Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՄԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 10 ՏԱՐԵԿԱՆ Է Այս կապակցությամբ զրուցեցինք ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկի հետ – Պրն Տկաչուկ, ի՞նչ տեղ է գրավում Ձեր բաժինը ՄԱԿ-ի բարդ կառույցում։ – Մենք ՄԱԿ-ի Քարտուղարության տեղեկատու ծառայությունն ենք։ Մեր բաժինը լայնորեն լուսաբանում է ՄԱԿ-ի նպատակները, խնդիրները եւ աշխատանքը։ Մենք այստեղ ստեղծել ենք լավ գրադարան, տեղեկություններ ենք հավաքում մեր բոլոր գործակալություններից եւ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից։ Մենք հաղորդակցման միջոց ենք Կենտրոնից՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից, Գլխավոր քարտուղարից եկող փաստաթղթերի, տարբեր տպագիր նյութերի (պլակատների, բրոշյուրների, զեկույցների) տարածման համար։ Ի դեպ, տեղեկատվությունը տարածվում է անմիջականորեն (պետական կառույցներին, ոչ պետական կազմակերպություններին, առանձին մարդկանց) ուղարկելով կամ տալով, ինչպես նաեւ մեր գրադարանի միջոցով։ – Բայց չէ՞ որ այն անհասանելի է… – Ոչ, այն միանգամայն հասանելի է, իհարկե, մենք առավել հոժարությամբ ընդառաջում ենք նրանց, ովքեր լրջորեն աշխատում են մեր նյութերով։ Ուրեմն գրադարանը, հետո կապը ԶԼՄ-ների հետ, ունենք նաեւ ՄԱԿ-ի 2 դեպոզիտար գրադարան Ազգային գրադարանում եւ Պետհամալսարանի գրադարանում։ Մեծ աշխատանք ենք տանում Հայաստանի մարզերի ուսուցիչների հետ. անցյալ տարի ընդունել ենք 300 ուսուցիչ, այս տարի՝ 500։ Մենք նրանց ներկայացնում ենք ՄԱԿ-ի գործունեությունը, նյութեր մարդու իրավունքների մասին։ Մասնավորապես, գոյություն ունի աշակերտների, ուսանողների, երիտասարդ մասնագետների համար նախատեսված ՄԱԿ-ի համակարգը մոդելավորող ծրագիր։ Մոդելավորվում է, օրինակ, Անվտանգության խորհրդի նիստը կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է մի երկիր, հարցեր են քննարկում, քվեարկում են, ընդունում փաստաթղթեր։ – Դրանով ձեւավորվում են բաց քննարկման սովորության, ուրիշի փաստարկը լսելու հատկություններ. դա ինձ էլ դուր կգար… – Այո։ ՄԱԿ-ի այս մոդելավորման ձեւը վաղուց է տարածված աշխարհով մեկ։ Եվ, վերջապես, մեր գլխավոր նվաճումը (ցույց է տալիս հաստափոր հատորը) ՄԱԿ-ի մասին հայերեն հրատարակված այս գիրքն է՝ «Basic Facts»- «Հիմնական փաստեր»։ – Իրոք մեծ նվաճում է։ Պատկերացնում եմ, ինչպիսի հիմնահարցեր, ինչպիսի դժվարություններ կան հենց միայն հայերեն թարգմանելու գործում… – Այո, այստեղ բարդությունները բազմաթիվ են. հայերենում դեռ չկա կայացած տերմինաբանական համապատասխան դաշտ, քանի որ այստեղ թարգմանվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք պետք է ունենան իրավաբանական ուժ։ – Շատ պատասխանատու գործ է։ Իսկ ո՞վ կարող է այստեղ փորձագետի դերում հանդես գալ։ Ո՞վ է որոշում, թարգմանությունը համազո՞ր է, թե՞ ոչ։ – Ունենք օգնականներ, խորհրդատուներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին աշխատակից, դիվանագետ եւ գիտնական պատմաբան, պրոֆ. Ա. Ա. Մկրտչյանը։ – Ուրեմն, այս հայերեն տարբերակը լույս է տեսել 2002 թվականին։ – Այո, այն բոլորովին նոր է, շնորհանդեսը դեռ չի եղել։ Այն լույս է տեսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաղորդակցման եւ հասարակական տեղեկատվության հարցերով տեղակալ Շաշի Տատուրի նախաբանով։ Անգլերեն տարբերակը լույս է տեսել 2000թ.։ – Է՞լ ինչ կարող եք ավելացնել Ձեր բաժնի աշխատանքի մասին։ – Կարծում եմ, առաջնահերթ խնդիրները պետք է բավարարեն 2 պահանջի՝ դրանք պետք է լինեն օգտավետ եւ իրագործելի։ Դրա համար էլ ես առաջնությունը տալիս եմ կրթական ծրագրերին։ Եթե ես ավելի շատ աշխատակիցներ ունենայի… – Իսկ քանի՞սն ունեք։ – Չորսը։ Եթե նրանք ավելի շատ լինեին, մենք ավելի մեծաթիվ մարդկանց հետ կարող էինք աշխատել։ Ուսուցիչներից բացի, մեզ հաճախակի են այցելում ուսանողները։ Նրանք հիմա անցնում են մի շարք նոր առարկաներ, որոնց համար համապատասխան նյութեր են հարկավոր։ Որոշ բուհերի ուսանողներ մեզ մոտ նաեւ գալիս են պրակտիկայի։ Երեւի տեղին կլինի ասել նաեւ մեր ֆիլմի մասին։ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության 10-ամյակի կապակցությամբ ֆիլմ է նկարահանվել մեր բոլոր գործակալությունների գործունեության մասին։ Ընդ որում, մեր բաժինը համաձայնեցրել է այս ամբողջ աշխատանքը։ Ֆիլմը ցուցադրվել է Հանրային հեռուստատեսությամբ, հոկտեմբերի 28-ին։ – Եվ վերջում, եթե չեք առարկում, այն հարցի շուրջ, որի մասին առաջներում մենք մի տեսակ ամաչում էինք խոսել, բայց որն իրոք շատ կարեւոր է՝ ՄԱԿ-ի բյուջեի մասին։ – Խոսենք. ՄԱԿ-ի բյուջեն ձեւավորվում է անդամ պետությունների մուծումներից։ ՀՀ-ն (ինչպես նաեւ այլ պետություններ), իր մուծումը կատարում է իր համախառն արտադրանքի համաձայն։ Դա կազմում է այժմ ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 0,006%-ը։ – Իսկ դա ի՞նչ գումար է կազմում։ – Մոտ 22 հազար դոլար։ Հիմա դա շա՞տ է, թե՞ քիչ, շահավե՞տ է, թե՞ ոչ։ Համեմատության համար ասեմ, որ «Հիմնական փաստեր» գրքի նախապատրաստելը եւ հրատարակելը մեզ արժեցավ 8 հազար դոլար։ Իսկ եթե վերցնենք մեծ ծրագրեր, ապա դրանց արժեքը հասնում է հարյուր հազարների։ Բայց սեփական ծրագրերի համար տարբեր գործակալություններ ձգտում են ներգրավել լրացուցիչ միջոցներ։ Ահա թե ինչու դոնոր երկրներին հետաքրքրելու համար անհրաժեշտ է լայն հասարակական տեղեկատվություն տարածել ապագա ծրագրերի մասին։ Զրույցը վարեց ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել