Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերեւն՝ Աստված, ներքեւը՝ դու»

Հոկտեմբեր 30,2002 00:00

«Վերեւն՝ Աստված, ներքեւը՝ դու» Ռոբերտ Քոչարյանի այցելությունն Արարատի մարզ երեկ սահմանափակվեց Արտաշատով ու Վեդիով, նախագահի «ուղղակի չէինք հասցնի, մյուս անգամ կլինեմ» պատճառաբանությամբ։ Վերջին ամիսներին անցկացրած խիստ «մարզային» օրերից երեկվա օրը պետք է որ առանձնահատուկ լիներ՝ ի վերջո այս այցելության վայրը Վազգեն Սարգսյանի ծննդավայրն է, ու Արամ Սարգսյանի ազդեցության տակ գտնվող տարածքը, ուստի սպասելի էին նաեւ տհաճ միջադեպեր։ Բայց ամեն ինչ անցավ այնպես, ինչպես թելադրված ու ծրագրավորված էր։ Շարքային ոստիկանից մինչեւ շարքային իշխանավորը կազմ ու պատրաստ էին հետ մղելու կամ տեղում չեզոքացնելու հնարավոր բոլոր (թեկուզեւ՝ աննշան) բռնկումները։ Այդպես եղավ Վեդիում մի խեղճ տատիկի հետ, որն իր տան հոսանքազրկումից էր փորձում գանգատվել, բայց լրագրողներին համոզեցին «նա հոգեկան հիվանդ է» «դիագնոզով»։ Նույն Վեդիում Արցախյան պատերազմի մի խումբ I եւ II կարգի հաշմանդամ տղաներ փորձում էին նախագահին տեղեկացնել իրենց թշվառ վիճակի մասին։ 2-3 անգամ անհաջող փորձ արեցին՝ հենակներով կանգնելով նախագահի անցուղուն մոտիկ, բայց անտեսվեցին։ Թիկնեղ ոստիկաններն էլ հատուկ նպատակով փակում էին նրանց՝ հնարավորություն չտալով գոնե ձայնելու։ Ասացին նաեւ, որ իրենց (տղաներին) նախապես սպառնացել են, թե՝ «պադվալը կգցենք, եթե ձայն եք հանել»։ Այս եւ այլ միջադեպեր եթե հանենք, բնականաբար, արդյունքում կմնան Ռ. Քոչարյանի գալուց 2-3 ժամ առաջ պատրաստ կանգնած ու արեւի տակ «չիր» դարձած, փուչիկներով ու ծաղիկներով «զինված» փոքրերի ու մեծերի հոծ բազմությունը, աննկարագրելի «ռեւերանսներով» տեղական իշխանավորների ու գործարարների հաճոյակատար ժպիտները, ինչպես նաեւ՝ Վեդիում կազմակերպված Բերքի տոնի շարք-շարք սեղանները, որոնց վրայի ուտեստեղենը հավաքեցին անմիջապես նախագահի հեռանալուց հետո։ Արարատի մարզ այցելությունը նախագահը սկսեց Արտաշատ քաղաքից, որտեղ նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմքում տեղադրեց իրեն բաժին հասած Թադեւոս առաքյալի անվամբ քարը։ «Կեցցե մեր նախագահը»,- հանկարծ բղավեց մի կին (երեւի՝ հանպատրաստից), արժանանալով ներկաների ծիծաղին միայն։ Հետո մեր նախագահն այցելեց Արտաշատի պահածոների գործարան, այնուհետեւ ճանապարհվեց Վեդի՝ «Ոսկե աշուն» հանդիսությանը մասնակցելու։ Այցն ավարտվեց «Վեդի-Ալկո» ձեռնարկությունում։ Այսքանի արդյունքում, բնականաբար, հայտնաբերեց, որ «մարզի առաջխաղացումն ակնհայտ է, վերջին տարում 1400 նոր աշխատատեղ է բացված, վերամշակող գործարանների արտադրանքի ծավալն աճել է այնքան, որ հումքի դեֆիցիտ կա»։ Ուստի եւ՝ «երբ ես ասում եմ՝ Հայաստանն ունի այդ հնարավորությունը կայուն զարգացող երկիր դառնալու, սա դատարկ խոսքեր չէ, այլ իսկապես հիմնավորված ու հաշվարկված»։ Մենք փորձեցինք տեղեկանալ նաեւ մարզի խնդիրներից, ու պարզվեց, որ «հիմնական խնդիրը դա ջրամատակարարումն է, եւ ամեն մի համայնքում կային ավելի փոքր խնդիրներ, որոնց մի մասի լուծումը տալու ենք, որոշն էլ չեմ կարծում, որ անհրաժեշտ է քննարկենք»։ Այս մասին նախագահը տեղեկացել էր մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից։ Իսկ ի՞նչ խնդիրներ ուներ ժողովուրդն իր տպավորությամբ։ «Ժողովրդի հետ ամեն ինչ նորմալ է»,- պատասխանեց։ Ով լիներ՝ այդպես չասեր, երբ իր տեսած ու իր հետ շփված ժողովուրդը 2 գործարանների աշխատատեղ ունեցող մարդիկ էին, մեկ էլ՝ մի «ադե» Վեդիում, որին պատրաստել էին նախագահի առջեւ պար գալու եւ «վերեւն՝ Աստված, ներքեւը՝ դու, քեզ շա՜տ շնորհակալ ենք» ասելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել