Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մի քանի առաջարկություն բանկային վերահսկողությանը

Հոկտեմբեր 30,2002 00:00

Մի քանի առաջարկություն բանկային վերահսկողությանը Բազմաթիվ երկրներում բանկային վերահսկողության կարեւորագույն գործիք է դառնում նախազգուշացման համակարգը, որը ուղղված է բացահայտել բանկային պրոբլեմները այն ժամանակահատվածում, երբ դրանք նոր են ի հայտ գալիս եւ դեռ լրջորեն չեն սպառնում բանկի կայունությանը: Համակարգի խնդիրն է պոտենցիալ ռիսկերը բացահայտել ծագման ժամանակաշրջանում եւ համապատասխան կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, թույլ չտալով պրոբլեմների խորացում: Դա բնական եւ տրամաբանական գործընթաց է, քանզի պրոբլեմներն ինչքան ուշ են բացահայտվում առեւտրային բանկում, այնքան թանկ գին է վճարում հասարակությունը այդ խնդիրները լուծելու համար: Նախազգուշացման համակարգը հիմնված է վիճակագրական մոդելների կիրառման վրա եւ թույլ է տալիս որոշակի հավանականությամբ կանխագուշակել կոնկրետ բանկում ոչ բարենպաստ միտումների զարգացումը: Այդ համակարգը կիրառող ոչ մի երկրում այն չի կարող 100 տոկոսով հաջողություն երաշխավորել: Այս առումով այդ բոլոր երկրներում այս համակարգն օգտագործվում է որպես վերահսկողական գործիքներից մեկը եւ կարող է տալ առավելագույն արդյունք միայն ավանդական վերահսկողական մեթոդների օգտագործման եւ զարգացման հետ համընթաց: Բանկային վերահսկողության ավանդական մեթոդներից եւ գործիքներից ամենակարեւորը մեր տեսանկյունից՝ տեղերում վերահսկողությունն է: Քանի որ թե ազգային, թե միջազգային բազմամյա փորձը ցույց է տալիս, որ որոշակի ռիսկերի բացահայտումը եւ գնահատումը հնարավոր է միայն բանկը ներսից ստուգելով: Սակայն բանկի վերստուգումը չի կարող լինել դիսկրետ գործողություն: Այն տրամաբանորեն տեղավորված է որոշակի տեխնոլոգիական գործընթացում, որը բաղկացած է նաեւ բանկի լիցենզավորման, գրանցման եւ փաստաթղթային վերահսկողության գործընթացներից: Փաստաթղթային վերահսկողությունը մշտական գործընթաց է, որի նպատակն է դրսից գնահատել բանկի ֆինանսական վիճակը, բացահայտել միտումները, ռեյտինգավորել բանկերը եւ որպես գործիքներից մեկը՝ կիրառել նախազգուշացման համակարգը: Փաստաթղթային վերահսկողությունն առաջին ուղեցույց տվողն է տեղերում վերահսկողություն անցկացնողներին: Վերջիններս իրենց հերթին փաստաթղթային վերահսկողության գործիքների կատարելագործմանն ուղղված որոշակի իմպուլսներ հաղորդողներ են: Որոշ խոշոր բանկային համակարգեր վերահսկող կառույցներում (խոշոր՝ թե քանակական, թե որակական առումով) կիրառում են կուրատորության (պատասխանատուների) ինստիտուտը: Կուրատորը այն անձն է, որը անձնական պատասխանատվություն է կրում մեկ կոնկրետ բանկի ողջ վերահսկողական գործընթացի համար: Դա լավ գաղափար է, սակայն առավելագույն արդյունավետ է խոշոր բանկային համակարգերում: Հայաստանի պարագայում, երբ շուկայում գործում է ընդամենը 28 բանկ, միջինը շուրջ 2 մլն եվրո կանոնադիր հիմնադրամով, երբ բավական սահմանափակ են բանկերի ակտիվային գործառնությունները, կարելի է բավարարվել մեկ պատասխանատուով՝ բանկային վերահսկողության կառույցի ղեկավարով: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել նորմալ մթնոլորտ, ապահովել ունակ մասնագետների հավաքագրում եւ ապահովել դրանց արդյունավետ վերարտադրությունը, ճիշտ կազմակերպել ողջ վերահսկողական գործընթացի տեխնոլոգիական շղթան, արդյունավետ կիրառել եւ կատարելագործել վերահսկողական գործիքները: Փորձը ցույց է տալիս, որ բանկերի, այդ թվում հայաստանյան բանկերի համար ամենավտանգավոր ռիսկը՝ վարկային ռիսկն է: Բանկային ռիսկը հավանականության որոշակի աստիճան է (գնահատական) այն մասին, որ բանկը կունենա կորուստներ: Կոնկրետ վարկային ռիսկը հավանականության աստիճան է, որ վարկը չի վերադառնա մասնակի կամ ամբողջությամբ: Գործնականում որոշ բանկեր ունեցել են պրոբլեմներ, առանձին դեպքերում բավականին լուրջ, այն պատճառով, որ վարկերը բանկից դուրս են եկել եւ «վերադարձել» բանկ, համալրելով կանոնադիր հիմնադրամը: Այսինքն այդպիսի վարկը ի սկզբանե եղել է կորուստ: Նման գործարքները առաջին հայացքից դժվար է բացահայտել, քանզի վարկի գումարը մի քանի պտույտ է անում, մինչեւ հայտնվում է նույն բանկի կանոնադիր հիմնադրամում: Սակայն եթե վերահսկողները լրջորեն զբաղվեն բանկի վարկային պորտֆելի ուսումնասիրությամբ, ապա գերակշռող դեպքերում կարելի է բացահայտել այդպիսի գործարքները։ Դրանց բնութագրող հատկանիշներն են՝ մեծ ծավալի միանգամյա վարկերի տրամադրումը, թղթակցային հաշիվներով կարճ ժամանակահատվածում ակտիվ գործողություններ կատարելը եւ այլն: Կապիտալի նման ուռճացումները կամ «փուչիկները» ի վերջո բերում են բանկի սնանկացմանը եւ ապակայունացնում ողջ բանկային համակարգը: Այստեղ ես կարեւորում եմ ոչ միայն նման դեպքերի բացահայտումը, այլ նաեւ օրենսդրական հստակ հնարավորությունը՝ բացահայտումից հետո անմիջապես չեղյալ համարել նման գործարքները եւ անմիջապես խնամակալություն նշանակել նման բանկերում: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել