Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻ «13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ»

Հոկտեմբեր 30,2002 00:00

ՄԵՂՐԻԻ «13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ» Մեղրեցին շատ հյուրասեր է։ Հյուրը մեղրեցու գլխի վրա տեղ ունի։ Մեղրեցին պարզապես չի կարող թույլ տալ, որ հյուրը դժգոհ հեռանա։ Հանրապետության հարավային դարպաս կոչվող այս տարածաշրջանը էականորեն տարբերվում է մյուս սահմանամերձ գոտիներից։ «Սոցիալական ծանր բեռ» կոչվածն այստեղ ծանրացած չէ մարդկանց ուսերին. այն հաղթահարելու հիմնական պայմաններից մեկը հարեւան Իրանի հետ գործող առեւտրատնտեսական հարաբերություններն են։ Չնայած թերթերն այստեղ 24 ժամ ուշացումով են հասնում, այնուամենայնիվ, ինչպես մեղրեցիներն են ասում՝ «Մեղրին աշխարհից կտրված չէ՝ աշխարհն է Մեղրիից կտրված»։ Մարդիկ այստեղ, ինչպես ասում են, բավականին «կարդացած» են, պարփակված չեն իրենց առօրյայով, այլ հետաքրքրվում են եւ հաղորդակից են «աշխարհի անցուդարձին»։ Ու իբրեւ հետեւություն, մեղրեցիները համոզված են, որ տարածաշրջանը բավականին բարենպաստ է ներդրումների համար։ Այդ գոտում արտադրությունների հիմնումը ոչ միայն «աշխարհին հնարավորություն կտա Մեղրիից չկտրվել», այլեւ, ապահովելով տարածաշրջանի զարգացումը, դրա արդյունքները բումերանգի նման կուղղվեն դեպի սկզբնաղբյուրը։ Ներդրումները խրախուսելու համար, սակայն, համապատասխան քարոզչություն չի ապահովվում։ Այսօր տարածաշրջանում հիմնական աշխատատեղեր ապահովողը Մեղրիի մաքսակետն է եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Բայց մաքսակետը եւ Մեղրու տարածաշրջանի հիմնական առեւտրային ձեռնարկությունները կարճեւանցիների (Կարճեւան գյուղի բնակիչների) «ձեռքին» են։ Մյուսներին բաժին է հասնում կոմբինատն իր 900 աշխատատեղով եւ մանր ձեռնարկատերերի սահմանափակ հնարավորությունները։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր, այսպես կոչված, ողջ արդյունաբերական հնարավորություններով սկսել է աշխատել 2002թ. ապրիլ ամսից։ Քաջարանում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կնքված համագործակցության պայմանագրի արդյունքում, այն այժմ աշխատում է Զանգեզուրի կոմբինատի մասնաճյուղի կամ դուստր ձեռնարկության կարգավիճակով՝ ամսական 35 հազար դրամ միջին աշխատավարձով։ Զանգեզուրի կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, սակայն, խոստացել էր, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ագարակի կոմբինատի աշխատակիցներն իրենց «լավ դրսեւորեն» (այսինքն, իր նախընտրած թեկնածուին ձայն տան), ապա հոկտեմբերի 1-ից 50%-ով աշխատավարձերը կբարձրացնի։ Իսկ կախված պլանային առաջադրանքների կատարումից՝ հունվարի 1-ից էլ 30%-ով կբարձրացնի աշխատավարձերը։ Այս ամենի արդյունքում, մեծապես արհամարհելով անհատի ազատ կողմնորոշվելու իրավունքը, կոմբինատի արհմիության նախագահ Արկադի Սարգսյանը, որը սեփական նախաձեռնությամբ սկսեց խոսել կոմբինատի աշխատանքների մասին, Մաքսիմ Հակոբյանին ներկայացրեց իբրեւ 13-րդ առաքյալ։ Եվ պատասխանելով մեր՝ կոմբինատի բուն արտադրական խնդիրներին առնչվող հարցերին, յուրաքանչյուր միտք սկսելուց առաջ եւ ավարտելուց հետո, սրբորեն կատարում էր իր առաքելությունը՝ անկախ ամեն ինչից կարեւորելով Մաքսիմ Հակոբյանի «տեղը, դերը եւ նշանակությունը»։ Իսկ առհասարակ, ըստ արհմիության նախագահի, կոմբինատի բոլոր արտադրամասերը վերանորոգվել են, միայն տեխնոլոգիական (հանքաքար տեղափոխող) տրանսպորտի բարելավելու խնդիր կա։ ԽՍՀՄ ժամանակներում կոմբինատն արտադրում էր 15- 16%-անոց պղնձի խտանյութ։ Դա այն ժամանակվա պահանջն էր։ Այսօր, սակայն, շուկայի պահանջարկին համապատասխան, արտադրվում է 26%-ից ավելի պղնձի խտանյութ եւ 48-50%-անոց մոլիբդենի խտանյութ։ Արտահանման եւ սպառման խնդիրներով զբաղվում է մայր՝ Զանգեզուրի կոմբինատը։ Նախկինում Ագարակի կոմբինատը հաջող համագործակցել է իրանական ընկերությունների հետ։ Այժմ, սակայն, վերջին խոսքի իրավունքը Մաքսիմ Հակոբյանինն է։ Իսկ Ագարակի կոմբինատի արհմիության նախագահի պարտականությունը՝ վերջինիս աստվածացնելն է, ինչի համար Արկադի Սարգսյանը ոչ միայն ջանք չէր խնայում, այլեւ կաշվից էր դուրս գալիս։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել