Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 31,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ Վարչապետն, իհարկե, մեղավոր չէ, որ մերձավորներ ունի։ Իր ամեն մի մերձավորի արածի համար, ըստ էության, պատասխանատու էլ չի, քանի դեռ նրանք վարչապետի անունն ու հեղինակությունն օգտագործելով, որոշակի անընդունելի քայլեր չեն արել։ Նման քայլերի անթույլատրելիությամբ առաջին հերթին հենց վարչապետն էլ պետք է որ շահագրգռված լինի։ Սույն հրապարակմամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունը հրավիրում ենք նման մի դեպքի վրա։ Խոսքը վարչապետի օգնական Գեւորգ Հակոբյանի, նրա տիկնոջ՝ Ադելաիդա Մարտիրոսյանի, աշխատակազմի նախկին ղեկավար Հրաչիկ Աբգարյանի եւ գործարար Նաիրա Նահապետյանի մասին է, որոնք «Առավոտի» խմբագրությունում առկա փաստաթղթերից, նյութերից, ինչպես նաեւ (ձայնագրված) տեղեկատուներից դատելով, չարաշահումներ են թույլ տվել եւ 2-3 տարի իր բիզնեսը ծավալող գործարարին խաղից դուրս վիճակում թողել։ Հիշյալ բիզնեսը ծավալված էր Ծաղկաձորում, կառավարության, նախկին սովմինի ամառանոցային տնտեսությունում։ Տնտեսությունը (լուսանկարում տես դրա մի փոքրիկ հատվածը) խոստովանենք, շատ գայթակղիչ է, դրա նկատմամբ հավակնություններ ունենալու համար։ Սակայն մինչեւ որոշակի հավակնությունների ի հայտ գալը, այնտեղ արդեն շուրջ 2 տարի իր բիզնեսն էր ծավալում «Շրջադարձ» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հայրապետյանը, որը ամառանոցային տնտեսությունը 5 տարով, պետությանը հարմար պայմաններով վարձակալելու պայմանագիր ուներ։ Հետո, ըստ Ա. Հայրապետյանի՝ «Կառավարությունից ինձ կանչեցին, թե ձեզ հետ ուրիշ բաժնետերեր պիտի միանան։ Ես չհամաձայնեցի։ Ասացին դու կլինես 51%-ի (հսկիչ փաթեթի) բաժնետեր։ Վերջը, շատ համոզելուց հետո ասացի՝ համաձայն եմ։ Բայց պետռեգիստրում հաստատվեց բաժնեմասերի 40, 40, 20 տոկոս հարաբերակցությամբ»։ Ինչպես հետո պարզեցինք պարոն Հայրապետյանից, «բանակցությունները» վարել է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, Էջմիածնում ընտրված քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը։ «Բանակցությունների» մասին այլ պատմություն արեց 20%-ի բաժնետեր Նաիրա Նահապետյանը, որը 2 ՀԷԿ-ի սեփականատեր է եւ գտել է, որ «ժառանգության լրիվ իրավասությունով» կարող է մտնել այս բիզնեսի մեջ, «քանի որ այս օբյեկտը սարքել է իմ հայրը։ Իմ հայրը եղել է մինիստրների խորհրդի 4-րդ վարչության պետի տեղակալը՝ Միհրան Նահապետյան»։ Հետո, իհարկե, պարզեցինք, որ խոսքը բարոյական իրավունքի մասին է, թե չէ այդպես ամեն մեկը կարող է ՍՍՀՄ-ի համար իր հոր սարքածը պահանջել։ Հետո «Արսենի հետ պայմանավորվեցինք, ասաց՝ արի մտիր գործի մեջ, որովհետեւ ես փող չունեմ»։ Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել, որ «Շրջադարձ» ՍՊԸ-ն բարեխիղճ վարձակալ է եղել, մուծել է բոլոր վարձերը, վճարել հարկերը։ Նաիրա Նահապետյանը հակառակ պնդումներն է անում, ինչպես նաեւ ներկայացնում վարձատուի նամակը, որով առաջարկվում է մինչեւ «ս.թ. (2002թ.- Ա. Ու.) ապրիլի 26-ը վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը եւ ներկայացնել պայմանագրով նախատեսված ներդրումների ժամանակացույցը»։ Մի փոքր ուշադրության պարագայում նկատում ենք, որ վարձավճարի հետ կապված այս խնդիրներն առաջացել են այն ժամանակից ի վեր, երբ կնքվել է վարձակալության երկրորդ պայմանագիրը եւ երբ «Շրջադարձը» համալրվել էր նոր բաժնետերերով՝ վարչապետի մերձավորներով. Ն. Նահապետյանով եւ Ա. Մարտիրոսյանով։ Իսկ տնօրենն արդեն Արսեն Հայրապետյանը չէր, այլ մեկ ուրիշ անձ (Դ. Ասատրյան)։ «Շրջադարձի» նախկին տիրոջ՝ Ա. Հայրապետյանի պնդումներով, «այդ ընկերությունը («Շրջադարձը») ոչ մի պարտք չի ունեցել, գերավճարով աշխատող տնտեսություն է եղել»։ Եվ տվյալ դեպքում հայտնի չէ, թե ընկերության 60%-ը տնօրինողներն ինչ տրամաբանությամբ են դժգոհում 40%-ի տիրոջ գործունեությունից, երբ նա վաղուց արդեն, կոպիտ ասած, այդ ընկերությունում հարց լուծող չէր։ Ավելին, մեկ հետաքրքիր հանգամանք եւս. վարչապետի մերձավորների՝ բիզնեսի մեջ մտնելուց հետո վարձակալության պայմանները նկատելիորեն մեղմացվել են ի վնաս պետության. 5 տարի ժամկետը դարձել է 29, իսկ վարձի չափը 10 հազար դոլարից իջել է 5 հազարի։ Հուսով ենք, վարչապետն իր ուսումնասիրությամբ սրա պատասխանն էլ կստանա։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկն անբարեխիղճ գործունեություն ծավալել է, ապա նոր բաժնետերերն ու վերոհիշյալ պաշտոնյաներն են դա արել։ Վերջիններս հետագայում լուծարել են պայմանագիրը (վարձավճարը չմուծելու հիմնավորմամբ), այնուհետեւ կնքվել է նորը՝ մեկ ուրիշ ընկերության հետ, որը գլխավորում է Ն. Նահապետյանը։ Պնդումներ կային այն մասին, որ Ա. Հայրապետյանը ներդրումներ չի արել այնտեղ, այլ դրանք նոր բաժնետերերն են արել։ Պնդումներ կան, բայց ոչ աուդիտ է անցկացվել, ոչ էլ այդ պնդումների վերաբերյալ փաստաթղթեր կան։ Մի ուշագրավ դիտարկում եւս. ըստ Ա. Հայրապետյանի, նոր վարձակալներն էլ այնտեղ ներդրումներ չեն անում, որպեսզի օբյեկտի գինն ընկնի եւ շահավետ պայմաններով հետագայում մասնավորեցնեն։ Այս խնդրի վերաբերյալ մի շարք մանրամասներ չենք ներկայացնում բացառապես ընթերցողին չծանրաբեռնելու համար, որոնք, սակայն (փաստաթղթեր, ուսումնասիրություններ), պատրաստ ենք տրամադրել վարչապետին, եթե խնդիրն ուսումնասիրելու եւ լուծելու պատրաստակամություն հայտնի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել