Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոմերիտմիության գաղափարները չեն հնանում

Հոկտեմբեր 30,2002 00:00

Կոմերիտմիության գաղափարները չեն հնանում Չեն հնանում նաեւ ՆԳ ավանդույթները «Ինչպես կոմունիստական կուսակցության գաղափարները, այնպես էլ կոմերիտմիության գաղափարները երբեք հին չեն եղել, այլ ընդհակառակը, միշտ արդիական են։ Իսկ Խորհրդային Միության փլուզումը ժամանակավոր նահանջ էր եւ մենք բոլոր միջոցներով պայքարելու եւ հասնելու ենք Խորհրդային Միության վերականգնմանը»,- կոչ էր անում Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 1-ին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։ Համամիութենական լենինյան կոմերիտմիության 84-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀԿԵՄ կազմակերպած չարտոնված երթը երեկ ձախողվեց։ Քաղաքապետարանն արգելել էր երթը, պատճառաբանելով, որ փողոցներում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ երթի անվտանգությունն ապահովելն անհնար է։ Կոմերիտմիության 84-ամյակը եւս մեկ առիթ էր իշխանություններին «ոչ» ասելու։ Երթը պետք է սկսվեր Բաղրամյան-Օրբելի խաչմերուկից եւ շարունակվեր մինչեւ Երգչախմբային ընկերություն, որտեղ պետք է տեղի ունենար համերգ։ Սակայն երթի համար նախատեսված ժամից 30-40 րոպե առաջ «անհայտ» անձինք ՀԿԵՄ 2-րդ քարտուղար Հովհաննես Մանուկյանին իր դրոշի հետ միասին տարան «անհայտ» ուղղությամբ։ Երջանիկ Ղազարյանը պնդում էր, որ իրենց աշխատակցին տարել են ներքին գործերի բաժին։ Ոստիկանության աշխատակիցները սկզբում հաստատեցին այս փաստը, իսկ հետո հերքեցին։ Չկայացած երթի ժամանակ տեղի ունեցող անախորժությունները պարզելու էր եկել նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը։ Սակայն նրան ակնհայտորեն չհաջողվեց որեւէ բան պարզել։ Երթին պետք է մասնակցեին նաեւ մարզերից ժամանած կոմերիտականներ, որոնց թույլ չտրվեց նույնիսկ ավտոբուսներից իջնել։ Կազմակերպության՝ անցյալ տարի անցկացրած երթից հետո, ցուցարարների հավաստմամբ, քաղաքապետարանից նրանց զգուշացրել էին, որ կզրկեն նման երթերի արտոնությունից։ Պատճառը երիտասարդ կոմերիտականների դժգոհությունն է իշխանություններից։ Չնայած զգուշացմանը, ցուցարարները այս անգամ եւս պատրաստվել էին կառավարության շենքի դիմաց պահանջել նախագահի հրաժարականը։ Այնուհետեւ հայտարարություններ եւ կոչեր էին պատրաստվել նաեւ Ամերիկայի դեսպանատան դիմաց տեղի ունենալիք ելույթի համար։ Հավաքի մասնակիցները նաեւ Իրաքի ժողովրդի հետ համերաշխության ակցիայի մասնակիցներն էին։ Վերջիններս պետք է արտահայտեին իրենց վճռական բողոքը ընդդեմ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վարած հարձակողական քաղաքականության, որն ուղղված է Պարսից ծոցում նոր պատերազմի սանձազերծմանը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել