«Արարատը» վերածնվում է Մի պարծենա, գոռոզ Նադիր. Պատասխանեց էն հսկան, Գլխովը շատ ամպեր կանցնեն Սարը միշտ կա անսասան։ Հովհ. Թումանյան Նույնիսկ բոլշեւիկյան գաղափարախոսությունը չկարողացավ դիմադրել, ու Հրազդանի ափին, Շուստովի հանրահռչակ գործարանի տեղում կառուցված գործարանը կոչվեց «Արարատ»։ Ճշմարտության առաջ մեղանչելու պես մի բան էր։ Գործարանը հզորանում էր ու մեծանում օրեցօր։ Նրա հռչակը տարածվում էր աշխարհով մեկ՝ տանելով իր հետ հայոց հողի բույրն ու արեւի համը։ Գինին բոսոր էր մեր արյան պես, կոնյակը ասես մի ումպ արեւ՝ ցոլում էր բաժակի մեջ։ Ավելի՝ քան հարյուր տարվա պատմություն։ Ինչեր ասես որ չտեսավ, ինչ արհավիրքներ անցավ մեր լեռան պես կանգուն ու հարատեւ «Արարատը»։ Տասնամյակների բուռն զարգացումից հետո մի օր հանկարծ կաթվածահար եղավ։ Տնքաց։ Ճգնեց ու լռեց երկար։ Մաքսիմ Գորկու հանրահայտ խոսքերն ասես ճիշտ այս օրերի համար էր ասված. «Ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը, քան դուրս գալ «Արարատի» նկուղներից»։ Ու խմորվում էր նկուղների խորքում, թանձրանում ու հնանում էր լեգենդն Արարատի։ Ու որքան հնանում, այնքան եւ հասունանում էր ու երկնում գաղափարը վերածննդի։ Օրինաչափ երկունք, որն անխուսափելի էր։ Վերածնունդ, որ պիտի գար ասելու համար. «…Ողբամ մեռելոց, Կոչեմ ապրողաց, Բեկանեմ շանթեր…»։ Պիտի վերածնվեր, մեջքը ուղղեր ու գոչեր հուժկու իր բիբլիական նախահոր առաջ կանգնած ամուր ու անսասան, որ իր իսկ գոյությամբ եւ վերածննդով ջնջեր ամոթի կնիքը լռության մեջ ապրած օրերի։ Սասնա ծռի պես պիտի դուրս գար քառսուն գազ խորությամբ հորից, իր դռները բացեր ու բիբլիական փոշով շաղախված աստվածային բարիքը տաներ աշխարհով մեկ։ Ու փառք Աստծո, որ եկավ… Ու լույս վառվեց Արարատի գլխին. «… Առավոտ լուսո Արեգակն արդար …»: Ու նրա քարակուռ կամարների ներքո նորից պիտի եռա գինին հայոց, ու հոսի կոնյակը ոսկեթույր։ Ժրաջան մի եռուզեռ սկսվի նրա պատերից այս ու անդին, ինչպես Էրիվանի բերդի օրոք, երբ հայ մշակի քրտինքի արգասիքն այստեղ էր, որ գնահատվում էր արժանվույնս։ Ու թող տա Աստված, որ մի օր էլ կրկնվի այս պատերի տակ առաջին անգամ բեմադրված «Խելքից պատուհասը», այս անգամ արդեն՝ իրապես անկախ ու ազատագրված Հայաստանում։ R