Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՌՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՌՈ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնի պետ Արշակ Մանուկյանի, Ստեփանակերտի ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժանմունքի օպերլիազոր Արտակ Նիկողոսյանի, ՌՈ ուղեկցող դասակի ջոկի հրամանատար Հայկ Մկրտչյանի եւ ՌՈ բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունն ավարտվեց։ Այն անցյալ դեկտեմբերից ընթացավ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մարտին Կարապետյան)։ Որոշ դատական նիստեր հրավիրվեցին Նուբարաշենի թիվ 1 քրեակատարողական հիմնարկում, քանի որ Նոր Նորքի դատարանում միշտ չէր, որ ապահովված էր դատավարության մասնակիցների անվտանգությունը։ Ըստ մեղադրական եզրակացության, ՌՈ աշխատակիցները մեղադրվում էին զինծառայողներ Միշա Հարությունյանի, Կարեն Անտոնյանի, Գուրգեն Տավարածյանի, Երջանիկ Սարգսյանի նկատմամբ բռնություններ կիրառելու, «աշխատասենյակում պահած աքցանով» Ե. Սարգսյանի ձեռքերի եղունգները սեղմելու, առանձին դաժանությամբ զինծառայողներին մարմնական վնասվածքներ հասցնելու, պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Այս գործով կար 4 տուժող, դատակոչված վկաների թիվը 8-ն էր։ «Ձեր գնահատմամբ, մեղադրանքից զիջում չեղա՞վ» հարցով դիմեցինք մեղադրող Գագիկ Ավետիսյանին։ Վերջինս պատասխանեց. «Մեղադրական եզրակացությամբ ինչ մեղադրանք առաջադրված եղել է ամբաստանյալների գծով, ամբողջությամբ ներառնվել է դատավճռի մեջ եւ մեղադրանքն ամբողջ ծավալով պաշտպանվել է»։ – Ես նկատի ունեմ քրեաիրավական գնահատականը։ – Այս գործում ծանր հետեւանքի խնդիրը կար (հատկապես Քրօրի 268 հոդվածի Բ կետի հետ կապված)։ Այն լուրջ վիճաբանությունների առիթ դարձավ։ Մեր համոզմունքն այն էր, որ այդ «ծանր հետեւանքները» այս պարագայում բացակայում էին։ Դատական պրակտիկայում ընդունված է «ծանր հետեւանք» համարել ամենաքիչը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, մահ պատճառելը… – Չկայի՞ն այդ հանգամանքները։ – Չկային ըստ էության, որովհետեւ տուժողներից, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների, 3-ին պատճառվել էր թեթեւ մարմնական վնասվածք, մեկի վնասվածքի աստիճանն էլ որոշել հնարավոր չի եղել,- ասաց Գ. Ավետիսյանը,- բռնությունների փաստը, որպես այդպիսին, ամբողջությամբ հաստատված էր։ – Մեղադրական եզրակացության մեջ արձանագրվածը՝ «Այդ ընթացքում Երջանիկ Սարգսյանի ձեռքերը ետեւում, ձեռնաշղթա անցկացրած վիճակում, ոտքերով ու զինվորական մահակով հարվածներ են հասցրել նրա մարմնի մասերին, ոտքերով հարվածել են սրունքների առաջնային մասին, որոնք զուգորդվել են տեւական ֆիզիկական ցավ պատճառելու հետ։ Այնուհետեւ, հատկապես խոշտանգման նպատակով, աշխատասենյակում պահած աքցանով Ա. Մանուկյանը եւ նրա հանձնարարությամբ Ա. Նիկողոսյանը, Հ. Մկրտչյանն ու Ժ. Գրիգորյանը պարբերաբար սեղմել են ձեռքերի եղունգները, ապա գործադրելով առանձին դաժանություն՝ արյունազեղված եղունգների տակ ասեղ են մտցրել ու տանջել նրան, որից Ե. Սարգսյանը բազմիցս ուշաթափվել է», հետեւանք չի՞ թողել։ – Ինքնին եղունգները սեղմելը եւ այլն, ներառվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական լիազորությունների սահմանազանցման հետ։ Ըստ էության, եղունգները սեղմելը եւ մնացած վնասվածքները դասվել են առողջությունը կարճատեւ քայքայող թեթեւ վնասվածքների շարքին։ Հոկտեմբերի 9-ին 4 ամբաստանյալները ազատվեցին դատարանի դահլիճից, 3-ը դատապարտվեցին 3-ական տարի ազատազրկման եւ համաներման տակ «ընկան»։ Ա. Մանուկյանը՝ 3 տարի 6 ամիս ժամանակով։ Տեղեկացնենք, որ Ա. Մանուկյանը ձերբակալվել էր 28.08.2001թ., Հ. Մկրտչյանը՝ 19.09.2001թ., Ա. Նիկողոսյանը՝ 24.09. 2001թ., իսկ Մ. Մեջլումյանի նկատմամբ կիրառվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել