ԴԱՆԱՅԱԿԱՆ ՆՎԵՐ Ռուսաստանյան քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի հոդվածը, որտեղ վերջինս բավականին անսպասելիորեն իր աջակցությունն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին, լայնորեն մեկնաբանվում է մեր մամուլում: Իհարկե, լրագրողական պրոֆեսիոնալիզմը պահանջում է հետաքրքրվել, թե ինչպես է դրան վերաբերվում ինքը՝ առաջին նախագահը: Բայց դա, հայտնի պատճառներով, անհնարին է: ՀՀՇ-ն նույնպես, կարծես թե, չի ուզում անդրադառնալ պրն Վարդանյանի ասածներին: Այս պարագայում, չունենալով մյուս կողմի տեսակետը, մենք ազատ ենք մեր մեկնաբանություններում: Ինձ, օրինակ, թվում է, որ Արկադի Վարդանյանի աջակցությունը վարկաբեկիչ է Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի համար: Նախ՝ այն պատճառով, որ պրն Վարդանյանի հայացքները խիստ հակասության մեջ են հիշյալ քաղաքական հոսանքի գաղափարախոսության հետ: Նրա թե՛ հրապարակախոսական հոդվածներում, թե՛ բանավոր ելույթներում գերիշխում է ձախ պոպուլիզմը, իսկ արտաքին քաղաքական հայացքներում՝ հակաամերիկյան, գլոբալիզացիային հակառակվող, «հուդամասոնական դավադրությունը» խարազանող հայտարարությունները: Պե՞տք է այդպիսի «աջակցող» մեր ազատականներին: Նման համագործակցությունը փոքր-ինչ հիշեցնում է «լիբերալ» Բերեզովսկու եւ «ձախ հայրենասեր» Պրոխանովի փոխադարձ ռեւերանսները, որոնք հավասարապես վարկաբեկիչ էին թե՛ լիբերալների եւ թե՛ կոմունիստների համար: Բայց ամենակարեւորն այն է, որ պրն Վարդանյանի քաղաքական ծագումնաբանությունն ինձ համար, համենայն դեպս, մշուշապատ է: Որտեղից էր նա եկել, ուր է գնացել, որն էր նրա առաքելությունը՝ կարելի է միայն գուշակել: Ասենք՝ ենթադրել, որ որոշ ուժեր Ռուսաստանում ուզում էին մեզ ցույց տալ, որ կարելի է ծախսել ընդամենը 300 դոլար եւ գրեթե փոխել Հայաստանում իշխանությունը: Եթե հայաստանյան որեւէ ուժ պատրաստ է համագործակցել կասկածելի ծագումնաբանություն ունեցող գործչի հետ միայն այն պատճառով, որ նա «Քոչարյանին դեմ է», ապա դա, հավանաբար, չի բարձրացնում տվյալ ուժի հեղինակությունը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ