Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԾԱԿՈՒՄ» ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ

Հոկտեմբեր 31,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ «ԾԱԿՈՒՄ» ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է հայտնի թուրքագետ, լրագրող, դիվանագետ Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մուրադ Բոջոլյանը մեղադրվում էր, որ հավաքագրվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից (Միլլի Իսթիբարաթ Թեշքիլաթի) եւ «վճարովի հիմքերով» համագործակցել մի շարք գործակալների, հաստիքային աշխատակիցների հետ։ Մուրադ Բոջոլյանը 1970 թվականից եղել է հաշվառված Անդրկովկասյան զինվորական օկրուգի օպերատիվ հետախուզության ստորաբաժանումներից մեկում, ստացել է հրամանատար-ռադիստի որակավորում, Թուրքիայի տարածքում ունեցել է «Զինդե» ծածկանունը, որը նշանակում է Քաջ։ Մուրադ Բոջոլյանը ձերբակալվել է 2002թ. հունվարի 27-ին, եւ նրա նկատմամբ, ինչպես տեղեկացրել էինք, խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Երեկ դատարան էր ներկայացել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության օպերատիվ աշխատակից Իվան Ղուկասովը, իսկ դատարան չներկայացած վկաներ Մահսում Բագոկ Ալիի, Յուսուֆ Սարուհան Հալաֆի, Մահամադ Կահրաման Ռամազանի ցուցմունքները հրապարակվեցին միայն այն պատճառով, որ Քրդական բանվորական կուսակցության անդամները բացակայում էին մեր հանրապետությունից։ Մուրադ Բոջոլյանը իր ցուցմունքները սկսեց 1970 թվականի գործունեությունից։ Ներկայացնելով կենսագրությունը, նա հայտնեց, որ իրենց ընտանիքը առաջին հայկական ընտանիքն էր, որը 1963թ. Թուրքիայից ներգաղթել է Հայաստան, եւ իրենց կյանքը ընդմիշտ կապել են Հայաստանի հետ։ Սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում եւ 1971թ. ընդգրկվել Սովետական Միության արտաքին հետախուզական կառույցներում՝ Թուրքիայի դեմ աշխատանքներ տանելու նպատակով։ «Այդ քայլին գնացել եմ կամավոր, ելնելով միայն իմ հայրենասիրական նկատառումներից»,- ասաց նա եւ հայտնեց, որ համագործակցելով հակահետախուզական կառույցների հետ, 20 տարիների ընթացքում իր մասին որեւէ մեկը, անգամ հարազատներից, չի իմացել. «Ես ձեռք էի բերել հետախույզի մի այնպիսի մակարդակ, որը թույլ էր տալիս կատարյալ անգիտության մեջ պահել իմ ամբողջ շրջապատը»։ Ի դեպ, Անդրկովկասի զինվորական օկրուգի օպերատիվ հետախուզության պետ Իվան Ղուկասովը հիացմունքով նկատեց, որ Մ. Բոջոլյանը եղել է մեծ հայրենասեր, հրաշալի գիտեր պետական գաղտնիության նորմերը, նվիրված հայրենասեր էր։ «Նա իրականում զգուշավոր էր, աշխատանքներում՝ ուշիմ, խիզախ, համարձակ»,- նշեց Ի. Ղուկասովը։ «Ամբաստանյալ» Բոջոլյանը հայտնեց նաեւ, որ Գիտությունների ակադեմիայի հրավերով 1972-ից մինչեւ 1991թ. աշխատել է Արեւելագիտության ինստիտուտում։ Ավարտել է Մոսկվայի ասպիրանտուրան, զբաղվել գիտական գործունեությամբ, ինչպես ինքն ասաց (ինչը հայտնի է նաեւ մեզ)՝ թուրքական պատմագիտական խեղաթյուրումների կապակցությամբ տպագրել բազմաթիվ հոդվածներ «Ցեղասպանության հանրագիտարանի» մեջ: 1995թ. երբ Ռուսաստանի Դաշնությունը քննարկում էր Հայոց ցեղասպանության հարցը, ՊԴ անդամներին բաժանվեց նրա թարգմանած՝ թուրք պատմաբանի «Թուրքական ազգային ինքնությունը եւ Հայկական հարցը» աշխատությունը։ Մ. Բոջոլյանը 1981-91թթ. աշխատել է Հայաստանի Հեռուստապետկոմում որպես հաղորդավար եւ թարգմանիչ, ինչպես ինքն ասաց, հաղորդումներն ունեցել են ուղղակի հակաթուրքական ուղղվածություն։ Աշխատել է Գերագույն խորհրդում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ իբրեւ գլխավոր փորձագետ, ապա եղել արտաքին գործերի նախարարության նորաստեղծ Թուրքիայի բաժնի պատասխանատու։ Այնուհետեւ ներկայացնելով իր գործունեությունը իբրեւ դիվանագետ, հայտնեց, որ 1992թ. աշնանը, երբ Հայաստանին սով էր սպառնում, իր համապատասխան աշխատանքի շնորհիվ 120 հազար տոննա հացահատիկ ներկրվեց Թուրքիայից, եւ այդ գործարքի արդյունքում փրկվեց նաեւ բանակը։ Ի դեպ, Թուրքիա էր գնացել Գագիկ Շահբազյանը (առեւտրի նախարար), հացամթերումների փոխնախարար Սամվել Ստեփանյանը եւ երկաթգծի հանգուցյալ պետ Համբարձում Ղանդիլյանը. «Նրանք կարող են վկայել, թե այդ երկու օրվա ընթացքում ես ինչպիսի ջանքեր եմ կիրառել ոչ միայն հացահատիկի պայմանագիրը կնքելու, այլեւ գինն իջեցնելու հարցում»։ Ի դեպ, սենսացիոն մի հայտարարություն արեց նա, հայտնելով, որ ստիպված է եղել պայմանագիրը ինքը ստորագրել, քանի որ հացամթերումների փոխնախարարը հրաժարվում էր առանց Երեւանի համաձայնության ստորագրել փաստաթղթի տակ։ Մուրադ Բոջոլյանը չթաքցրեց նաեւ իր դերը 1992թ. դեկտեմբերի 1-ից Թուրքիայից էլեկտրաէներգիա ստանալու նպատակով բանակցություններ վարելու եւ պայմանագիր կնքելու հարցում։ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորած պատվիրակության հետ նա մասնակցել է Սեւծովյան համագործակցության երկրների համաժողովի աշխատանքներին։ Առնչվել է թուրք լրագրողներ Մեհմեդ Ալի Բիրանդիի, Ջենք Բաշլամիշի, Թաշբինարի, Ներդուն Հաջի-օղլու հետ, որոնք 1990-ականներից եղել են Հայաստանում։ Հաջի-օղլին, որը «Հյուրիեթ» թերթի թղթակիցն էր, Հայաստան գալուց օգտվել է նաեւ «իրենց թերթի Երեւանի թղթակցի ծառայություններից։ 1992թ. «Հյուրիեթի» թղթակիցն էր լրագրող Տիգրան Նազարյանը»։ Ի դեպ, ներկայացնելով իր դիվանագիտական գործունեությունը, նա ասաց, որ աշխատել է ամեն ինչ անել, առանց վնասելու ՀՀ նվազագույն շահը։ Մի հետաքրքիր մանրամասն նա հայտնեց՝ 1993թ. գարնանը թուրքական հարձակման մասին, երբ թուրք լրագրող Բիրանդը, կապվելով Բոջոլյանի հետ, ասում է, որ ուղիղ եթերով հաղորդում է գնում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի կոնֆլիկտի մասին, եւ թուրքական զորքերի կուտակում է տեղի ունենում Հայաստանի սահմանների մոտ։ «Արդյոք դուք չե՞ք վախենում» հարցին նա պատասխանում է այսպես. «Չենք վախենում, որովհետեւ չափազանց հարգում ենք Թուրքիայի պրեզիդենտին եւ հիմք չունենք նրան չհավատալու։ Իսկ պրեզիդենտն իր ելույթում ասել էր՝ մենք Արաքսը չենք կարող անցնել, այնտեղ կգտնենք Կարմիր բանակը», ինչը մեծ աղմուկ է հետագայում բարձրացնում ազգայնական թերթերում Մ. Բոջոլյանի հասցեին։ Իմիջիայլոց, հիշողությունս եթե չի դավաճանում, դիվանագետին դատարանում այսօրինակ «ծակելը» անկախ Հայաստանում երկրորդ դեպքն է։ Իրանի դիվանագիտության ներկայացուցիչ Լեւոն Աբրահամյանին հակահետախույզ Աշոտ Խաչատրյանի հետ «վառեցին» Արաբկիր համայնքի դատարանում, պարկեշտություն չունենալով՝ այդ ամենն անվանելով դատաքննությանը մասնակցող իրանցիների աչքի առաջ։ «Ամբաստանյալի» ցուցմունքները կշարունակվեն գալիք երկուշաբթի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել