոտնահարում են երեխայի իրավունքները՝ դրանց մասին գաղափար անգամ չունենալով: Աճող սերունդը հավանաբար իր երեխաներին կդաստիարակի ավելի ճիշտ, քան մեզ դաստիարակել ու դաստիարակում են հիմա մեր ծնողները, որովհետեւ վերջիններս դպրոցում չեն անցել «Քաղաքացիական կրթություն», «Մարդու իրավունքներ», «Պետություն եւ իրավունք» առարկաները: Այս մասին իրենց անհանգստությունն արտահայտեցին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) երեւանյան գրասենյակը, «Հայաստանի պատանեկան նվաճումները» (ՀՊՆ) եւ «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը» (ՀՍԻԿ)՝ «Մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Երբ հիշյալ առարկայաշարը պետականորեն մտավ դպրոց, ՀՊՆ-ն երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերի համար վերապատրաստեց 3100 ուսուցիչ, իսկ 98-ից քաղաքացիական կրթության ասպարեզում եղած 320-330 ուսուցիչներից 46-ը վերապատրաստվել է ԱՄՆ-ում: ՀՍԻԿ-ը Մարդու իրավունքների մեկամյա դասընթացներ էր կազմակերպում դեռեւս 1996 թվականից, եւ ՀՊՆ ծրագրով արդեն վերապատրաստված ուսուցիչները մասնակցում են նաեւ ՀՍԻԿ-ի դասընթացներին: ՄԱԿ-ի ՀՏՎ-ն էլ այս երկու կազմակերպություններին տրամադրում է իր գրադարանը, ինչպես նաեւ՝ առարկան անցնող աշակերտների հետ կազմակերպում համառոտ ճանաչողական բնույթի դասախոսություններ, ցուցադրում ֆիլմեր: Այսպիսով, մասնագետների պնդմամբ, Հայաստանում արդեն ձեւավորվել է մարդու իրավունքների մասնագիտացված դպրոց, սակայն, դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց կլոր սեղանի մասնակից տնօրեններից մեկը, մեր երկրում չկա մի կառույց, որ վերականգնի մարդու խախտված որեւէ իրավունք: Եվ դրա համար հարկ է, որ ինքներս նախ ճանաչենք մեր իրավունքներն ու կարողանանք պաշտպանել դրանք: Ի դեպ, նման փորձերի օրինակներ բերվեցին հանրապետության տարբեր դպրոցներից: Մեծամորի թիվ 1 դպրոցի աշակերտներն՝ իմանալով իրենց շրջանավարտներից մեկի հետ բանակում կատարվածը (զենքին չտիրապետելու պատճառով նորակոչիկը վիրավորվել էր իր իսկ զենքից), դպրոցի տնօրենից պահանջել էին հատուկ դասեր կազմակերպել հրաձգարանում: Այժմ հրաձգարան են այցելում Մեծամորի 4 դպրոցի աշակերտներ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականներն էլ, պայքարելով իրենց՝ սովորելու իրավունքի համար, հրաժարվել են մասնակցել բերքահավաքին, որ նախատեսված է եղել կազմակերպել դասերի հաշվին: Նույն մարզի մեկ այլ դպրոցում էլ աշակերտները «համարձակություն են ունեցել» տնօրենի մոտ պաշտպանել իրենց արժանապատվությունը, երբ վերջինս միջոցառման ժամանակ կոպտորեն անջատել էր երաժշտությունը։ Հետաքրքիր է, որ աշակերտների այս «նվաճումների» մասին ուրախությամբ են խոսում ներկա ուսուցիչները, տնօրեններն ու կրթության ոլորտի շատ մասնագետներ։ Սակայն դեռ բարեփոխումների երկար ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի այս ամենն ընդունվի բոլոր ուսուցիչների կողմից։ Դրա համար թերեւս պետք է, որ վերապատրաստվեն բացառապես բոլոր ուսուցիչները եւ ոչ միայն իրավունք առարկայաշարը դասավանդողները։ Իսկ գուցե ծնողներն է՞լ վերապատրաստման դասընթացներ անցնեն եւ լրացնեն ժամանակին չուսումնասիրված հիշյալ առարկայաշարը։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել