Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ

Հոկտեմբեր 31,2002 00:00

ԿԵՆՏՐՈՆԸ ՀՀՇ-Ի ԲԱՍՏԻՈՆԸ ՉԷՐ ՏԻՄ ընտրություններն էլ ՀՀՇ-ի համար «տրամպլին» չէին ՏԻՄ ընտրություններում Կենտրոնում ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանի փաստացի պարտությունը մասնավորապես իշխանամետ քարոզչամիջոցները գնահատեցին իբրեւ այդ կուսակցության վերջին բաստիոնի անկում: ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանի հետ զրույցից, սակայն, պարզվեց, որ այդ գնահատականները զգալիորեն չափազանցված են. «Կուսակցությունը երբեք Կենտրոնը «բաստիոն» կամ «աշտարակ» չի համարել: Ա.Զուրաբյանը երկու անգամ ընտրվել էր Կենտրոնի թաղապետ, իսկ այս անգամ պարտվեց: Կենտրոնում իշխանությունները հաղթեցին: Նրանք ունեն բավականին հզոր ֆինանսական, վարչական եւ մարդկային ռեսուրսներ: Չեմ ուզում ընտրախախտումներին անդրադառնալ, բայց փաստ է, որ իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց թեկնածուն այդ մակարդակի ընտրություններում կարող է, ոչ հեշտությամբ, բայց՝ հաղթել: ՏԻՄ ընտրություններում էլ կիրառվեցին ընտրական բոլոր տեխնոլոգիաները: Ասում էին, թե դրանք կիրառողը ՀՀՇ-ն է, բայց պարզվեց՝ ոչ, դրանում որեւէ բարդություն չկա եւ, եթե իշխանությունները ցանկանում են՝ կարողանում են հասնել այն արդյունքին, որին ձգտում են»: Բայց ընտրակեղծիքների տարատեսակ տեխնոլոգիաները կիրառվել են նաեւ «նախկինների» օրոք: «Նախկինների» օրոք ընդամենը 2 ընտրություն է եղել, որոնք որակվել են իբրեւ կեղծված ու բարդվել ՀՀՇ-ի վրա: Մեզնից հետո տեղի է ունեցել 3 ընտրություն՝ 98-2000թթ.»,- խայտառակ այդ ընտրությունները հիշեցրեց Տ.Հակոբյանը՝ ավելացնելով, որ «նախկին» իշխանությունները 96-ին այդչափ մեծ ձգտում չունեին իրենց անդամներով կամ թեկնածուներով համալրել ՏԻՄ-ը: «Կարող եք վերցնել 96-ի ՏԻՄ ընտրացուցակները եւ տեսնել, որ այն ժամանակ ՀՀՇ անդամ համայնքապետերի տոկոսն անհամեմատ քիչ էր, թեեւ ՀՀՇ-ն իշխանական լուրջ ռեսուրսներ ուներ»: Նրա պնդմամբ՝ ՏԻՄ բարեփոխումը «նախկինների» նախաձեռնությունն էր, որով նախընտրելի էր համարվում իշխանական ռեսուրսները գործ դնելով՝ սեփական թեկնածուին անցկացնելու փոխարեն՝ լեգիտիմացնել որեւէ կոնկրետ համայնքում բնակչության վստահությունը վայելող անհատի հեղինակությունը: «Այդ գաղափարն այս ընտրություններում կիրառվեց Կենտրոնում, Էջմիածնում, որտեղ իշխանությունների կամ ՀՀԿ-ի համար նրանց թեկնածուի հաղթանակը սկզբունքային էր»: Բայց այդ ձգտումը կարելի է բացատրել նաեւ այն մտայնությամբ, թե ՏԻՄ ընտրությունները, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության առումով, փորձաքար են առաջիկա ընտրությունների համար: Տ.Հակոբյանը համաձայնեց այս դիտարկմանը՝ ավելացնելով. «Երբ ֆինանսական եւ պետության վարչական ռեսուրսներն են մրցակցում, շատ դժվար է ասել, թե այդ պայքարում ով կհաղթի: Խնդիրն այն է, որ այս ընտրություններում ՀՀՇ-ն հզոր ֆինանսական ռեսուրսներ չուներ, որովհետեւ այսօրվա ՀՀՇ-ն համալրված չէ այն մարդկանցով, ովքեր, ինչպես ասում են՝ մեծ գումարներ դիզեցին շուկայական հարաբերությունների կայացման, սեփականաշնորհման ընթացքում»: Ըստ նրա՝ անտրամաբանական կլիներ, եթե ՀՀՇ-ն՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունենալով հանդերձ, բաց թողներ դրանք ներդնելու պատեհ առիթը՝ ընտրություններում հաղթելու համար. «Սա եւս ապացույց է, որ ՀՀՇ-ն այդ ֆինանսական ռեսուրսներն իրականում չունի»: Անդրադառնալով Ա.Զուրաբյանի ավելի քան 10 հազար ձայն ստանալու փաստին՝ ՀՀՇ վարչության անդամը նկատեց. «Դա Կենտրոնի թաղապետ Ա.Զուրաբյանի եւ ՀՀՇ-ի ստացած մաքուր ձայներն էր, ու թեեւ մենք սովոր չենք բարոյական հաղթանակներ տանել, բայց Ա.Զուրաբյանի ստացած ձայների քանակը մեզ գոհացնում է. նա իր մրցակիցների թվում միակն էր, որի անվան դիմաց նշված էր նրա կուսակցական պատկանելությունը՝ ՀՀՇ: Այսինքն. Կենտրոնում ավելի քան 10 հազար մարդ իր ձայնը գիտակցաբար տվել է Ա.Զուրաբյանին»: Այո, բայց նա արդյունքում պարտվեց: Արդյո՞ք դա նշանակում է նաեւ ՀՀՇ-ի՝ որպես քաղաքական ուժի, նրա գաղափարախոսության պարտություն, թե՞ պարտվողը թիմն էր: «Բոլորը միասին: ՀՀՇ-ն, ի դեպ, այսօր միակ կուսակցությունն է, որ պատասխանատու է ե՛ւ իր հաղթանակների, ե՛ւ պարտությունների կամ բացթողումների համար: Ես այդ պարտությունն էլ նորմալ եմ համարում. որտեղ կա քաղաքական պայքար, մրցակցություն՝ կարող ես ե՛ւ հաղթել, ե՛ւ պարտվել, ու դրանում ողբերգություն չեմ տեսնում ո՛չ կուսակցության, ո՛չ Ա.Զուրաբյանի թիմի համար»,-շեշտեց Տ.Հակոբյանը: Նա նաեւ հավաստիացրեց, թե ՀՀՇ-ն Կենտրոնի ընտրությունները «տրամպլին» կամ առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանք չի դիտարկել: Ըստ նրա՝ չի կարելի նաեւ ասել, թե ՀՀՇ-ն իր ողջ ներուժն ու ռեսուրսները ներդրել էր Կենտրոնի ընտրություններում: Առավել եւս՝ վտանգավոր է համեմատել եւ ասել, թե Կենտրոնում պարտությունը նշանակում է, որ ՀՀՇ-ն առաջիկա ընտրություններին մասնակցելու ռեսուրս չունի: Այդուհանդերձ, որքանո՞վ էր ՀՀ 1-ին նախագահի թեկնածության առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում պայմանավորված Ա.Զուրաբյանի ընտրվել-չընտրվելու հանգամանքով, ինչպես ներկայացվում է: «Մենք մեկը մյուսով չենք պայմանավորել: Հասարակական գիտակցության մեջ այդպես գնահատվում է, բայց դա նախ՝ այլ զրույցի թեմա է, երկրորդ՝ իմաստ կունենա դրա մասին խոսել, երբ հայտնի լինի, թե արդյո՞ք ՀՀ առաջին նախագահը մասնակցելու է առաջիկա ընտրություններին»,- վերջինիս շուրջ ստեղծված խորհրդավորությունը չխախտելով՝ նկատեց ՀՀՇ վարչության անդամ Տ.Հակոբյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել